Որքա՞ն ժամանակ և գումար է պահանջվել հայկական արտադրության ՊՇՌ թեստերի պատրաստման համար.Պաշտոնյաների հակասական հայտարարությունների հետքերով

article-image

Ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերի բացահայտման համար պատրաստվում են զանգվածային թեստավորման համակարգ ներդնել:

Փաշինյանը միաժամանակ տեղեկացրել էր, որ Կառավարությունն արդեն որոշում է ընդունել, և իրենք բավականին մեծ գումար են հատկացրել (խոսքը 550 հազար դոլարի մասին է) անհրաժեշտ հումքի ձեռքբերման և տեղական թեստերի արտադրության համար: Նշենք, որ տեղական թեստերի արտադրությամբ պետք է զբաղվեր Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը:

Արդեն մայիսի 20-ին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել էր, որ 5 օր առաջ՝ մայիսի 15-ին, թեստերի պատրաստման համար անհրաժեշտ հումքը Չինաստանից արդեն Հայաստան է հասել: Ցուցադրելով կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության առաջին թեստը՝ Առաքելյանն ասել էր, որ առաջին սրվակների փորձարկման փուլը մոտ 10 օրից կավարտվի: «Երկրորդ փուլով մենք անելու ենք ներքին, բայց արդեն հիվանդներից անջատած նմուշների վրա, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ դրականը տվել է դրական, բացասականը՝ բացասական: Դրանից հետո մենք թեստեր տալու ենք արդեն երևի թե Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին, որպեսզի իրենք էլ անկախ թեստավորեն», - նշել էր Առաքելյանը:

Մայիսի 30-ին՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի նշված ժամնետներում, ավարտվել էին կորոնավիրուսի նմուշառման թեստերի լաբորատոր փորձարկումները: Ինստիտուտն արդեն դիմել էր Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ մի քանի օրում նախարարությունն այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել հայկական թեստերի արտադրությունը: «Նախատեսված է արտադրել 100 հազար թեստ՝ օրական 1000-ից 2000 թեստ կարտադրվի»,- մանրամասնել էր վարչապետը:

Վարչապետի հայտարարությունից օրեր անց էլ՝ հունիսի 1-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Հայաստանում արտադրված թեստերի առաջին խմբաքանակը պատրաստ է, և ներկրված 100 հազար ռեագենտների հիման վրա արդեն սկսվել է թեստերի արտադրությունը։ «Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն, իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն էլ, ըստ գնահատականների, կարող է օրական 3000-5000 թեստ արտադրել»,- մանրամասնել էր Ավինյանը:

Ավինյանի հայտարարությունից օրեր անց, սակայն, հունիսի 8-ին, պարզ էր դարձել, որ հայկական  արտադրության կորոնավիրուսի թեստերը դեռևս փորձաքննություն չէին անցել: Մոլեկուլային կենսաբանության ինտիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել էր, որ թեստերը գտնվում են փորձարկման փուլում, և արտադրությունն ամբողջական ծավալով չի մեկնարկել: 

Ավելի ուշ՝ հունիսի 19-ին, Արսեն Առաքելյանը տեղեկացրել էր, որ հայկական  արտադրության կորոնավիրուսի թեստերի փորձարկումը դեռ ընթացքի մեջ է և իրենք սպասում են պատասխանին: Ինչպես նշել էր Առաքելյանը, մոլեկուլային կենսաբանության ինտիտուտը թեստերի արտադրության դիմաց որևէ գումար չի ստացել. «Մեզ տվել են միայն թեստերի համար անհրաժեշտ ռեագենտներ և լաբորատոր պարագաներ, ոչ թե գումար»,- մանրամասնել էր Առաքելյանը՝ հավելելով, որ թեստերի արտադրության պրոցեսի մեջ ընդգրկված 20 աշխատակիցները շարունակում են աշխատել իրենց սովորական պայմաններում և ստանում են իրենց սովորական աշխատավարձերը՝ որևէ հավելյալ գումար նրանց չի վճարվել։ Առաքելյանի խոսքերով՝ հատկացված գումարի մի մասը ծախսվել է ինստիտուտին անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար: Իսկ թե ինչի վրա է ծախսվել գումարի մյուս մասը, հայտնի չէ:

Երեկ էլ՝ հունիսի 24-ին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերն արդեն պատրաստ են։ «Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար»,- մանրամասնել է նախարարը։

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը ապրիլի 6-ին հայտարարել էր, որ անհրաժեշտ հումքի ձեռքբերման և տեղական թեստերի արտադրության համար Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին տրամադրվելու է 550 հազար դոլար, սակայն հունիսի 19-ին պարզ էր դարձել, որ նշված կառույցը թեստերի արտադրության համար ստացել է անհրաժեշտ ռեագենտներ և լաբորատոր պարագաներ, ոչ թե գումար: 

Տիգրան Ավինյանի այն հայտարարությունն էլ, թե հունիսի 2-ից հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը հանձնվելու էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հունիսի 8-ին, պարզ էր դարձել, որ հայկական արտադրության կորոնավիրուսի թեստերը դեռևս փորձաքննություն չէին անցել: Ուստի ապրիլի 6-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայկական արտադրության թեստերը գործնականում չեն կիրառվել, և առողջապահական համակարգը շարունակել է օգտվել արտերկրից բերված թեստերից:

Նկատենք նաև, որ հայկական թեստերի արտադրությունը, ըստ Փաշինյանի հայտարարությունների, պետք է լուծվեր մի քանի օրերի ընթացքում, այնինչ դրանք գործնականում սկսել են կիրառվել արված հայտարարություններից ամիսներ անց:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն