Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞ ու կդադարի՞ զբաղվել քաղաքականությամբ. Փաշինյանի թոփ ստերի քառյակը

article-image

Երեկ` հունիսի 25-ին, վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Իր խոսքում Փաշինյանը նկատի ուներ իր ընդդիմախոսներին, սակայն վերջիններիս ստելու մեջ մեղադրելուց առաջ տրամաբանական կլիներ սեփական ստերը հաշվելը և դրանցով մտահոգվելը:

Մի քանի օրինակով ցանկանում ենք հիշեցնել Փաշինյանի թոփ ստերը, երբ Փաշինյանը «նայել է ժողովրդի աչքերի մեջ» և ՍՏԵԼ` չկատարելով իր խոստումները:

ՍՈՒՏ 1. Փաշինյանի ամենահայտնի ստերից մեկը արագաչափերը հանելու խոստումն է: Ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակով Փաշինյանն ԱԺ ամբիոնից պնդում էր, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր տարիներին նաև «հղում» էր կատարում օդում կախված լուրերին և նշում, որ արագաչափերը պատկանում են Սաշիկ Սարգսյանին: Բացի այդ, Փաշինյանը ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ արագաչափերը անօգուտ են և չեն նպաստում վթարների, ՃՏՊ դեպքերից տուժածների թվի նվազմանը` պնդելով, որ արագաչափերի առկայությունը ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր չի կարող հանդիսանալ:

«ԱնտիՍաշիկ» օպերացիայի շրջանակներում արագաչափերը կպչուն ժապավեններով փակելով և այնուհետև՝ իշխանության գալով Փաշինյանը չի հանել արագաչափերը: Նա մինչ օրս շարունակում է պնդել, թե արագաչափերը պատկանել են իր մատնանշած անձին, սակայն իր վարչապետության երկու տարիների ընթացքում, ունենալով բոլոր լծակները՝ Փաշինյանը չի ապացուցել, փաստեր չի ներկայացրել և չի հիմնավորել, որ արագաչափերը իրականում պատկանել են Ալեքսանդր Սարգսյանին: Փաշինյանը արագաչափերը Հայաստանի ավտոճանապարհներից չհանելը նաև հիմնավորվել է զոհերի ու վթարների հնարավոր ավելացմամբ:

ՍՈՒՏ 2. Հաջորդ սուտը վերաբերվում է պարգևավճարներին: Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ գործադիրի և օրենսդիրի անդամները սկսել են պարգևավճարներ ստանալ: Մոտ 20 ամիսների ընթացքում բաժանված պարգևավճարների չափը կազմել է շուրջ 108 115 677 ԱՄՆ դոլար:

Պարգևավճարների տրամադրումը Փաշինյանը բացատրել է նրանով, որ Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից խոստացել է բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը: Սակայն, Հանրապետության հրապարակում Փաշինյանը խոստացել էր ոչ թե պարգևավճարներ բաժանել, այլ բարձրացնել պետական աշխատողների ու ոստիկանների աշխատավարձերը: Փաշինյանի հնչեցրած մտքերի հիմնական «մեսիջն» այն էր, որ իրենց ընտանիքները պահելու խնդիր ունեցող անձինք պետք է այնպիսի աշխատավարձ ստանան, որ հավելյալ աշխատանքներ կատարելու խնդրի առաջ չկանգնեն:

ՍՈՒՏ 3. Հաջորդ մեծ սուտը վերաբերվում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի վերացմանը: Ընդդիմադիրի կարգավիճակում Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է փակել «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը և բացել քաղաքացիական Հայաստանի էջը:

Գալով իշխանության՝ Փաշինյանը այս խոստումը նույնպես չի կատարել և իր մտերիմներին բարձր պաշտոնների է նշանակել: Օրինակ, Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ու եղբորորդի Սիփան Փաշինյանը դարձել են պատգամավորներ, Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ։ Հայկ Ղալումյանը՝ Փաշինյանի մանկության ընկերը և կնքահայրը, նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հայկ Ղալումյանի եղբայր Վահե Ղալումյանն էլ դարձել է պատգամավոր։ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար։ Փաշինյանի ընկեր Զարեհ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանը դարձել է պատգամավոր, իսկ մյուս որդին՝ Նաիրի Սարգսյանը, Փաշինյանի օգնականն է։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել՝ հատելով մի քանի հարյուրի սահմանը:

ՍՈՒՏ 4. Փաշինյանական հաջորդ մեծ սուտը վերաբերվում է Մարտի 1-ի գործի բացահայտմանը: Փողոցային պայքարի առաջնորդի կարգավիճակում Փաշինյանը կոկորդը պատռելով հայտարարում էր, թե Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: Իշխանության գալուց 4 ամիս անց էլ` 2018թ. օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին, Փաշինյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է:

2020թ. մայիսի 16-ին կայացած ասուլիսի ընթացքում էլ Փաշինյանը հայտնել է, որ Մարտի 1-ի գործը շատ մանրամասներով բացահայտված է, մասնավորապես, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին և դրանից հետո, սակայն 10 տարի թաքցրած իրականությունը երկու տարում հեշտ չէ բացահայտել։ Նույն ասուլիսի ընթացքում Փաշինյանը նշել է, որ ամենակարևոր ապացույցները կեղծված են, և գործը քննող քննչական խմբի ղեկավարը, ըստ առաջադրված մեղադրանքի, կրակված պարկուճները տարածքում փոխել է, ինչը նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, և այդ պարկուճների նույնականացման և զենքերի հայնաբերման հնարավորություն չկա: 

Նախ պետք է նշենք, որ հրազենային գնդակային վնասվածքների հետևանքով տեղի ունեցած սպանությունների բացահայտման համար զենքի հետ նույնականացվում է ոչ թե պարկուճը, այլ գնդակը, ուստի այս կապակցությամբ վարչապետը ստել է: Իսկ եթե հավատանք Փաշինյանի՝ 2020թ. մայիսի 16-ի ասուլիսում հնչեցրած խոսքերին, ապա ստացվում է, որ Մարտի 1-ին առնչվող մի շարք կարևոր ապացույցներ ոչնչացված են և, միգուցե՝ հավերժ կորած, ուստի նշված գործին առնչվող որոշ և գուցե ամենակարևոր դրվագների կապակցությամբ որևէ բացահայտում չի լինելու, հետևաբար 2018թ. օգոստոսի 17-ին Փաշինյանը ստել էր` հայտարարելով, որ Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է:

Վերը թվարկված օրինակները փաշինյանական ստերի մեկ տոկոսն անգամ չեն կազմում, քանի որ վերջինս իր գրեթե բոլոր ելույթներում կա՛մ ստում է, կա՛մ մանիպուլյատիվ հայտարարություններ անում: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ Փաշինյանը հակասում է ինքն իր կամ Կառավարության անդամների հայտարարություններին:

Փաշինյանի ստերից կարող ենք հիշել ոչ նորմատիվային բառապաշարի չգործածման խոստումը չկատարելը և բռնությունը «դատապարտող» հայտարարությունների ֆոնին սպառնալիքներով լի հայտարարությունները, այն սուտ հայտարարությունը, թե խոսքի ազատության մակարդակով Հայաստանը Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ տեղը, այն սուտ հայտարարությունը, թե պարգևավճարների չափը 1 մլրդ դրամ է, կոմունալների խնդրի վերաբերյալ արված մանիպուլյատիվ ու սուտ հայտարարությունները, տույժ-տուգանքների մասին մանիպուլյատիվ տեսանյութի հրապարակումը, սխալ, մանիպուլյատիվ և հակասական պնդումները կորոնավիրուսի վերաբերյալ (1, 2, 3, 4,), ՀԿ-ների` մասնավորապես սորոսական թևի ներկայացուցիչների հետ չհանդիպելու մասին սուտ հայտարարությունը, Փաշինյանի սուտ հայտարարությունները կարագի գների և գնանկման ցուցանիշների վերաբերյալ, շաքարավազի գների և գնանկման ցուցանիշների վերաբերյալ սուտ հայտարարությունները, «բամբասանքները» անպատասխան չթողնելու մասին սուտ հայտարարությունները, այն հայտարարությունները, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ և այդ կապակցությամբ Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը, գազի հարցի շուրջ մանիպուլյացիաները և այդպես շարունակ:

Այս դեպքերը նույնպես չեն ամբողջացնում փաշինյանական ստի, մանիպուլյացիայի և հակասական հայտարարությունների փաթեթը:

Պետք է հատուկ հիշատակել նաև Փաշինյանի թիմակիցներին, որոնք նույնպես աչքի են ընկնում սուտ և մանիպուլյատիվ հայտարարությունների տարածմամբ: Օրինակ, կարող ենք հիշել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակասական և սուտ հայտարարությունները դիմակների վերաբերյալ (1, 2), Փաշինյանի աներձագ, ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանի սուտ հայտարարությունը Վիրջինյան կզղիներում գտնվող օֆշորային հաշիվների և դրանց վրա դրված կալանքի մասին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մանիպուլյատիվ հայտարարությունները ֆեյքերի, լրատվամիջոցների գործունեության, իշխանությանն ուղղված քննադատությունների մասին, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի սուտ հայտարարությունը Կիմ Բալայանի և Գագիկ Հարությունյանի վերաբերյալ և այդպես շարունակ:

Թվարկված և թվարկումից դուրս մնացած, սակայն բոլորին հայտնի դեպքերը փաստում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները «նայել են ժողովրդի աչքերի մեջ» և ՍՏԵԼ, չեն կատարել իրենց խոստումները, մանիպուլացրել են փաստերն ու հակասական հայտարարություններ արել:

Այս ամենից հետո մնում է հուսալ և սպասել, որ հասարակությանը խաբող քաղաքական ուժը իր ղեկավարի հետ միասին, համաձայն հենց իրենց հայտարարությունների, թե ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու` իրականություն կդառնա: Հակառակ պարագայում մենք գործ ունենք փաշինյանական հերթական սուտ հայտարարության հետ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուրը՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն