«Ուրվական» գործարանի հետքերով. պարզաբանում

article-image

Ապրիլի 18-ին AntiFake.am կայքը հրապարակել էր «Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի» վերնագրով ուսումնասիրություն։

Սրան ի պատասխան` hraparak.am կայքում հրապարկվել է «Պարզաբանում antifake.am-ի նյութին» վերնագրով նյութը, որում նշվում է, որ AntiFake.am-ի՝ ընկերության վերաբերյալ հոդվածում ներկայացված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը։

Ընկերությունը ներկայացրել է մի քանի փաստաթղթեր, որոնց միջոցով փորձել է ցույց տալ, որ ընկերությունը գործում է՝ չներկայացնելով որևէ փաստ, որով հիմնավորվում է, որ «Այ էմ ջի գրուփ» ՓԲԸ-ի կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանը գործում է Մերձավան համայնքում։

Եվ այսպես. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ նշված է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը»։

  1. ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական կայքում առկա է մեկ տվյալ «Այ Էմ Ջի» անվանումով կազմակերպության վերաբերյալ, որն ակնհայտորեն հոդվածում քննարկվող ընկերությունը չէ։ Այլ տեղեկատվություն «Այ Էմ Ջի» անվամբ ընկերության վերաբերյալ պաշտոնական կայքում առկա չէ։ Ստացվում է, որ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ սխալ է նշված այն կազմակերպության անվանումը, որի բացմանը ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։
  2. Տեղեկատվական որևէ համակարգում որևէ տեղեկատվություն Մերձավան հայանքում գործող որևէ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի մասին առկա չէ. ոչ՛ կոնտակտային տվյալներ, ոչ՛ գործունեություն ծավալելու վերաբերյալ, ոչ էլ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություններ։
  3. Մերձավան համայնքապետարանի աշխատակիցը AntiFake.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ վերջերս բացված կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանը չի գործում, ուստի որևէ տեղեկատվություն կամ կոնտակտային տվյալ չի կարող փոխանցել։ Այն հարցին, թե որոնք են գործարանի չգործելու պատճառները, համայնքապետարանի աշխատակիցը նշել է, որ դա ամենայն հավանականությամբ եղել է տնօրենի կամ հիմնադիրների որոշումը։
  4. Բացի այդ, Մերձավանի մեր աղբյուրները ևս պնդում են, որ Մերձավան համայնքում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան չի գործում։
  5. AntiFake.am-ը կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ գոյություն ունի «Ինթերնեշնլ մանուֆաքչերինգ գրուպ» ՓԲԸ անվանումով ընկերություն, սակայն հարցական է մնում, թե որտեղ է ընկերությունն արտադրում իր տեխնիկան։ Ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք «ուրվական» գործարանի հետ, քանի որ ո՛չ համայնքապետարանի աշխատակիցները, ո՛չ էլ Մերձավան համայնքի բնակիչները տեղյակ չեն այդպիսի գործարանի գոյության մասին։ Ի դեպ, վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ դեռևս դեկտեմբերի 5-ին նշվել էր, որ սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ։ Ենթադրվում է, որ սկզբնական փուլը վերաբերվում է մինչև այս պահն ընկած ժամանակահատվածին, ենթադրվում է նաև, որ 70-80 աշխատակիցները պետք է ներգրավվեին Մերձավան համայնքի բնակիչներից։ Սակայն ևս մեկ անգամ նշենք, որ ո՛չ համայնքապետարանի աշխատակիցները, ո՛չ էլ Մերձավան համայնքի բնակիչները տեղյակ չեն այդպիսի գործարանի գոյության մասին։
  6. Մեր նյութին ի պատասխան ներկայացված պարզաբանման մեջ նաև նշված է. «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում /կից ներկայացնում ենք համացանցում խանութի կողմից ապրանքանիշի գովազդը/։ Քանի որ նյութի մեջ գովազդի վերաբերյալ կցված որևէ փաստաթուղթկամ հղում առկա չէր, այս տեղեկատվությունը ճշտելու համար AntiFake.am-ի լրագրողը զանգահարեց «Էլդորադո» խանութների ցանց։ Այն հարցին, թե արդյոք իրենց մոտ ներկայացված են այդ ընկերությանապրանքները, աշխատակիցը պատասխանեց, որ իրենց մոտ ներկայացված չեն նման ապրանքներ։ Եվս մեկ անգամ ճշտում կատարելու համար աշխատակցի համար բառացի ընթերցեցինք այն, ինչ գրված էր պարզաբանման մեջ, որին ի պատասխան՝ աշխատակիցը պնդեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նման ապրանքներ այս պահին իրենց մոտ ներկայացված չեն։

Հետաքրքիր է, որ «Ինթերնեշնլ մանուֆաքչերինգ գրուպ» ՓԲԸ-ն ապատեղեկատվություն չտարածելու կոչ է անում, սակայն ինքն է ապատեղեկատվություն տարածում։

Այսպիսով, չնայած նրան, AntiFake.am-ի նյութին ի պատասխան պարզաբանում է ներկայացվել այն մասին, որ «Ինթերնեշնլ մանուֆաքչերինգ գրուպ» ՓԲԸ-ն ունի պետական գրանցում և գործում է, այնուամենայնիվ՝ պարզաբանման մեջ ներկայացված չէ որևէ փաստ, որը կվկայի, որ Մերձավան համայնքում գործում է «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանը, այն գործարանը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետգրություն. Կոչ ենք անում ՀՀ վարչապետի լրատվության, հանրային կապերի և տեղեկատվության գործառույթներ իրականացնող մարմնին վարչապետի պաշտոնական կայքում տեղադրել ճշտված, ստույգ և հիմնավոր տեղեկատվություն՝ լրատվամիջոցներին իրենց գործունեությունն իրականացնելիս անհարկի անհարմարություններ չպատճառելու համար։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն