Քննչական կոմիտեի հաղորդագրություններում նկարագրված սահմռկեցուցիչ տեսարաններն արդեն երկրորդ անգամ վերադաս դատական ատյանը չի հաստատում. Պաշտպանը՝ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործի մասին

article-image

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ։

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով նշված հայտարարությունը, գրել էր, որ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ազատությունից զրկելու հիմնավոր կասկածը բացակայում է։

Մակինյանը AntiFake.am-ին հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված երեք հոդվածով՝ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու՝ դրանք բոլորը մի խմբով, իրեն մեղսագրվող արարքները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարելու և ինքնիրավչության հոդվածներով։

«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը այդ երկու հեքիաթները հերքեց, Հայրապետյանի մասով հիմնավոր կասկածը չհաստատեց։ Վերաքննիչ դատարանն այսօր վերահաստատեց Առաջին ատյանի դատարանի դիտարկումները, որ չկա այս երկու հոդվածներով հիմնավոր կասկածը։ Հիմնավոր կասկածը հաստատվել է միայն ինքնիրավչության մասով, որը, ըստ դատարանի գնահատման, այն գործողություններն են եղել, որոնք ուղղված են եղել իրենցից հափշտակված գումարը հետ պահանջելուն», - նշեց Մակինյանը։

Պաշտպանը նշեց, որ այն սահմռկեցուցիչ տեսարանները, որոնք նկարագրվում են Քննչական կոմիտեի հաղորդագրություններում, արդեն երկրորդ անգամ վերադաս դատական ատյանը չի հաստատում։

Անդրադառնալով այսօր Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ Մակինյանն ասաց. «Իմ գրառման իմաստն այն էր, որ հարգելիներս, տեղեկատվությունը լրիվ ներկայացրեք։ Հարցն այն չէ, թե անձի նկատմամբ կալանավորման մասին որոշումն ուժի մեջ մնաց, թե չմնաց։ Մենք հասկանում ենք, որ դա է պետական մարմինների գերխնդիրը, որ ցանկացած գնով այդ որոշումը պահեն ուժի մեջ։ Բայց միևնույն ժամանակ պետք է ճիշտը ներկայացնել հասարակությանը»։

Պաշտպանը, վերահաստատելով իրենց` նախկինում արտահայտած դիրքորոշումը ՀՖՖ նախկին նախագահի հետախուզման հետ կապված, նշեց, որ վարույթ իրականացնող մարմինն ու ոստիկանությունը գիտեն Հայրապետյանի կոնկրետ գտնվելու վայրը՝ հավելելով, որ դա դատարանում էլ է ասվել. «Պարոն Հայրապետյանին պետք չէ հետախուզել. կոնկրետ գտնվելու վայրը հայտնի է իրենց։ Պետք չէ այս քրեական գործով նախաքննությունը վերածել ներկայացման կամ կատակերգության կամ ողբերգության։ Սա թատերական ներկայացում չէ, կոնկրետ անձի հասցեն կա իրենց մոտ։ Պետք չէ հետախուզել», - եզրափակեց Մակինյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական գործով. Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։

Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, AntiFake.am-ին տված հարցազրույցում հերքել է այդ ամենը՝ նշելով, որ իրականում հենց ինքը և իր ընտանիքն է տուժել նշված անձի գործողությունների հետևանքով։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով, և Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերությունը տուժող է ճանաչվել:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ քննիչի կողմից ներկայացված բողոքը։
 

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն