Հայկ Մարությանի նախընտրական խոստումը պատուհաս է դարձել կառավարության գլխին. ինչպե՞ս լուծեն խնդիրը

article-image

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական շրջանում տվել էր մի շարք խոստումներ, որոնցից ոչ մեկը մինչ օրս չի կատարվել: Թերևս նախընտրական ամենամեծ սուտը կապված է աղբահանության խնդրի կարգավորման և երկրորդ օպերատորի ներգրավման հետ: Նախորդ հոդվածում մենք նկարների միջոցով ցույց էինք տվել քաղաքում տիրող անմխիթար վիճակը:

Վերջերս՝ Կառավարության նիստի ժամանակ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից մեկ անձի միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը։

Նա ասաց, որ Երևանում աղբահանության վիճակը վատթարացել է, և քաղաքապետարանը անհրաժեշտ է համարում միջամտել, իսկ միջամտության համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան տեխնիկա, որը ներկայումս այլ ընթացակարգով գնել հնարավոր չէ, և անհրաժեշտ է այդ տեխնիկան գնել ուղիղ ձևով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ մեքենաների գնումը դա պրոցեսի ընդամենը մի փոքր բաղադրիչն է,  ընդ որում՝ շատ հեշտ իրականացվող, ընդամենը գնում է, առանց որևէ գործընթացների, բայց աղբահանությունը բավականին բարդ գործընթաց է, որը պետք է կազմակերպվի։

Այս ամենին ի պատասխան՝ Պապիկյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո ձևավորվելու է ընկերություն, որն իրականացնելու է քաղաքի աղբահանությունը՝ դառնալով 2-րդ օպերատոր։

Այս ամենից հետո Գրիգորյանը դիմեց վարչապետին և ասաց․ «Պարոն վարչապետ, մենք իրոք էս հարցում պիտի ստրատեգիա ունենանք, անկեղծ եմ ասում, որովհետև մենք ունենք աղբի վերամշակման հանձնաժողով, ֆրանգմենտներով էս հարցը չի լուծվելու, ընդ որում՝ էդ երկրորդ օպերատորի գաղափարը ՄԻՖ ա, չի լինելու դա, որովհետև մեր աղբը տեղից քիչ ա, մեր հիմնական պրոբլեմը էդ հատվածի աղբի դիֆիցիտն ա»։ Նա նաև հավելեց․ «Հիմա երկրորդ օպերատոր ստեղծում ենք, որ ի՞նչ անենք, ընդհանրապես երկուսն էլ կդառնան վնասաբեր, ու չենք ունենա մենք երբեք նորմալ գործընթաց»։

Անհրաժեշտ է նշել, որ իր նախընտրական ողջ քարոզարշավի ընթացում Հայկ Մարությանը պնդում էր, որ աղբահանության խնդրի լուծման ճանապարհը այլ օպերատորների ներգրավումն է:

Կառավարության նիստի քննարկումից պարզ դարձավ, որ կառավարության անդամները տարբեր տեսակետներ ունեն այս հարցի վերաբերյալ։ Բայց միասնական մոտեցումն այն է, որ երկրորդ մասնավոր սուբյեկտ հանդիսացող օպերատորի ներգրավումը միանշանակ աղբահանության խնդրի լուծման տարբերակ չէ։ Ավելին, Սուրեն Պապիկյանն ասում է, որ այդ խնդիրը կարելի է լուծել նոր մեքենաներ գնելով և քաղաքապետարանին որպես երկրորդ օպերատոր դարձնելով, իսկ Մհեր Գրիգորյանը պնդում է, որ մեքենաներ գնելով այդ հարցը չի լուծվելու, իսկ երկրորդ օպերատորի առկայությունն ավելի է խորացնելու այս խնդիրը։

Այն, որ Հայկ Մարությանը ձախողել է աղբահանության խնդրի լուծման հարցը, արդեն իսկ փաստ է, և կառավարությունում այդ հարցի քննարկումը հիմնավորում է դա։ Այն, որ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի այս խնդրի լուծման հարցում, դա ևս փաստ է։ Այն, որ «Սանիթեք» ընկերությունն էլ իր հերթին նպաստում է այս խնդրի խորացմանը, ևս անհերքելի է։

Արդյունքում ունենք հետևյալ իրավիճակը. Հայկ Մարությանի անպատասխանատու նախընտրական խոստում, քաղաքապետի պաշտոնում աղբահանության խնդրին լուծում գտնելու անկարողություն և խնդրի լուծման տարբերակ չգտնող կառավարություն։

Թե ինչ շարունակություն կունենա աղբահանության խնդրի կարգավորումը Երևանում, ցույց կտա ժամանակը։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն