Արման Բաբաջանյանն իր սեփական լրատվամիջոցին կոչ է արել իր մասին կեղծիք չտարածել, իսկ «սուտ տեղեկությունը» կայքից հեռացվել է

article-image

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին, ներկայումս անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններով գրառում է կատարել։

Բաբաջանյանը մասնավորապես գրել է. «Որոշ նեղմիտ հիմարներ, ովքեր վաղուց լուսավորականությունը փոխել են իրենց էությանը հարազատ խավարասիրական զբաղմունքի հետ, շարունակում են իմ լուսանկարով Հանուն Հանրապետության կեղծ էջի միջոցով հանրայնացնել իրականության հետ ոչ մի կապ չունեցող սուտ տեղեկություններ»։ Այնուհետև առանձին դիմել է ԶԼՄ-ներին. «Բարեխիղճ լրատվամիջոցներին կոչ եմ անում չտարածել այս կեղծիքը»։
 


 

Բաբաջանյանը նկատի ունի «Հանուն Հանրապետության» ֆեյսբուքյան էջում տեղադրված մի հրապարակում, որում նշվում է, որ նա «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում», որը մեծ տարածում է գտել համացանցում՝ ուղեկցվելով խիստ քննադատական գրառումներով։

Խնդիրն այն է, որ այդ ֆեյսբուքյան էջի նշված հրապարակումն առաջին հերթին տեղադրվել է Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցում՝ 1in.am-ում, Բաբաջանյանի համար «ամենախնդրահարույց» վերնագրով, որը արդեն համացանցում տարածվելուց հետո հեռացվել է կայքից։
 


 

Զարմանալի է, թե ինչպես Արման Բաբաջանյանին պատկանող լրատվականում աշխատող լրագրողները չգիտեն, թե ո՞րն է իրենց «ղեկավարի»՝ Արման Բաբաջանյանի ստեղծած «Հանուն Հանրապետության» շաժման իրական ֆեյսբուքյան էջը։ Ինչպե՞ս է ստացվել, որ կեղծ էջի տեղեկությունն առաջին հերթին հայտնվել է հենց այդ լրատվականում։ Այդքանից հետո սեփական լրատվականին թողած` Բաբաջանյանը ի՞նչ իրավունքով է վիրավորում մյուսներին իբրև թե սուտ տեղեկություններ տարածելու համար։ Ինչու՞ իր ֆեյսբուքյան գրառման մեջ չի անդրադառնում իր լրատվամիջոցին` որպես անբարեխիղճ լրատվություն մատուցողի և սուտ տեղեկություններ տարածողի:

Իսկ միգուցե Բաբաջանյանը դիտավորյա՞լ է կազմակերպել այդ ամենը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թեզի վերաբերյալ հանրության կարծիքը «շոշափելու» համար, և բազմաթիվ կոշտ քննադատությունների արժանանալուց հետո որոշել է կազմակերպել կեղծ էջի մասին այդ բեմականացումը։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է այսպիսի անհարմար իրավիճակում։ Բաբաջանյանը, պատգամավոր լինելով հանդերձ, բազմիցս կեղծ տեղեկություններ է տարածում իր ֆեյսբուքյան էջում։

Օրինակ, Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր դեռևս 2018 թվականի նկար` արված նախարարների երդման արարողության ժամանակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տնտեսական զարգացման և ներդրումների այն ժամանակվա նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ, որը, գլուխը խոնարհած, սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Բաբաջանյանը նրան ներկայացրել էր որպես ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան և վիրավորական արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին։

Պատգամավորը, որը լծվել է իշխանության գաղափարական առաջնահերթությունները և քաղաքական օրակարգերը քարոզելու գործին, այդ ամենն իրականացնելու համար օգտագործում է տարատեսակ գործիքակազմ, որի մեծ մասը կազմում են սուտը, կեղծիքն ու մանիպուլյացիաները։ Նրան պատկանող լրատվականը նույնպես չի վայելում օբյեկտիվ և անաչառ լրատվականի համբավ և հաճախ հայտվում է կեղծ լուրեր տարածող ԶԼՄ-ի կարգավիճակում։

 

Աղբուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝
 Համացանցում տարածվող նկարում ՍԴ նախագահը չէ. պատգամավոր Արման Բաբաջանյանը կեղծիք է տարածում
 «Արցախյան անհնազանդ հերոսները համագործակցում են արտաքին ուժերի հետ». 1in.am: Իշխանական քարոզչամեքենայի «զոհը» այս անգամ գեներալ Վիտալի Բալասանյանն է
 1in.am-ը ապատեղեկատվություն է տարածում. Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ չի հարուցվել
 «Fake news»-ից անընդհատ բողոքող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կեղծիք է տարածում իր ֆեյսբուքյան էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն