Ապրիլյան քննիչ հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքները. ինչ միֆեր են կոտրվել, և ինչ է հայտնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

2019 թվականի մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն էր տարածել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի մասին:

Ըստ էության, հանձնաժողովի անդամների կազմը նույնն էր, ինչ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինը: Հանձնաժողովը գլխավորում էր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ որոշ հարցեր պարզաբանելու մասին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ «հասունացել է ժամանակը Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:

Մոտ մեկ տարվա գործունեության ընթացքում ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվեցին և ներակայացան 2016 թվականին կարևոր պաշտոնատար անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ գլխավոր գործող անձինք:

Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, որ հրաժարվել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին: Նա հայտարարել էր, որ ոչինչ չունի ասելու:

Պետք է նշել, որ տարիներ շարունակ Ապրիլյան պատերազմի ընթացքի, բանակի սպառազինության և ապահովվածության մասին մշտապես տարբեր խոսակցություններ են եղել, որոնցով փորձ էր արվում նվազեցնել Քառօրյա պատերազմում մեր հաղթանակը:

Այդ «խոսակցությունների» առաջամարտիկներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր: Հենց նա էր պնդում, որ ռազմական գործողությունները հրահրվել են Ռուսաստանի կողմից, տուրք էր տալիս այն կարծիքներին, իբրև թե զինվորները զենք, սնունդ, վառելիք չեն ունեցել, այն անորակ է եղել, զինվորները բահերով են կռվել, կամ այդ ժամանակամիջոցում այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը բիլիարդ էր խաղում, 800 հեկտար տարածք ենք կորցրել և այլն:

Սակայն ինչպես պարզվում է, Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի նիստերի ընթացքում այս միֆերը հերթականությամբ փշրվել են:

Ապրիլյան ռազմական գործողությունների բոլոր հանգամանքների վերհանման ջատագով Անդրանիկ Քոչարյանը և իր թիմակիցները արդեն սկսում են խոսել լրիվ այլ իրականության մասին:

Մասնավորապես, բազմաթիվ հարցազրույցներում Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի մնացած անդամները փաստում են.

  • Զինամթերքի և սնունդի հետ կապված շահարկումները չեն հաստատվել:
  • Այն պնդումը, թե «փամփուշտ չի եղել, մեր զինվորները բահերով են կռվել», դարձյալ չի համապատասխանում իրականությանը:

Միֆ 1. վառելիք չկա կամ անորակ է, իսկ զինվորները առաջնագծում սոված են մնացել

Ինչ վերաբերվում է վառելիքի սակավության կամ անորակության խնդրին, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ խնդիրը քննարկել են ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ, և նրա փաստարկները համոզիչ են եղել: Ավելին, դիրքերում սպառազինության և սննդամթերքի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել:

Եվս մեկ կարևոր դրվագ. Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախկինում հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի օրերին զինվորականները անորակ վառելիք են օգտագործել: Այս հարցի պատասխանը, ըստ Անդրանիկ քոչարյանի ևս տրվել է: Հանրային հեռուստաընկերության եթերում Քոչարյանը հայտնել է, որ հանձանաժողովը ուսումնասիրել է նաև այդ դրվագը` մինչև Կարեն Կարապետյանին լսելը` սկսած դիրքերից` վերջացրած պաշտպանության բանակի հրամանատարի տեսակետով, ուսումնասիրելով փաստաթղթերով: Հանձնաժողովում Կարեն Կարապետյանը հայտնել է, որ իր այդ հայտարարությունից հետո չի հետաքրքրվել այդ հարցի առնչությամբ: Ուստի այս պնդումը ևս չի համապատասխանել իրականությանը:

Միֆ 2.  «800 հեկտարի կորուստը»

Ինչ վերաբերում է տարածքային կորուստներին, ապա այս պարագայում Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ տարբեր հաշվարկներ կան. այն 400 հեկտա՞ր է եղել, թե՞ 800: Ստացել են նաև Լևոն Մնացականյանի պատասխանը: «Նա այդ չափումներն իրականացնելու իր մեթոդոլոգիան ունի: 400, 800, ավելի քիչ, ավելի շատ. դա չէ խնդիրը: Ապրիլյան պատերազմի ամբողջ ուսումնասիրման խնդիրը այնէ, որ մեր անվտանգության համակարգը պետք է չթուլանա, պետք է ուժեղանա», - հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը,- «Ես չեմ կարևորել տարածքային փոփոխությունների տարածքային քանակական մասը: Մեզ համար շատ կարևոր է եղել. հակառակորդը ինչ խնդիր կարողացավ լուծել և մենք ինչքանով կարողացանք պաշտպանել 1994թ.-ով հաստատված այդ անվտանգության գոտու անձեռնմխելիությունը»:

Հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանը հայտարարել էր, որ տարածքի կորուստը եղել է «մինչև 400 հեկտար»:

Քննիչ հանձնաժողովի անդամները անդրադարձել են նաև Յուրի Խաչատուրովի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին: Հանձնաժողովի անդամներից Տիգրան Կարապետյանը նշում է, որ այդ հարցի պատասխանը նրանք տարբեր աղբյուրներից ստացել են, նաև այն մարդկանցից, որոնք այդ ժամանակ եղել են կառավարման կենտրոնում: Իսկ հանձնաժողովի մյուս անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել էր, որ «այդ դրվագը իրոք մտացածին է»:

Լևոն Մնացականյանը նաև խոսել էր պատերազմական գործողությունների զոհերի թվի մասին. 2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող է եղել:

Տարածքային կորստի մասին առաջինը բարձրաձայնող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ասել էր, որ կորուստը կազմում է «800 հեկտար», 5-րդ ալիքի եթերում ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, հայտարարել է, որ այդ օրերին հայկական կողմը կորցրել է 400 հեկտարից էլ քիչ տարածք։

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 800 հա տարածքի կորստի մասին առաջինն ինքն է խոսել Վիեննայից վերադառնալիս՝ ինքնաթիռում, և չի ափսոսում դրա համար։

«Ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ինչո՞ւ եմ այդպես ասել․․․ Այդ օրերին, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում այն մասին, որ ադրբեջանցիները գրավել են Թալիշը, արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Ոոմանք ինչ-որ նկարահանումներ էին հրապարակում, ինչ-որ հաշվարկներ անում․․․ Դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականում կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Ցավոք սրտի, գրանտներով սնվող շատ լրատվամիջոցներ, անհատներ սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականությունն այլ էր», - ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Միֆ 3. Մոսկովյան պայմանավորվածություններ

Մեկ այլ միֆ էր, այն, թե ինչ է վերջապես պայմանավորվել Յուրի Խաչատուրովը Մոսկվայում, և արդյո՞ք որևէ փաստաթուղթ է ստորագրել: Հարցազրույցներից մեկում քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը փաստում է. 2016 թվականի ապրիլի 5-ին Յուրի Խաչատուրովը ոչինչ չի ստորագրել, եղել են բանավոր պայմանավորվածություններ` կրակը դադարեցնելու վերաբերյալ: Միակ փաստաթողթը մնում է 1994թ. մայիսի 12-ին ստորագրված հրադադարի պայմանագիրն է եղել: 

Միֆ 4. Յուրի Խաչատուրովը ռազմական գործողությունների մեկնարկի պահին բիլիարդ է խաղացել

Քննիչ հանձնաժողովի անդամները անդրադարձել են նաև Յուրի Խաչատուրովի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին: Հանձնաժողովի անդամներից Տիգրան Կարապետյանը նշում է, որ այդ հարցի պատասխանը նրանք տարբեր աղբյուրներից ստացել են, նաև այն մարդկանցից, որոնք այդ ժամանակ եղել են կառավարման կենտրոնում: Իսկ հանձնաժողովի մյուս անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել էր, որ «այդ դրվագը իրոք մտացածին է»:

Միֆ 5.  Մենք պարտվել ենք Ապրիլյան քառօրյա պատերազմում 

«Առաջնագծի մեր զինվորները, Պաշտպանության բանակի հրամանատարությունը իրենց առաջ դրված մարտական խնդիրը լուծել են` անկախ ամեն ինչից», - հայտարարել է հանձանաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև փաստում է. տարիներ շարունակ հասարակության մոտ ամրացած է եղել այն մտայնությունը, թե «առաջնագծում մեր զինվորները միայնակ են եղել: Այսինքն` պետություն գոյություն չի ունեցել»: Սակայն «առաջնագծի մեր զինվորը կերտել է իր հերոսապատումը: Եվ այդ զինվորին ղեկավարած հրամկազմն է կերտել դա»:

Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ` իրենց համար կարևոր է եղել հասկանալ, թե պետություն-բանակ-զինվոր շղթան ինչքանով է կանոնակարգված:

Այնուամենայնիվ, Անդրանիկ Քոչարյանը խոստանում է որոշակի բացահայտումներ անել աշնանը, երբ կհրապարակվի քննիչ հանձնաժողովի զեկույցը. «ինչով սկսվեց Ապրիլյան ավանտյուրան հակառակորդի կողմից, ինչ նպատակներ էին դրված, ինչքանով հաջողվեց նրանց լուծել այդ խնդիրը, և ինչքանով էին պատրաստ մեր զինված ուժերը կանխելու նմանատիպ ավանտյուրաները, իսկ ինչ տեղի ունեցավ բանակցային գործընթացում ամբողջության մեջ, որը առնչվում է նաև 1994 թվականի զինադադարի պայմանագրի և նրա տակ տեղադրված արձանագրության մեջ»:

Պետք է փաստել. նախկինում շրջանառված վարկածները, որոնք տարածում էին նաև այն ժամանակվա ընդդիմադիրները և ներկայիս պաշտոնյաները, քննությանը չեն դիմանում և հիմնովին մերժվում են: Հուսով ենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա բազմաթիվ հարցերի, այդ թվում նաև` ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերի համարժեք պատասխանը:

 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն