Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «ֆեյքերի» ֆաբրիկայի հիմնական կուռատորներից Տարոն Չախոյանը դարձյալ հիշել էր 2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովին:
Կարելի է նկատել, որ ՀՀ երրորդ նախագահի այս հարցազրույցը իշխանական գործիչները` վարչապետի գլխավորությամբ, չափից շատ են հավանել և անընդհատ մեջբերում են Սերժ Սարգսյանի մտքերը այդ հարցազրույցից: Իր ղեկավարին այս անգամ փոխարինում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Հերթական պրոպագանդիստական գրառման մեջ Չախոյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին, որ վերջինս հարցազրույցում նշել է, թե «տարածքային ամբողջականության հարցը վերաբերում է երկու պետությունների միջև ունեցած հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը մայրաքաղաքի և այն ժողովրդի միջև է, որը ապրում է իր պատմական հայրենիքում»:
Չախոյանն էլ հանճարեղ եզրակացության է հանգում. «2016-ին Սերժ Սարգսյանը Արցախի հայության մայրաքաղաքը, որտեղ կենտրոնացված էր իշխանությունը, համարում էր Բաքուն, որի հետ Արցախի հայությունը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով պետք է պարզեր հարաբերությունները»: Պետք է նշել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի այս միտքը ամբողջությամբ հրապարակվել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքում:
Առաջին հայացքից նորմալ նախադասություն համարվող այս միտքը ստորագույն մանիպուլյացիա է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից թեկուզ փոքր գիտելիքներ ունեցող մարդը այս նախադասությունը կարդալիս առնվազն կծիծաղի Չախոյանի անգրագիտության վրա:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին համաձայն «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):
«Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով»:
Պարզ է դառնում, որ Խորհրդային Ադրբեջանում ինքնավարություն ունեցող ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի հայությունը իր անկախությունը հռչակել է համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքի, ուստի առնվազն անհասկանալի է, թե ինչի վրա է հիմնվում կամ ինչում է մեղադրում իշխանական քարոզչամեքենայի կարկառուն դեմքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը Դմիտրի Կիսելյովին հանգամանալից բացատրում էր Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հիմա հանդիսացող սկզբունքներից երկուսի` տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման տարբերությունը և դրանց կիրառելիության սահմանները:
Լավ կլիներ, որ Տարեն Չախոյանը իր քաղաքական առաջնորդից հարցներ, թե որն է այսօր հայկական իշխանությունների առաջնահերթությունը, արդյո՞ք նրանք ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, թե՞ առավելապես հակված են ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ոչ մի աղերս չունի Արցախի հետ:
Աղբյուր` AntiFake.am