Վարչապետի կողմից համաճարակի դեմ պայքարն ուղեկցվում է քաղաքացիներին անձնապես թիրախավորելով

article-image

Վերջին օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր  ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում էր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր՝ իբրև հակահամաճարակային միջոցառում: Նա քաղաքացիներին հորդորում էր, որ վերջիններս լուսանկարեն կամ տեսանկարահանեն նմանատիպ դեպքերը և ուղարկեն իր էջին: Լուսանկարներն ու տեսանկարահանումներն արվում էին առանց անձի իմացության և համաձայնության, անձի վերաբերյալ նրա անձնական տվյալների մշակումը նույնպես իրականացվում էր առանց անձի իմացության և համաձայնության, ինչի արդյունքում հնարավոր էր լինում բացահայտել և նույնականացնել անձին, երբ դրանք հայտնվում էին վարչապետի ֆեյսբուքյան էջում։

Փաշինյանի այս գործելաոճը նորություն չէ` հաշվի առնելով կորոնավիրուսի առաջին դեպքերից մեկի՝ էջմիածնեցի տիկնոջ վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը, որից հետո տիկինը դարձել էր ծաղրի և ատելության թիրախ:

Այժմ Փաշինյանը հրապարակում է նաև երեխաների լուսանկարներ, որոնց միջոցով հնարավոր է լինում նույնականացնել նրանց, քանի որ վերջիններիս դեմքերը փակված չեն։ Լուսանկարներին և տեսանյութերին կից Փաշինյանը գրում է նաև այդ երեխաների ուսումնական հաստատությունների անվանումները։ Մի շարք լուսանկարների և տեսանյութերի պարագայում հրապարակումից կարճ ժամանակ անց պարզ է դառնում, որ դրանք ժամանակավրեպ են և չեն կարող համարվել հակահամաճարակային կանոնների խախտում։

Հասկանանք, թե արդո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը իրավաչափ է, թե՞ ոչ։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում սահմանվում են սուբյեկտի տվյալների ստացման, հրապարակման և մշակման կարգը, սկզբունքները: Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է մշակել դրանք այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար: Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով: Մշակվող անձնական տվյալը պետք է լինի ամբողջական, ճշգրիտ, պարզ և հնարավորինս թարմացված: Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝  տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ օրենքներով նախատեսված դեպքերի, կամ մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:

Վարչապետի կողմից ընտրված նպատակը՝ համաճարակի դեմ պայքարը, ուղեկցվում է քաղաքացիների ինքնության բացահայտմամբ, ինչը պարարտ հող է ստեղծում ատելության մթնոլորտի ձևավորման և  քաղաքացուն անձնապես թիրախավորելու համար: Վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվում են դիմակ չկրող անհատները, տնտեսական գործունեություն իրականացնող հաստատությունների տարածքում գոյացած հերթերը: Եթե նպատակը հակահամաճարակային կանոնների համատարած պահպանումն է, ապա արդյո՞ք համաչափ և իրավաչափ է լուսանկարների և տեսանյութերի անձանց պատկերը հասարակության համար ճանաչելի դարձնելը, դա նպաստու՞մ է համաճարակի դեմ պայքարին, թե՞ ոտնահարում անձի արժանապատվությունը և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Հակահամաճարակային կանոնների պահպանման քարոզի իրականացումը և անձանց վերաբերմունքի փոփոխությանը հնարավոր կլինի հասնել ապանձնավորված ձևով՝ քողարկելով մարդկանց դեմքերը, այդպիսով՝ հասարակության ներսում թշնամանք և խռովություն սերմանելուց ձեռնպահ մնալով:

Մշակվող անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և հնարավորինս թարմացված: Վարչապետի կողմից հրապարակված որոշ լուսանկարներ և տեսանյութեր ժամանակավրեպ են, այսինքն՝ արվել են ավելի վաղ, քան Հայաստանում COVID-19-ի առաջին դեպքերի արձանագրումը: Արդյունքում ոտնահարվել է քաղաքացիների արժանապատվությունը, իսկ տնտեսվարողների դեպքում՝ գործարար բարի համբավը: Ի դեպ, այդ սուբյեկտներից հրապարակավ, հասցեական ներողություն և հերքում չի հրապարակվել, որով հնարավոր կլիներ այդ սուբյեկտների խախտված իրավունքները նվազագույն կերպով վերականգնել:

Անձնական տվյալները պետք է մշակվեն օրենքի պահանջների համապատասխան և անհրաժեշտ է տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Քաղաքացիների լուսանկարները և տեսանյութերն արվում են այլ քաղաքացիների կողմից առանց առաջինների համաձայնության: Լուսանկարները և տեսանյութերը հասանելի են դառնում անորոշ շրջանակի այլ անձանց համար: Ստացվում է, որ վարչապետի հորդորով այլոց կողմից և հետագայում վերջինիս կողմից, անձնական կյանքի անհամաչափ և չարդարացված միջամտություն է իրականացվում:

Առանձնահատուկ ուշադրություն է պետք հատկացնել երեխաների լուսանկարները՝ առանց անհրաժեշտ պաշտպանության միջոցների, առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հրապարակելուն: Երեխաները, ֆիզիկապես և հոգեպես հասուն չլինելով, ավելի շատ պաշտպանության կարիք ունեն, հետևաբար երեխան տարբեր իրավիճակներում հանդես է գալիս օրինական ներկայացուցչի հետ միասին: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ստացել է օրինական ներկայացուցիչներից համաձայնություն, որի հիման վրա կարող էր համացանցում՝ առանց երեխաների դեմքերը փակելու, որոշ դեպքերում ուսումնական հաստատության վայրը մատնանշելով, հրապարակեր լուսանկարները: Եթե այդպիսի համաձայնություն չկա, ապա բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ոտնահարվում է երեխայի լավագույն շահը և սպառնալիքի տակ է դնում վերջինիս անվտանգությունը (1, 2):

ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածն ամրագրում է մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք, իսկ ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի իրավունք, որին պետական մարմինները չեն կարող միջամտել, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Պետությունը և պետական մարմինները ոչ միայն պարտավորություն ունեն մասնավոր կյանքի իրավունքի իրացմանը չմիջամտելու, այլև պոզիտիվ պարտավորություն ունեն համապատասխան պաշտպանության միջոցներով և երաշխիքներով ապահովել տվյալ իրավունքի իրացումը: Այսինքն՝ մասնավոր կյանքի իրավունքը կարող է խախտվել ինչպես պետության և պետական մարմինների գործողություններով, այնպես էլ՝ անգործությամբ: Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ նախադեպային որոշումներում արձանագրել է, որ առանց անձի իմացության պատրաստած լուսանկարի հրապարակումը, գաղտնի տեսանկարահանումը ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների միջամտություն է: Այս համատեքստում ՀՀ վարչապետի կողմից ձեռնարկվել են ակտիվ գործողություններ՝ քաղաքացիների մասնավոր կյանքին միջամտելու համար, ինչը որևէ կերպ չի հիմնավորում համավարակի դեմ պայքարի հարցում անհրաժեշտությունը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ՝ Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք)»:

Ոչ կոմպետենտ շրջանակներից՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի կարծիքով` վերոնշյալ գործողություններում անձնական տվյալների խախտումներ չկան:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքացիներին հորդորել գաղտնի կերպով մարդկանց նկարել և ստացվածն իրեն ուղարկել: Ստացվում է, որ այս օրերին քաղաքացիները ոչ մի երաշխիք չունեն, որ «անակնկալ» կերպով կլուսանկարվեն և կհայտնվեն Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի էջում՝ ամոթանքի ենթարկվելով: Գաղտնի կերպով լուսանկարող կամ տեսանկարահանող քաղաքացին միգուցե այդ պահին չի պատկերացնում, որ խախտում է ուրիշի իրավունքը, բայց այդ խախտումները Հանրապետության վարչապետի համար տեսանելի՞ չեն, նա չգիտի՞, որ ուղղակի կերպով միջամտում է  քաղաքացիների մասնավոր կյանքին, թե՞ իմանալով հանդերձ` ողջունում է անօրինական գործողությունները և անձամբ է նախաձեռնում այդ ամենը: Ստացվում է՝ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, որ առանց իրենց համաձայնության չլուսանկարվեն և վարչապետի ու նրա կեղծ օգտահաշիվների թիրախում չհայտնվեն:

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն