Ինչու՞ են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը այսքան համակարծիք իրենց գնահատականներում. իշխանությունների սնանկությունը

article-image

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 25-ին, այցելելով նորաբաց զորամաս, ելույթ է ունեցել՝ խոսելով նաև Հայաստանի նախկին և ներկայիս իշխանությունների մասին:

Հետաքրքիր է, որ Ալիևի ելույթի որոշ դրվագներ կարդալիս թվում է, թե հեղինակը լրիվ այլ մարդ է, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը:

Այս եզրակացությանն ենք հանգում՝ համեմատականներ անցկացնելով Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունների և Ալիևի ելույթի առանձին տողերի միջև:

Մասնավորապես.

«1998-2018թթ. Հայաստանում իշխանության գլուխ կանգնած անձինք հանցագործներ հանցագործներ, գողեր և ավազակներ են»:

Կարծեք թե, հիշելու կարիք չկա, թե ով է հնչեցնում նման մտքեր, և ինչ է կատարվում Հայաստանում վերջին մոտ երկու տարիների ընթացքում:

Ալիևը նշում է. «Հայտնի է դարձել, որ նրանց գեներալները գողեր են, նրանք գողացել են զինվորի «սնունդը» («тушенка»), այնուհետև՝ վաճառել այն շուկայում: Նրանց հերոսները հանցագործներ են, նրանց նախագահները՝ կոռուպցիոներներ են: Գործող իշխանությունը ամեն ինչ բացահայտել է: Մենք առանց դրա էլ գիտեինք դա, իսկ հիմա ամբողջ աշխարհը իմացավ: Այսինքն, ստացվում է 20 տարի այդ, այսպես կոչված, անկախ պետությունը ղեկավարում էին ավազակները, կոռուպցիոներները և հանցագործները»:

Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիև՞ն է գրում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների համար, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիևի համար:

Հարկ է հիշեցնել, թե էլ ովքեր են արդեն Հայաստանում նման  մտքեր հնչեցնում: Իր լրագրողական գործունեության ակունքներից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հասարակությանը սնում է ժամանակի իշխանությունների մասին բազմաթիվ միֆերով, լեգենդներով՝ «ծախել են, թալանել են, կերել են, պարտվել ենք» ֆորմատով: Հենց Նիկոլ Փաշինյանն է «նվաստացնում» հայկական բանակի գեներալներին, պատերազմի բովով անցած և հաղթած սպաներին, անվանարկում զինվորի պատիվը: Եվ այս դեպքում ով, եթե ոչ Ալիևը պետք է պաշտպանի Նիկոլ Փաշինյանի խոսքը:

Իշխանության գալուց ի վեր Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվել են այնպիսի մարդիկ, որոնք պարզապես վախ են ներշնչում ադրբեջանցիներին: Օրինակ, երբ կալանավորվեց Մանվել Գրիգորյանը, որին Նիկոլ Փաշինյանը հռչակել էր «զինվորի հացը գողացող», կամ «տուշոնկա գողացող», և որին առաջադրված մեղադրանքում խոսք անգամ չկա «տուշոնկայի» մասին խոսք անգամ չկա, ադրբեջանցիների շրջանում ցնծություն էր. «Главный захватчик азербайджанских земель арестован»:  Ավելի մեծ նվեր, դժվար է պատկերացնել: Արդյունքում մնաց մոնտաժված «տուշոնկա party»-ն և անտեղի անվանարկությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջադրված մեղադրանքներին, ապա այս դեպքում դարձյալ ամեն ինչ պարզ է: Նիկոլ Փաշինյանն է, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված՝ մեկ տարուց ավելի կալանքի տակ էր պահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ուղի հարթում իր դեմ առաջադրվելիք մեղադրանքների շարքի համար, նաև այն հոդվածով, որով փորձում են դատել երկրորդ նախագահին:

Պարզապես կարելի է տեքստից կտրել Ալիևի անունը և փոխարենը «Նիկոլ Փաշինյան» անուն-ազգանունը դնել և ամեն ինչ առավել քան պարզ կլինի:

Նիկոլ Փաշինյանն էր, որ ուղիղ եթերում «գաղտնազերծելով կիսագաղտնի մի փաստաթուղթ», նշում էր, որ պետությունը «փլուզման եզրին է»:

Այժմ, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հերքել իր անվան հետ կապված կոռուպցիոն և հանցավոր սխեմաները: Չի պատրաստվում հետ կանգնել իր «կիրթ» հարևանի հետ համատեղ բռնապետություն ստեղծելուց և միահեծան կառավարումից:

Իսկ Իլհամ Ալիևին այդպես էլ պատասխան չի հնչելու և շառաչուն ապտակ չի հասցվի նման հերթական բարբաջանքի համար:

Ալիևին կոշտ հակադարձեց Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, որ Ալիևը կարող է իրեն նման բան թույլ տալ, դա զարմանալի չէ, որ Ալիևն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաև սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված և իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո»,-  նշում է Սերժ Սարգսյանը, և իր խոսքի վերջում հիշեցնում,-«Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»:

Այն, որ ներկայիս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները «քաղաքական իմպոտենտներ» են, հայտնի է վաղուց: Սպասելի էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իշխանականները պետք է, որ հիշեին իրենց պարտականությունների մասին և որևէ Չ՛հայտարարություններ անեին:

Այս անգամ առաջամարտիկները իմքայլականներ Լիլիթ Մակունցն ու արտաքին քաղաքականության «գիտակ» Ռուբեն Ռուբինյանն էին:

Լիլիթ Մակունցը նշում է. «Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության և լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ և գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը»:

Հիշեցնենք Լիլիթ Մակունցին, որ Ալիևը հայկական իրականության մեջ միշտ էլ բռնապետի համբավ է ունեցել, և հենց Նիկոլ Փաշինյանի կողմից էր նա «կիրթ» համարվել, և որի հետ իր առաջնորդը ուղիղ կապ է պահպանում:

«...մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը և ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ և հանդես ենք գալիս միասնական ճակատով»,- ասում է մշակույթի նախկին նախարարը:

Հարց է առաջանում. միասնական ճակա՞տ: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր այն գործիչը, որ անվանարկում էր սեփական բանակը: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ տարիներ շարունակ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ստեր և հերյուրանքներ էր տարածում, որոնք հերքվեցին հենց իրենց իշխանության օրոք:

Մտքի գոհարների մյուս շարանը Ռուբեն Ռուբինյանինն է: «Ես չեմ կրկնի Սերժ Սարգսյանի սխալը և ուղղակի կասեմ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որն անդառնալիորեն բռնել է տնտեսական, սոցիալական և ռազմական զարգացման ճանապարհը, և թող որևէ հետադիմական բռնապետի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ կամ մեզ սպառնալ»,- ասում է պառլամենտական դիվանագիտության «առաջամարտիկը»:

Այո, մենք բռնել ենք մի ճանապարհ. սակայն՝ այլ ուղղությամբ. Մենք բռնել ենք տնտեսական, սոցիալական և ռազմական ՀԵՏԸՆԹԱՑԻ ճանապարհը:

Ռուբեն Ռուբինյանին ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս պարապել ԵԽԽՎ գալիք նստաշրջաններին ընդառաջ՝ սխալ կոճակ չսեղմելու համար:

Ալիևին պատասխանելու փոխարեն՝ իշխանությունների թիրախը դարձյալ դարձավ Սերժ Սարգսյանը: 

Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում ճամարտակել էր. «Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են»:

Վերցնելով Մանե Գևորգյանի  համեմատական ջիղը՝ կազմենք նույն համեմատական պատկերը՝ օգտագործելով հենց Մանե Գևորգյանի բառամթերքը.

«... Ի դեպ, Իլհամ Ալիևի լեզուն է երկարել. Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վիզը ծուռ, բանակցում է և Ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ առաջարկում, իսկ այսօր Զաքիր Հասանովը՝ վիզ ծուռ, խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը Ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից՝ շնորհիվ բանակում իրականացվող տարիների, առավել ևս՝ 2016 թվականից հետո իրականացված բարեփոխումների:

Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաեւ ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաեւ օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, որոնց մեծ մասը գնվել են նախորդ իշխանությունների պայմանավորվածությունների համաձայն, որոնց գնման անվան տակ միլիոնավոր դոլարների գործարքներ կան, տեսնում են՝ ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, և որքան պարգևավճարներ են ստանում ոչինչ չանող և չծառայած իմքայլականները, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում նաև հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա և այն, որ սննդի որևէ խնդիր չի եղել նույնիսկ ապրիլյան պատերազմի ընթացքում, եւ ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային եւ որը ապազգային իշխանությունը:
Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները եւ ունեցվածքը: Եվ ինչու է նրա եւ նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն»:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն