ԱԺ-ում կա կորոնավիրուսով վարակված 5 աշխատակից, 6 պատգամավոր, 12 ինքնամեկուսացված պատգամավոր». ԱԺ աշխատակազմի ղեկավար. Pastinfo.am

article-image

«Pastinfo.am»-ն գրում է.

«ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տիրապետում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ ամբողջական տվյալներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշեց, թե «ԱԺ աշխատակազմը տիրապետում է միայն այն տվյալներին, որոնք իրենց փոխանցում են պատգամավորները՝ նշելով, թե «օրենքով սահմանված չափանիշ չկա, որ պատգամավորը պարտավոր է գալ ու ասել, որ հիվանդ է»։ 

Ըստ նրա տրամադրած տվյալների՝ ներկայումս կա մոտ 18 վարակված եւ ինքնամեկուսացված պատգամավոր։ «Այս պահին մենք հավաքագրել ենք ու իմ ձեռքի տակ կան հետևյալ տվյալները՝ 5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր, և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»,- ասաց Տ.Գալստյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ վարակակիրներ ու ինքնամեկուսացածներ կան թե «Իմ քայլը», թե «ԲՀԿ» խմբակցությունից։ ԼՀԿ խմբակցության պատգամավորների վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չունի։

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պնդում էր, թե պատգամավորները որեւէ պարտավորություն չունեն՝ իրենց վարակակիր լինելու մասին հայտնել ԱԺ աշխատակազմին։

«Առավելագույնը, որ մենք կարող ենք իմանալ, դա ԱԺ մուտքի մոտ ջերմաչափում իրականացնելու արդյունքում ֆիքսված տեղեկությունն է, և, եթե որևէ աշխատակից կամ պատգամավոր նորմայից բարձր տաքություն է ունենում մենք նրանց հետ ենք ուղարկում տուն»,- ասաց ԱԺ պաշտոնյան։ «Փաստինֆոյի» այն դիտարկմանը, որ միայն բարձր ջերմության առկայությունը դեռևս չի խոսում կորոնավիրուսով վարակված լինելու փաստի մասին, Տիգրան Գալստյանն արձագանքեց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուրիշ ի՞նչ կերպով են իմանում հիվանդության առկայության մասին ...»։ Մեր հակադարձմանը՝ որ տվյալ դեպքում՝ ախտանիշեր ունեցող աշխատակիցները կամ պատգամավորները թեստ են հանձնում և արդյունքների մասին տեղյակ պահում ԱԺ աշխատակազմին, Տիգրան Գալստյանը պատասխանեց, թե. « Հնարավոր է, որ պատգամավորը թեստ հանձնի և դրական արդյունք գրանցած լինի, բայց չցանկանա այդ մասին բարձրաձայնել»։

Եւ միայն «Փաստինֆո»-ի պնդումից հետո, որ վարակակիր լինելու մասին տեղեկատվությունը թաքցնելը համարվում է հանցագործություն, քանի որ վարակը հաստատվելու դեպքում վարակակիրը, կոնտակտավորները պարտավոր են մեկուսանալ, ինքնամեկուսանալ, իսկ տվյալ պարագայում լրատվական գործակալությունն ակնկալում է ստանալ բացառապես թվային տվյալ՝ առանց նույնականացնելու հիվանդի ինքնությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը տրամադրեց վերը նշված վիճակագրական տվյալները։

Ի գիտություն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ու պատգամավորների տեղեկացնենք, որ բոլորովին վերջերս է խորհրդարանը քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ ու քրեական պատասխանատվություն նախատեսել, թե Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու (277.1-րդ հոդված), թե Նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու (124.1-րդ հոդված) համար։ Ավելին, ընդունվեց նաեւ տեղորոշման մասին օրենքը եւ գործող օրենսդրությունը տարածվում է բոլորի վրա, հետեւապես պատկան մարմինները պարտավոր են պարզել, թե արդյոք պատգամավորների շրջանում եղել են վարակակիրներ, որոնք թաքցրել են այդ մասին, կամ վարակակիր, կոնտակտավոր լինելով հանդերձ մասնակցել ԱԺ աշխատանքներին եւ տալ համարժեք իրավական գնահատական։ Քրօրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը միայն տաքսու վարորդների համար չէ»։

Աղբյուր` Pastinfo.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն