Դավիթ Շահնազարյանի՝ «Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանի 5-րդ շարասյունն է» հարցազրույցը դարձել է «Golosarmenii» կայքի վրա DDoS հարձակման պատճառ. հարցազրույցն՝ ամբողջությամբ

article-image

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը հարցազրույց է տվել Golosarmenii.am-ին, որը դարձել է կայքի վրա DDoS հարձակման պատճառ։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հայկական հատուկ ծառայություններում «բակատինշչինայի» ժամանակաշրջան է

-Խորհրդարանում տեղի ունեցած հայտնի քվեարկություններից հետո իրավիճակը բաժանվեց «մինչ և հետո»-ի. ըստ ձեզ, ինչպե՞ս է այն զարգանալու հունիսի 22-ից հետո:

-Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 22-ին, լիովին տեղավորվում է Փաշինյանի, իր կառավարության ու խորհրդարանական մեծամասնության կողմից արդեն 2 տարի շարունակ իրականացվող քաղաքականության հունի մեջ։ Այդ օրը փլուզվեցին սահմանադրական բոլոր նորմերը, ավարտին հասցվեց սահմանադրական կարգի տապալումը, ինչը սկսվել էր դեռևս 2018 թվականին, իրականացվեց ՍԴ-ի զավթում։ Այսուհետ Սահմանադրությունը չի գործում, իշխանությունն օրենքից դուրս է դրել իրեն։ Արդեն 2 տարի է, ինչ Հայաստանում իշխանությունը գտնվում է արտաքին կառավարման տակ։ Այն կենտրոնում, որտեղից իրականացվում է այդ կառավարումը, բաժնետոմսերի մի մեծ փաթեթ (հնարավոր է նույնիսկ՝ վերահսկիչ փաթեթը) պատկանում է Ադրբեջանին։

Իշխանությունը Ադրբեջանի 5-րդ շարասյունն է։ Ի տարբերություն այն 5-րդ շարասյան, որի մասին խոսում էր Ֆրանկոն, Փաշինյանի 5-րդ շարասյունը Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների վրա հարձակումը սկսեց շատ ավելի շուտ, քան գործի կդրվեն Ադրբեջանի մյուս շարասյուները։ Անդրադառնալով հունիսի 22-ին՝ նշեմ, որ օրը բնավ պատահական չէր ընտրված. այն, ինչ այսօր անում են Հայաստանի և Արցախի հետ, շատ նման է Խորհրդային Միություն ներխուժելու Հիտլերի ծրագրին, դա տեղի ունեցավ 1941 թվականի հունիսի 22-ին: Այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, հիշեցնում է «Բարբարոսսա» ծրագիրը: Հենց որ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել հունիսի 24-ի զորահանդեսին, Բաղրամյան պողոտայից անհետացան հայ զորահրամանատարների դիմանկարները, որոնք ծանրակշիռ ավանդ են ունեցել ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի գործում։

-ԱԱԾ-ի դիմումը բնակչությանը՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի կողմից տրված ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու խնդրանքով, վկայում է այն մասին, որ այդ հատուկ ծառայությունն արդեն գոյություն չունի մեզ համար սովորական դերում: Ի՞նչ է սա. վերադարձ զանգվածային մատնությունների դարաշրջանի ՆԳԺԿ-ի՞ն:

-Ընթանում է պետական կառույցների իսպառ ոչնչացում, 89 պատգամավորներ պետական հանցանք գործեցին, և թող ոչ ոք չկասկածի, որ նրանք բոլորը ձերբակալվելու են և կանգնելու դատարանի առջև: Շատ շուտով ընդդիմությունը ստիպված է լինելու լուծել այն խնդիրը, թե ինչպես պաշտպանի Փաշինյանին ու իր զինակիցներին ինքնադատաստանից, որպեսզի ամեն ինչ օրինական լինի, քանզի հունիսի 22-ին տեղի ունեցածից հետո ընդդիմության համար շատ դժվար կլինի իշխանափոխություն իրականացնել Սահմանադրության շրջանակներում։ Այդ օրը տեղի ունեցավ Սահմանադրության խմբային բռնաբարություն քաղաքական իմպոտենտների կողմից։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա ես այդ շենքից հեռացել եմ ավելի քան քառորդ դար առաջ։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի վատ բան չեմ ասել հայկական հատուկ ծառայությունների հասցեին։ Ոչ այնքան վաղուց ես կասկած հայտնեցի, որ Փաշինյանն իր պայքարում (ոչ միայն ներքաղաքական) կարող է օգտագործել ԱԱԾ-ում պահվող պետական գաղտնիքները։ Բոլոր հիմքերն ունեմ այն մտավախության համար, որ հայկական հատուկ ծառայություններում այսօր «բակատինշչինայի» ժամանակաշրջան է (Վադիմ Բակատինը ՊԱԿ-ի վերջին ղեկավարն էր, որին մեղադրում են Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը տեղադրված գաղտնալսող սարքի եզակի սխեման ամերիկացիներին փոխանցելու մեջ. այդ ժամանակից ի վեր «բակատինշչինան» ազգային շահերի դավաճանության հոմանիշն է- Մ.Մ.), լուրջ կասկածներ կան, որ այսօր հայկական հատուկ ծառայությունները կառավարվում են նույն կենտրոնից, որտեղից կառավարվում է Փաշինյանի կառավարությունը։ Ես խոսում եմ ուղիղ կառավարման մասին՝ շրջանցելով վարչապետին…

Դրանք կլինեն ռազմատենչ հայտարարություններ

-Հենց այն կենտրոնից, որտեղ բաժնետոմսերի պատկառելի փաթեթը պատկանում է Ադրբեջանի՞ն:

-Այո, այս իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Այդ կենտրոնում կան և՛ Սորոսի բաժինը, և՛ աշխարհաքաղաքական այլ ուժերի բաժնետոմսերը։ Նրանց խնդիրն է՝ թուլացնել Հայաստանի պետական կառույցները և առաջին հերթին նրանք, որոնք պատասխանատու են պետական անվտանգության համար, որպեսզի լուծեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն Ադրբեջանի սցենարով։

-Բանա՞կն էլ է ենթարկվում է փլուզման:

-Հակառակ այդ ուժերի ջանքերին, բանակը պահպանում է մարտունակությունը, սակայն պետք չէ մոռանալ, որ Փաշինյանի քաղաքականությունը մեզ տանում է դեպի նոր պատերազմ, ընդ որում Փաշինյանը պարտություն է ծրագրում է այդ պատերազմում: Զուր են, սակայն, Բաքվում հույսեր փայփայում, որ եթե իրենք նոր պատերազմ սանձազերծեն, ապա մենք թույլ կտանք, որ Փաշինյանը մնա իշխանության ղեկին. նա կհեռացվի՝ ընդհուպ մինչև ձերբակալում։ Մենք թույլ չենք տա, որ մարտական գործողությունները ղեկավարի մի անձնավորություն, որը սպասարկում է Ադրբեջանի շահերը, և ոչ մի մասշտաբային բռնաճնշումներ մեզ չեն կասեցնի։

-Ո՞վ է ձերբակալելու Փաշինյանին։

-Ով որ հարկն է։ Այսօր ես վստահ չեմ, որ Հայաստանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն այն մասին, թե ինչ հայտարարություններ են մեզ սպասում հունիսի 26-ին Ադրբեջանից։ Համոզված եմ, որ դրանք կլինեն ռազմատենչ հայտարարություններ, որոնցում ընդգծված կլինի, որ միջազգային հանրությունն իրենց իրավունք է տվել լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով։ Նկատի ունեմ Եվրախորհրդարանում օրերս քվեարկության դրված բանաձևը, համաձայն որի՝ ուժի չկիրառման և հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը չի վերաբերում ղարաբաղյան հակամարտությանը, իսկ Եվրամիությունն ու Եվրոպայի երկրները աջակցելու են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների կատարում պարտադրող ջանքերին։ Խոսքը, ինչպես հասկացաք, Ադրբեջանի սահմանների մասին է։

-Այդ հայտարարություններին կհաջորդեն կոնկրետ գործողություննե՞ր:

-Ես դա չեմ պնդում, բայց պատերազմն անխուսափելի է, քանի դեռ իշխանության ղեկին Փաշինյանն է, թեև նրա կառավարմանը արդեն քիչ է մնացել։

Նախորդ իշխանության եղունգն անգամ չարժեն…

-Ի՞նչ հիմքեր ունեք նման կանխատեսման համար:

-Ընդդիմությունը հզոր գործընկեր ունի իշխանությանը տապալելու գործում, դա ինքը՝ Փաշինյանն է։ Այնքանն էլ բավական է, թե ինչ վիճակի է նա հասցրել երկիրը կորոնավիրուսի տարածման առումով։ Ես չեմ կարծում, թե այս վիճակը անկարողության կամ անգրագիտության հետևանք է. համոզված եմ, որ մենք գործ ունենք հայ ժողովրդի դեմ ուղղված միտումնավոր քաղաքականության հետ։ Դա նպատակաուղղված քաղաքականություն է։ Ցավոք, ընդդիմության ճամբարում ոչ բոլոր ուժերն են իրապես գնահատում իրավիճակը. կցանկանայի, որ այդ ճամբարում ավելի հաճախ հնչեր «Մենք», քան «Ես»։

-Այսօր ընդդիմություն են դառնում նրանք, ովքեր վախենում են, որ իրենց նստեցնեն, կամ էլ նրանք, ովքեր ինքնադրսևորվում են Նիկոլի հաշվին ու ինքնահաստատվում նախկին իշխանությանը քննադատելու միջոցով։ Նիկոլն արդեն հասկացել է, որ կոնկրետ գործողություններին դեռ շատ ժամանակ կա։ Ձեռքը դնելով սրտին՝ նշենք, որ այս խոսարանը արդեն շատերին ձանձրացրել է։ Կոնկրետ ի՞նչ պետք է ձեռնարկի ընդդիմությունը, որպեսզի դիմակայությունը խոսքերից անցնի կոնկրետ գործողությունների։

-Կա ճակատային գիծ, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է կրակել երկու ուղղությամբ, ապա այդ հրաձգությունը դատապարտված է ձախողման: Իսկ նրանց, ովքեր փորձում են շահաբաժիններ հավաքել նախկին իշխանություններին քննադատելու հաշվին, ես ամենայն վստահությամբ կասեմ, որ նրանք նախորդ իշխանության եղունգն անգամ չարժեն։ «Նախկիններից» անջրպետվելու փորձերը միայն թուլացնում են ընդդիմությանն ու ջուր լցնում Նիկոլի ջրաղացին։ Այսօր դիմադրության բևեռներ շատ կան, բայց չկա այն քաղաքական կառույցը, որին հասարակությունը կընկալեր որպես գործող իշխանության այլընտրանք։ Վստահ եմ, որ մոտ ժամանակներս նման կառույց կհայտնվի…

-Դուք խոսում եք Ազգային համաձայնության կառավարության մասի՞ն:

-Հակաճգնաժամային կառավարության գաղափարը կյանքի կոչելու համար՝ նախ պետք է ձևավորել այն քաղաքական ինստիտուտը, որն իշխանության իրական այլընտրանքի դեր կխաղա հասարակության աչքում։

Աղբյուր՝ Golosarmenii.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն