Նացիստական նկրտումներով իմքայլական պատգամավորը դասախոսների վերաբերյալ մատնագիր է ներկայացնում

article-image

Հունիսի 24-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ով Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ է նաև, ԱԺ ամբիոնից անդրադարձ կատարեց կրթական համակարգին, մասնավորապես՝ բուհերին և հեռավար կրթությանը, որին անցել էին ուսումնական հաստատությունները Covid-19 համավարակի պայմաններում:

Բադալյանը նշել է, որ հեռավար կրթության գործընթացի ժամանակ իր համար առանձնացրել է մի քանի տիպի դասախոսների, որնցից մի տիպը, իր խոսքերով, նորմալ կերպով կազմակերպել են դասապրոցեսը, իսկ մյուս մասը՝ դուրս գտնվելով վերահսկողությունից, միֆեր են պատմել «հեղափոխության» մասին ուսանողներին: Բադալյանին վրդովվեցրել է այն, որ դասախոսները «վերահսկողությունից դուրս» լինելով քննադատել են կառավարությանը, մասնավորապես՝ վարչապետին: Նա նաև նշեց, որ այդ անունները կփոխանցի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
 


 

Ի՞նչ է ստացվում. խորհրդարանական մեծամասնության ուժի պատգամավորը, ով ի դեպ Ագային ժողովում կրթությանը վերաբերող հարցերով չի զբաղվում, նախարարին կոչ է անում վերահսկել այն դասախոսներին, ովքեր օգտվելով խոսքի ազատության իրավունքից, հնարավոր քննադատություններ են հնչեցրել կառվարության և / կամ վարչապետի վարած քաղաքականության, գործունեության վերաբերյալ: ԵՊՀ գիտական խորհուրդն իր հայտարարության մեջ նշել է, որ որոշ մասնագիտությունների պարագայում (իրավագիտություն, քաղաքագիտություն, պատմություն և այլն) օբյեկտիվ անհրաժեշտություն են քաղաքական, պատմական, իրավական գործընթացների զուգահեռների անցկացումը, քննադատական վերլուծությունը։ 

Իշխանական պատգամավորի պատկերացումներով՝ բուհերում պետք է բացառել այլակարծությունը, ինչպես, օրինակ, բացառված էր նացիստական Գերմանիայում, երբ ուսումնական հաստատություններում պատվում էին բռնապետ Ադոլֆ Հիտլերին կամ Սովետական միության ժամանակվա ավտորիտար առաջնորդների հասցեին քննադատական խոսք հնչեցնելը հանցագործություն էր: Այլակարծություն կամ մասնագիտական քննադատություն հնչեցրած  դասախոսների անունները մատնագրի պես ներկայացնել մյուս իշխանականներին, որպեսզի «վերահսկողություն սահմանվի» հեղափոխության հետ մասնագիտական տեսանկյունից անհամաձայնություն հայտնող դասախոսների նկատմամբ, խոսքի ազատությանն ուղղակի միջամտություն է պաշտոնյայի կողմից: Հարցի լրիվ մեկ այլ կողմն էլ այն է, թե իմքայլական պատգամավորի ձեռքում ինչպե՞ս են հայտնվել դասախոսների անուններ:

Բադալյանը կոչ է անում դասախոսական կազմի մաղում իրականացնել: Արդյո՞ք պատգամավորի լիազորությունների մեջ է մտնում բուհերի կադրային քաղաքականության վերահսկողություն կամ որևէ կերպ դրան միջամտությունը: «Մաղելու» քաղաքականության իրավասությունն անգամ ԿԳՄՍ նախարարությանը չի պատկանում, որի նախարարին Բադալյանը պատրաստ է մատնագիր ներկայացնել, որի փաստական հանգամանքները, ծագումը անհայտ է:  Բուհն ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, ինչպես նաև՝ բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը:

Բուհերը և, ընդհանրապես, ուսումնական հաստատությունները ապաքաղաքական կառույցներ են, որտեղ, թե դասախոսները, թե ուսանողները չպետք է կաշկանդված լինեն իշխող ուժի կարծիքով: Լուսինե Բադալյանը՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, ոտնահարում է դասախոսների խոսքի ազատության, մասնավորապես՝ իշխանություններին քննադատելու իրավունքը, ինչպես նաև ոտնահարում է դասախոսների արժանապատվությունը և բարի համբավը՝ հասարակության աչքին վերջիններիս գործունեությունը ամոթալի և անընդունելի երևույթ ներկայացնելով: 

Կրթական համակարգը թաթախված է բազմաթիվ խնդիրների մեջ, որոնց թվին գումարվեց նաև հեռավար կրթության, մեղմ ասած, թերի լինելը, քանի որ բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ ուղղակի հետ մնացին իրենց ուսումնառության գործընթացից: Կրթական իրական խնդիրները թողած՝ պատգամավորը՝ լիազորությունների շրջանակներից դուրս գալով, ԱԺ ամբիոնից մատ է թափ տալիս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի վրա «փորձվել եք մեզ կամ վարչապետին ինչ որ բան ասել» սկզբունքով: Ի՞նչ աղերս ունի այս ամենը ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ:

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն