Կորոնավիրուսային իրավիճակն անլրջացնողները. Իմքայլականները թքա՞ծ ունեն Թորոսյանի հորդորների վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

article-image

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի իրավիճակը շարունակում է վատթարանալ, գրանցվում են վարակման հազարավոր, մահվան` հարյուրավոր դեպքեր:

Ստեղծված իրավիճակի հաղթահարման լուծումը, ըստ ինքն իրեն մշտապես հակասող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «գիտակցված լոքդաունն» է: Նախարարն օրերս առաջարկել է սահմանափակել ոչ կենսական շփումները և անգամ շաբաթ-կիրակի օրերին մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, պիկնիկների, դադարեցնել տարբեր ուրախ առիթների՝ ծննդյան արարողությունների, ամուսնության տարեդարձերի նշումը և այլն: Թորոսյանը նաև հորդորել է դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները, քանի որ դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Փոխարենը Թորոսյանն առաջարկել է պատվիրել սնունդը  և միայնակ սնվել։

Հետաքրքիր է այն, որ սրճարան-ռեստորան այցելությունների վտանգավորության գիտակցմանը եկած և քաղաքացիներին սրճարան-ռեստորան այցելություններից խուսափելու խորհուրդ տվող Թորոսյանին վերջերս էին նկատել սրճարաններից մեկում, ինչը Թորոսյանը այդ ժամանակ պարզաբանել էր նրանով, որ մայիսի 4-ից սրճարանների բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին:

Նկատենք նաև, որ նախարարի սրճարան-ռեստորան չգնալու հորդորները կարծես թե «առ ոչինչ» են իշխանության որոշ ներկայացուցիչների համար: Օրինակ, երեկ՝ հունիսի 28-ին, համացանցում են հայտնվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հրաչյա Հակոբյանի սրճարանում ու փողոցում արված լուսանկարները:

Հրապարակված լուսանկարներից պարզ է դարձել, որ վերջիններս խախտել են հակահամաճարակային կանոնները՝ փողոցում երբեմն չեն պահպանել սոցիալական հեռավորությունը և չեն կրել դիմակ: Այս պաշտոնյաների սրճարան այցելելն էլ ինքնին վկայում է Թորոսյանի հորդորներին չենթարկվելու մասին:

Նույնը կարելի է ասել իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին, ով երեկ նույնպես սրճարան էր այցելել:

Եթե հավատանք Թորոսյանին, ապա սրճարան-ռեստորան այցելությունները «հնարավորություն» են ստեղծում լինել առանց դիմակի և վարակել միմյանց, ուստի իմքայլական պաշտոնյաների նմանատիպ գործելաոճը, մանավանդ այն պարագայում, երբ խորհրդարանում վարակման օջախներ կան, խիստ վտանգավոր է:

Բացի այդ, պաշտոնյաները այս կերպ «օրինակ են ծառայել» ՀՀ մյուս քաղաքացիների համար, ովքեր նույնպես կարող են անտեսել բոլոր հորդորդները, այցելել սրճարաններ, փողոցում զբոսնելիս երբեմն հանել դիմակները և չպահպանել սոցիալական հեռավորությունը: Նման իրավիճակին ականատես լինելով՝ այս պաշտոնյաները, օրինակ, ուղղակիորեն զրկվում են դիմակ կրելու կոչ անելու բարոյական իրավունքից:

«Կորոնավիրուսը պինցետով հանելու ու տնական օղիով ախտահանելու» տրամաբանության մեջ արվող նմանատիպ քայլերը իշխանության ներկայացուցիչների կողմից հերթական անգամ անլրջություն են հաղորդում երկրում ստեղծված իրավիճակին:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը