Նիկոլ Փաշինյանի փոխարեն Մոսկվա է մեկնում Դավիթ Տոնոյանը. ինչից է իրականում վախենում ՀՀ վարչապետը

article-image

Երեկ՝ հունիսի 18-ին, պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում էր, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

«Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեռևս հունիսի 9-ին հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է միջոցառումներին: Տեղեկատվությունը հաստատել էր վարչապետի խոսնակը՝ Մանե Գևորգյանը:

Չի կարելի չնկատել, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակվածության փաստը, այնպես էլ վարչապետի Մոսկվա չմեկնելը մեծ աժիոտաժի և քննարկումների առիթ դարձավ և մի շարք հարցեր առաջացրեց։

Հայկական լրատվամիջոցերից «Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում նոր թեստավորում էր սպասում, ինչից վարչապետը խուսափել է:

Հարցերն առավել հստակ ձևակերպվեցին, երբ նույն Մանե Գևորգյանը հայտնեց, որ շքերթին մասնակցելու է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այստեղ է, որ խնդիր է առաջանում. եթե, համաձայն պաշտոնական տեղեկատվության, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելը պայմանավորված է բացառապես կորոնավիրուսային համաճարակի իրավիճակով, ապա ինչու նույն պատճառաբանությունը չի աշխատում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեպքում. արդյո՞ք Տոնոյանը «իմունիտետ» ունի վիրուսի նկատմամբ:

Պետք է նշել, որ այս պարագայում առավել անվտանգ է հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, քանի որ վարչապետը և իր ընտանիքը արդեն իսկ վարակվել են և «հրաշքով» բուժվել ընդամենը 6-7 օրվա ընթացքում: Պետք է, որ վերջինիս համար վիրուսը անվտանգ լիներ, և հենց ինքն է, որ շրջապատի համար վտանգ չպետք է ներկայացնի, քանի որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում է, որ կրկնակի վարակման դեպքեր չեն արձանագրվել։

Զարմանալի է նաև այն հանգամանքը, թե կորոնավիրուսային համաճարակը ինչով է «խանգարելու» Նիկոլ Փաշինյանին առավելագույնը մի քանի ժամով թռչել Մոսկվա և վերադառնալ: Ինչո՞վ էր տուժելու Հայաստանում հակահամաճարակային պայքարը, և ինչո՞վ էր պայմանավորված նման զգուշավորությունը, երբ ընդամենը երեկ էր Նիկոլ Փաշինյանը փողոցում դիմակներ բաժանում, այն դեպքում, երբ օրական հարյուրավոր նոր վարակման դեպքեր են գրանցվում: Այս պարագայում Նիկոլ Փաշինյանին առավել մեծ վտանգ չի՞ սպառնում:

Նման հարցերի հետ զուգահեռ՝ կարող ենք անել նաև մի քանի հետևություններ. Նիկոլ Փաշինյանը վախեցել է, քանի որ, Մոսկվա ժամանելով պարտավոր էր անցնել բուժզննում և թեստավորում, որոնց արդյունքները կարող էին և բնավ ցանկալի չլինել վարչապետի համար: Հնարավոր է նաև, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված` ՀՀ վարչապետը նույնիսկ առանձին ընդունելության չարժանանար նախագահ Պուտինի կողմից: Ուստի այս և բազմաթիվ այլ հանգամանքները հաշվի առնելով` վարչապետը չի մեկնում Մոսկվա:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Русская версия статьи

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն