«Պատասխանի ուղարկումը փոքր-ինչ ձգձգվել է». ԵՄ պաշտոնյան՝ վարչապետի աշխատակազմի կողմից մանիպուլյատիվ կերպով ներկայացված նամակի մասին

article-image

Օրերս գրել էինք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը իշխանական քարոզչամեքենան ներկայացրել է մանիպուլյատիվ կերպով՝ որպես պաշտոնական Բրյուսելի կողմից հունիսի 22-ին Ազգային ժողովում իշխող ուժի և մեկ անկախ պատգամավորի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նկատմամբ դրական վերաբերմունք։

«Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա» վերնագրով նամակը տարածվեց իշխանական ծագում ունեցող լրատվականներում, իմքայլական պատգամավորների էջերում, կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Նամակի հայերեն թարգմանությունը լրատվամիջոցներին տրամադրել էր Վարչապետի աշխատակազմը՝ չնշելով, թե երբ է նամակը ուղղվել վարչապետին։

Նամակի բնօրինակ տարբերակը ստանալուց հետո պարզեցինք, որ այն գրվել է մինչև հունիսի 18-ը, քանի որ նամակում նշվում էր «առաջիկայում՝ հունիսի 18-ին, Արևելյան գործընկերության առաջնորդների վիդեոկոնֆերանսի մասին», որին մասնակցելու էր նաև Նիկոլ Փաշինյանը, հետևաբար նամակը որևէ ձևով չէր կարող առնչվել Սահմանադրական դատարանին առնչվող սահմանադրական փոփոխությունների նախագծին, քանի որ նամակը գրելու պահին նախագիծը դեռևս գոյություն չուներ։

Հաշվի առնելով, որ հունիսի 24-ին նամակը մամուլում տարածվեց հասարակությանը մանիպուլացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նամակը վերաբերվում էր հունիսի 18-ի իրադարձություններին, և ենթադրաբար այն պետք է գրված լիներ ավելի վաղ, AntiFake.am-ը ԵՄ կառույցների ղեկավարներից հետաքրքրվել էր, թե ինչով է պայմանավորված «ամսաթվային խառնաշփոթը»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված AntiFake.am-ի նամակին պատասխանել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն, որում ասվում է.

«Նախագահներ Միշելը և Ֆոն Դեր Լեյենը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի, նամակ են ուղարկել հունիսի 22-ին: Պատասխանի ուղարկումը փոքր-ինչ ձգձգվել է, այդ պատճառով է, որ նամակում հղում է կատարվել այնպիսի իրադարձությունների, որոնք արդեն իսկ տեղի էին ունեցել, որոնցից է, օրինակ, Արևելյան գործընկերության առաջնորդների վիդեոկոնֆերանսը»:

(«Presidents Michel and von der Leyen sent on 22 June a letter in reply to correspondence from Prime Minister Pashinyan. The reply was a little delayed in its transmission, which is why it refers to events that have now taken place, such as the Eastern Partnership leaders’ VTC»)

Թե ինչպես է ստացվել, որ մինչև հունիսի 18-ը գրված նամակը վարչապետի աշխատակազմին էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է միայն հունիսի 22-ին, դժվարանում ենք պատկերացնել, բայց ևս մեկ անգամ արձանագրենք, որ վարչապետի աշխատակազմը, նամակի հայերեն թարգմանության մեջ չտրամադրելով նամակի բնօրինակի վերջին պարբերության թարգմանությունը, ինչպես նաև լրատվամիջոցներին, այդ թվում նաև AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան չնշելով, թե ինչ իրադարձությունների կապակցությամբ է ստացվել նամակը, մանիպուլացրել է հասարակությանը՝ այն հրապարակելով ստանալուց 2 օր անց և ներկայացնելով որպես պաշտոնական Բրյուսելի կողմից դրական վերաբերմունք վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ։

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը