Խորհրդարանական դիվանագիտության ֆիասկոն. ԵԽ վիճահարույց բանաձևն ընդունվել է

article-image

Օրեր առաջ գրել էինք, որ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանի` հունիսի 16-17-ին կայանալիք լիագումար նիստի ընթացքում քննարկվելու և ընդունվելու են հանձնաժողովի կողմից առաջ քաշված առաջարկությունները: 

Առաջ քաշված նախագծում առկա ձևակերպումները, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, առնվազն հիմքեր էին տալիս մտածելու, որ  Եվրոպական միության` տարիներ ի վեր հայանպաստ դիրքորոշումը փոխվել է, և այժմ Եվրամիությունը տուրք է տալիս Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը` անտեսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմք հանդիսացող երեք սկզբունքները:

Պետք է նշել, որ այս փաստաթղթում հակահայկական և հակաարցախյան ձևակերպումների հեղինակներից Տրայան Բասեսկուն ավելի ուշ միացել էր նաև իր գործընկերներին` խիստ և Հայաստանի համար անընդունելի հայտարարություն անելով ՀՀ-ն Արցախի հետ կապող երրորդ ճանապարհի կառուցման վերաբերյալ:

Ճիշտ է, ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները ուշացած հայտարարություն տարածեցին և դատապարտեցին ԵԽ անդամների հայտարարությունը, սակայն ինչպես կարելի է նկատել, հայտարարության մեջ ևս առկա են բազմաթիվ վիճահարույց կետեր: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը այս հայտարարությունը համարում է «կոշտագույն և շարունակական գործողություններ ենթադրող պատասխան», այնինչ որևէ երևելի կամ առավել ևս` կոշտ տարր այս հայտարարության մեջ առկա չէր: Ավելին, ամբողջ հայտարարության մեջ ևս թվարկված չէին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում ընկած երեք հիմնարար` ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները, փոխարենը տեղ էր գտել ընդհանրական նշանակություն ենթադրող «սկզբունքներ» տերմինը:

Խորհրդարանական դիվանագիտության «առաջամարտիկները» այս ընթացքում բազմիցս մեղադրում են  փորձագիտական հանրությանը, իրենց նախորդող իշխանություններին այն բանում, որ վերջիններս քննադատում են ամեն ինչ և ամեն առիթով, սակայն չեն նկատում Հայաստանի` արտաքին քաղաքական ոլորտում խորհրդարանի գրանցած հաջողությունները: Իմքայլականները մի քանի օր տարածում էին նաև միջազգային այլ հարթակներում ընդունված հայտարարություններ:

Սակայն, ինչպես պետք է արձանագրել, իրենց բարձրագոչ հայտարարություններով հանդերձ` պառլամենտական դիվանագիտությունը վարող իմքայլականները ձախողվել են:

Հունիսի 19-ին Բրյուսելում եղավ այն, ինչ եղավ: Եվրոպական խորհրդարանի կողմից առաջ քաշված առաջարկությունները ընդունվեցին: Նախորդ հոդվածում ներկայացրել էինք, թե ինչ հակահայկական պարբերություններ են մտցվել փաստաթղթում` «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևում, ովքեր են դրանց հեղինակները և ընդունման ջատագովները:

Եվս մեկ անգամ նշենք, թե որոնք են բանաձևի խնդրահարույց կետերը:

Մասնավորապես,

  1. Պարբերություններից մեկում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանվում էր այն հակամարտությունների ցանկից, որոնք պետք է լուծվեն խաղաղ միջոցներով՝ համապատասխան միջազգային իրավունքի և Հելսինկյան սկզբունքների: Եզրակացությունը հետևյալն է. Եվրամիությունը այլևս դեմ չէ ԼՂ հակամարտության կարգավորման ուժային եղանակին:

(«… Մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ԱլԳ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, չի ճանաչում նրանց սահմանների բռնի փոփոխությունները, նրանց տարածքների զավթման փորձերը և մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը և կիսում է ԵՄ հանձնառությունը՝ սատարելու հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով և համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, կոնկրետ այն հակամարտություններում, որոնցում Ռուսաստանը կողմ է»:)

2.    ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առկա երեք հիմնարար սկզբունքները դուրս են մնացել Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

(«Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքների ամբողջական պարտադրմանն ուղղված նրանց ջաներին. ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը»:)

Այս պարագայում նույնպես երրորդ հիմնարար սկզբունքը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բացակայում է: Երկրորդը, փաստաթղթում նշված է, որ վերը նշված պարտավորությունների կիրարկումը «պարտադիր է», այսինքն, Եվրոպական խորհրդարանը հաշվի է առնում Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, նրանց` միջազգայնորեն ճանաչված սահմանները, այս սկզբունքների պարտադիր կյանքի կոչումը` առանց այդ պարտադիր լինելու հանգամանքը որոշակիացնելու որևէ սահմանափակող գործոններով, այդ թվում նաև` ուժի չկիրառման սկզբունքով:

Պետք է նշել, որ նման բովանդակությամբ փաստաթուղթ Եվրամիությունում ընդունվում է առաջին անգամ: Նախորդ բոլոր դեպքերում ընդունված փաստաթղթերում առկա են եղել հայանպաստ և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող բոլոր ձևակերպումները և դիրքորոշումները: Սակայն այս դեպքում մենք ականատես ենք լինում նման ձևակերպումների, և, թերևս, առաջին անգամն է, որ Եվրախորհրդարանը «գերակա» է ճանաչում Ադրբեջանի համար այդքան թանկ տարածքային ամբողջականության սկզբունքը:

Մինչ Հայաստանում ներկայիս իշխանությունները անզիջում ու կատաղի պայքար են տանում` քաղաքական հաշվեհարդար տեսնելով իրենց հակառակորդների դեմ, իրական հակառակորդը, ակտիվորեն գործի դնելով իր բոլոր կարողությունները,  հաջողության է հասնում միջազգային ասպարեզում և իր օգտին է շրջում բանակցային գործընթացը: Արդեն նկատելի են ադրբեջանական բարձրագոչ հայտարարությունները և այն գոհունակությունը, որով նրանք փաստում են. «այնքան շրջանառվող «ժողովուրդների ինքնորոշում» տերմինը, որը առաջ էր քաշվում հայերի կողմից, բացակայում է»:

Պետական լրատվամիջոցը` «Ազերտաջը» անկեղծ ուրախությամբ արձանագրում է. «Հիշենք, թե որքան խորն էր մեզ հիասթափեցնում, իսկ հայերին, հակառակը, ուրախացնում, երբ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հակամարտությունների պարագայում մշտապես աջակցությունը տրվում էր տարածքային ամբողջականությանը, իսկ մասնավորապես ԼՂ հակամարտության դեպքում խոսվում «ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին» աջակցության մասին»:

Ցավով ենք արձանագրում, որ մինչ ՀՀ պառլամենտական դիվանագիտության առաջամարտիկ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը կոնյակով նշում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու փաստը և հոխորտագին հայտարարություններ անում իրենց արձանագրած  արտաքին քաղաքական «հաջողությունների և սխրանքների» մասին, Հայաստանը աստիճանաբար կորցնում է իր դիրքերը միջազգային հարթակներում և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, իսկ մյուսը` Արման Եղոյանը, հայտարարում, թե «Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ոչ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ», Հայաստանը զրկվում է իր գլխավոր խաղաքարտերից ու կատարյալ ֆիասկոյի ենթարկվում:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն