ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել. «Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում:
Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:
Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»։
Բացի սույն հայտարարությունից Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի նոր կառավարությանը հաջողվել է վերացնել մենաշնորհը: Իսկ այն հարցին , թե ինչպես է դա իրենց հաջողվել, պատասխանել է՝ ասելով, որ այդ ամենին իրենք հասել են օրենքի հաշվին, և որ բոլորը այլևս հավասար են օրենքի առաջ: Վարչապետը նաև հավելեց. «Սրանով ամեն ինչ ասված է: Այսինքն՝ ոչ ոք պարտավոր չէ ոչ մեկին որևէ բան վճարել: Միակ պարտավորությունն օրենքով աշխատելն ու հարկերը վճարելն է: Եթե այս պայմանը պահպանվում է, նշանակում է որևէ խնդիր չկա»:
Այն, որ նոր կառավարությունը բոլոր խնդիրների լուծումների վերաբերյալ չափազանց պարզ պատկերացումներ ունի, նորություն չէ: Բավականին հաճելի հայտարարություն է մենաշնորհների վերացումը, և կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գրավիչ և հանրության կողմից սիրված թեմաների ճիշտ ընտրության հետ կապված խնդիրներ չունի: Խնդիրը առաջ է գալիս այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում մեկնաբանել, թե ինչպես և ինչ միջոցներով է լուծվել, կամ լուծվելու այս կամ այն խնդիրը: Մասնավորապես, այս օրինակում պարզ է դառնում, որ օրենքը աշխատեց նաև մենաշնորհների պարագայում: Որպես լուծման գործիք նշվում է նաև գործարարներին վարչապետի աշխատասենյակում հավաքելն ու նրանց տեղեկացնելը, որ նրանց վրա այլևս որևէ կոռուպցիոն պարտավորություն չկա: Շուկան այլևս բաց է բոլորի առջև, սահմանափակումներ չկա և այլն:
Այն, որ մենաշնորհային դիրքը այդ տնտեսվարողներին և ներկրողներին հեշտությամբ և միանգամից չի տրվել, ակնհայտ է: Շուկայում այդ դիրքին նրանք հասել են վաճառքի մեծ ծավալներով և, բնականաբար, սպառողների պահանջմունքների բավարարմամբ: Իրատեսական չէ այն, որ մենաշնորհները միանգամից կարող են վերանալ: Դա նշանակում է, որ շուկայում միանգամից ի հայտ են գալիս այլ մասնակիցներ, որոնք արդեն իսկ կարող են ներկրել ապրանքներ կամ զբաղվել տնտեսական գործունեությամբ: Բացի այդ, մենաշնորհների վերացումը բավական բարդ և համակարգային մոտեցում է պահանջում, որի հաջորդական քայլերը դեռ պարզ չեն, և արդյունքները Հայաստանում դեռևս չեն զգացվում: Մենաշնորհների վերացումը քաղաքացիների համար տեսանելի կլինի այն ժամանակ, երբ իջնեն ապրանքների գները: Այսպիսով, քանի դեռ տեսանելի չեն նոր տնտեսվարողները և շուկայում որևէ դրական տեղաշարժ հօգուտ սպառողների տեղի չի ունեցել, մենաշնորհների վերացման մասին խոսք գնալ չի կարող:
Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։
Հեղինակ՝ Աննա Հակոբյան