Ինչպես Հայաստանում, նույնպես արտասահմանում հիասթափությունն ակնհայտ է. Գլենդելահայ քաղաքական վերլուծաբանը՝ ի աջակցություն Փաշինյանի հրավիրված 10 հոգանոց հանրահավաքի մասին

article-image

Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց հանրահավաք է տեղի ունեցել` ի աջակցություն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործողությունների, որին մասնակցել է ընդամենը 10 մարդ։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքական վերլուծաբան, Գլենդելում բնակվող Ռոբերտ Մարգարեանի ֆեյսբուքյան էջից, որը ուղիղ եթերով ցուցադրել է հավաքի ընթացքը։
 


 

Մենք Ռոբերտ Մարգարեանից հետաքրքրվեցինք հավաքի մանրամասների մասին, ինչպես նաև զրուցեցինք Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցներից և ներքաղաքական թեմաների շուրջ։

Մարգարեանը հայտնեց, որ հունիսի 28-ին տեղի ունեցած հավաքի մասին վերջին շաբաթների ընթացքում համայնքում քարոզչություն է տարվել. «Դա նախաձեռնել էր հասարակական աշխատանք ծավալած խմբերից մեկը, որը գլխավորում է Անդրանիկ Դովլաթյանը, ով հայտնի է իր լայվերով: Քարոզչությունը հիմնականում իրականացվում էր ֆեյսբուքյան լայվերի միջոցով, որոնք հաճախ մի քանի հազարի հասնող դիտումներ են ունենում»:

Ռոբերտ Մարգարեանն ի սկզբանե կանխատեսել էր հավաքի սակավամարդությունը. «Հենց սկզբից էլ ես բազմամարդ հանրահավաքի ակնկալիք չունեի: Անցած սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի` Լոս Անջելես կատարած այցի ժամանակ էլ, չնայած շուրջ մեկ ամիս բոլոր հեռուստակայաններից հեռարձակվող բազմաթիվ գովազդներին, հենց վարչապետի կատարած խոստովանությամբ ընդամենը  20 հազար հոգանոց մասնակցություն եղավ, այն էլ մի տարածքում, որտեղ մի քանի հարյուր հազարի հասնող հայեր են բնակվում:  Բնականաբար, առաջին պատճառը թեմայի անհետաքրքրությունն էր ու նաև հիասթափությունը», - նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ այն մտայնությունը, թե Լոս Անջելեսում ու մասնավորապես` Գլենդելում բնակվող հայությունը շարունակում է նախկինի պես աջակցել Նիկոլ Փաշինյանին, իրականությանը չի համապատասխանում։

Վերլուծաբանը նաև համաձայն չէ գլենդելահայությանը սոցիալական ցանցերում ակտիվ և իրենց հայհոյանքներով հայտնի դարձած կանանց հետ նույնացնելու կարծիքներին. «Անշուշտ, համայնքում Նիկոլ Փաշինյանն ունի աջակիցներ, սակայն գոյություն ունի մի ստվար խավ, ով երկու տարի առաջ ակտիվորեն աջակցում էր «հեղափոխությանը», սակայն այսօր ակտիվորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին: Նաև քիչ չէ նրանց թիվը, ովքեր ինձ պես հենց առաջին օրվանից 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները համարել են ժողովրդին չարաշահելու միջոցով իրականացված իշխանափոխություն»։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ արտագաղթած մեր հայրենակիցների ունեցած վերաբերմունքին՝ գլենդելաբնակ մեր հայրենակիցը նշում է, որ մեծամասամբ 1990-ականների սկզբներին ԱՄՆ արտագաղթած մեր հայենակիցների մոտ, որոնցից ոչ բոլորին է հաջողվել կերտել իրենց երազած բարեկեցիկ կյանքը և որոնք շարունակ մեղավորներ են փնտրել, «հեղափոխության» օրերին առկա էր խանդավառություն՝ հավելելով, որ դա ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ ժամանակի ընթացքում իրողություններն ի հայտ եկան. «Ինչպես Հայաստանում, նույնպես արտասահմանում հիասթափությունն ակնհայտ է», - նշում է քաղաքական վերլուծաբանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կան մարդիկ, ովքեր, անսալով Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու և Հայաստանում հաստատվելու կոչերին, եկել են Հայաստան և բնակվում են այստեղ, Մարգարեանը հայտնեց, որ առնվազն իր շրջապատում նման մարդիկ չկան, և չի էլ ենթադրում, որ դրանք կարող են մեծ թիվ կազմել. «Բնականաբար, պատճառը հստակ քաղաքականության ու համապատասխան պայմանների բացակայությունն է: Միայն գեղեցիկ խոսքերով չես կարող ներգաղթ  կազմակերպել», - նշում է մեր հայրենակիցը և հարցնում՝ ինչպե՞ս կարելի է սփյուռքահայերին խրախուսել հայրենիք վերադառնալ, երբ ըստ որոշ տեղեկությունների` նույնիսկ Սփյուռքի հարցերի  գլխավոր հանձնակատարը պատրաստ չի եղել իր ընտանիքի անդամներին Հայաստան փոխադրել:

Մարգարեանը հետևում է Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի վարած արտաքին քաղաքականությանը և կարծում, որ այդ բնագավառում մեր  իշխանությունները լիարժեքորեն ձախողվել են. «Չեմ հիշում` երկրի ղեկավարը վերջին անգամ երբ է շփում ունեցել որևէ այլ երկրի ղեկավարի հետ: Երկու այցեր են կատարվել ԱՄՆ, սակայն մինչ օրս որևէ բարձր մակարդակի հանդիպում տեղի չի ունեցել: Եվրոպական այցերն ընդհանրապես աշխատանքային բնույթ են կրել: Եթե հիշողությունս չդավաճանի, երկու տարիների ընթացքում պաշտոնական հրավերով միայն երկու այցեր են եղել. մեկն` Իրան, մյուսը՝ Սինգապուր», - նշեց Մարգարեանը։

Քաղաքական վերլուծաբանը ակնհայտորեն հակասահմանադրական է համարում Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները և նշում, որ դա երկրում սահմանադրական հեղաշրջում է։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ իշխանությունների մղած պայքարին, հիմք ընդունելով վիճակագրական թվերը` Մարգարեանը կարծում է, որ իշխանությունները ծանր պարտություն են կրել. «Չեմ կարծում, որ աշխարհում կարելի է գտնել որևէ երկիր, որտեղ համավարակի դեմ պայքար ծավալած լինեն ոստիկանական մեթոդներով: Համավարակի դեմ պայքարի կապակցությամբ մեր իշխանությունների գրեթե բոլոր քայլերը ուշացած են եղել, սկսած համավարակի առաջին ազդանշանները երևան գալուն զուգահեռ հանրաքվեի քարոզարշավը շարունակելուց` մինչև կորոնավիրուսի կիզակետը համարվող Միլանից թռիչքների չդադարեցվելը: Այն գիտակցված լոքդաունը, որի մասին օրերս հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, իրականություն պիտի դառնար ամիսներ առաջ ԶԼՄ-ների միջոցով իրականացվող համապատասխան քարոզչության միջոցով, սակայն, ինչպես արդեն նշեցի, գիտակցված լոքդաունի փոխարեն իշխանությունները գերադասեցին բիրտ ոստիկանական մեթոդները, որոնք ժողովրդի մոտ ավելի շուտ բացասական ռեակցիա են առաջացնում», - եզրափակեց մեր զրուցակիցը։

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն