Նիկոլ Փաշինյանը վերջապես գլխի ընկավ, որ Ալիևը կառուցողական չէ. Փաշինյանի նախկին և ներկա հայտարարությունները

article-image

Հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել կառուցողական մոտեցում ցուցաբերել և համաձայնել իր այն բանաձևի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Իմ կոչը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ուրիշ բանաձև չկա»,- ասել է Փաշինյանը:

Նույն կոչը Փաշինյանը նաև արել է հունիսի 18-ին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսի ընթացքում:

Այսօր էլ Արցախի Հանրապետության և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր շեշտադրումներով հայտարարություներ է արել: Նա, մասնավորապես, նշում է. «Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց:… Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն:… Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ:»

Նկատենք, որ Փաշինյանն իր նախկին հայտարարություններում Ալիևին կառուցողական էր գնահատել:

Օրինակ, 2019թ. մարտին հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի հետ` Նիկոլ Փաշինյանը «դրական» էր գնահատել իր և Ալիևի միջև ավելի վաղ Վիեննայում կայացած հանդիպումը, իսկ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև «կառուցողական մթնոլորտում» հանդիպում է կայացել:

2020թ. հունիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ նա Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է, որ վերջինս տրամադրված է հարցի լուծմանը: «Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»,- ասել էր Փաշինյանը:

2020թ. մայիսի 16-ին հրավիրված ասուլիսին էլ Փաշինյանը հայտարարել էր, որ  Ալիևը կառուցողական է տրամադրված բանակցություններում, և նշել, որ Ալիևի հետ քննարկումներում «անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված»։

Ավելի վաղ՝ 2018թ. օգոստոսին, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ալիևը կիրթ մարդու տպավորություն է թողել իր մոտ։

Հարց է առաջանում. Նիկոլ Փաշինյանի համար Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները նորությու՞ն են: Եվ բանակցություններում Հայաստանի շահերի պաշտպանության հանձնառությունը ստացած Նիկոլ Փաշինյանը միայն հիմա՞ է սկսել գիտակցել Ադրբեջանի կողմից տարիներ ի վեր սանձազերծվող տեղեկատվական պատերազմի և սահմանային սադրանքների ամբողջ վտանգը:

Այլապես Նիկոլ Փաշինյանի նախկին «կառուցողական» հայտարարությունների և այժմյան փոփոխությունների պատճառը առնվազն հասկանալի չէ: Մինչդեռ այստեղ մեկ բան հստակ է. Ադրբեջանի «կիրթ» (համենայն դեպս Նիկոլ Փաշինյանը նման բարձր կարծիք ուներ) նախագահ Իլհամ Ալիևը մշտապես խոսում է ռազմատենչ լեզվով, «Ադրբեջան» է համարում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, դիմում է մտացածին համայնքների ստեղծմանը, միջազգային հանրության առջև չի խորշում հանդես գալ հակահայկական շեշտադրումներով և ընդգծված հայատյացությամբ, ինչն ինքնին բացառում է Ադրբեջանի կառուցողական մոտեցումը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Русская версия статьи.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն