Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն արձագանքել են ԱԱԾ հրապարակած տեսանյութում իրենց անվանն առնչվող փաստաթղթերին

article-image

Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր տարածել, որում ներկայացվում էր, որ «բացահայտվել են 2017 թ. ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր»:

Տեսանյութում ներկայացվում էին տեսարաններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկությունից: Տեսանյութում նաև պարզ երևում էին որոշ թղթեր, որոնք ենթադրաբար գրված և ստորագրված էին կուսակցության և ԱԺ խմբակցության պատգամավորների կողմից:

Սակայն տեսանյութի հրապարակումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հերքել են տեսանյութում երևող փաստաթղթերի գոյությունը:

Մասնավորապես, խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն իր հայտարարությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և հայտարարել. «համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրև թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Բագրատյանը հայցադիմումով դիմելու է դատարան:

Տեսանյութի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև խմբակցության անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:  Պատգամավորը նշել է. «Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ֊ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ՝ 2017 թվականին չի եղել "Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակ", ինչպես գրված է գրության մեջ, այլ եղել է "Ծառուկյան դաշինք"֊ի ցուցակ, որի կազմում եղել եմ, որպես դաշինքի մաս հանդիսացող Ալյանս կուսակցության նախագահ։ Հորդորում եմ ԱԱԾ֊ին արագ վերացնել և հերքել տեսանյությից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը։ Իսկ նշյալ գրության մեջ մասնավորապես գրված խոսքերը առիթն օգտագործելով նորից կրկնում եմ՝ պարտավորվում եմ պատվով աշխատել թիմիս, կուսակցությանս ու Հայրենիքիս առաջընթացի համար անմնացորդ ձևով, ինչն էլ միշտ արել եմ»:

Մեզ հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ հորդորում է ԱԱԾ-ին վերացնել և հերքել տեսանյութում առկա դրվագը, հակառակ դեպքում` պատգամավորը չբացառեց նաև իրավապահ մարմիններին դիմելու հնարավորությունը: 

Իր հերթին վերոնշյալ դրվագները հերքել է նաև պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նշել է, որ տարածվող դրվագը էժանագին ապատեղեկատվություն է. «Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորի` Նապոլեոն Ազիզյանի հետ, որի անունը ևս շոշափվում էր տեսանյութում, չհաջողվեց կապվել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ երեկվա գործողություններից հետո արդեն այսօր Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն