Իշխանությունների արշավը մամուլի դեմ

article-image

Դավոս կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մամուլը Հայաստանում այժմ ազատ է, քան երբևէ: Սակայն այն դեպքերը, երբ իշխանությունները ուղղակիորեն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքներին և նրանց հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչեցնում, քիչ չեն, իսկ դա որևէ կերպ չի բնորոշում ազատ, առանց ճնշումների գործող մամուլը։ Այս հոդվածում կներկայացնենք այն աղմկահարույց դեպքերը, որոնք հիմնավորում են այն  պնդումը, որ մամուլը ներկայումս ենթարկվում է ճնշումների ներկայիս իշխանության կողմից։

Մամուլի նկատմամբ ճնշման առաջին դեպքը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման սկզբում՝ 2018թ. հունիսին, երբ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։  Գրառումը հակասական կարծիքներ առաջացրեց հանրության շրջանում։ Գերակշռող էր այն տեսակետը, որ վարչապետի նման գնահատականը միջամտություն էր հեռուստաընկերությունների գործունեությանը։ Գրառումից հետո այդ ժամանակահատվածում մամուլի նկատմամբ ճնշումների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներ դատապարտող հայտարարությամբ հանդես եկան: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հատկապես սոցիալական ցանցերում կան բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներ՝ և՛ հասարակության մի հատվածի, և՛ իշխանական քաղաքական ուժի ներկայացուցիչների ու համակիրների կողմից»։ Հայտարարության մեջ լրագրողները բարձրաձայնել էին նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում նաև՝ լրատվամիջոցներին տեխնիկական և ֆինանսական վնաս հասցնելը, լրագրողների նկատմամբ տարբերակված վերաբերմունքը, պաշտոնատար անձանց կողմից սոցիալական ցանցերը որպես տեղեկատվության փոխանցման տարբերակ ընտրելը և այլն։

Վարչապետը այդպես էլ չբացեց չակերտները և չասաց, թե որ հեռուստատեսությանն է ուղղված այդ գրառումը։ Բայց շատերը դա որակեցին որպես անուղղակի մեղադրանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ Ռոբերտ Քոչարյանից հարցազրույց վերցնելու համար։

Լրատվամիջոցների գործունեությանը ուղղակիորեն միջամտելու հաջորդ դեպքը տեղի ունեցավ, երբ հրապարակվեցին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգեց գտնել ձայնագրության հրապարակման աղբյուրը։ Վարչապետը այդ ամենում կասկածում էր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդկանց և օլիգարխներին, որոնք, ըստ իր տեղեկությունների, «ժողովրդից թալանած փողերով գնել են գաղտնալսման սարքեր, և ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ»։ Նա Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին տվեց 2 ժամ՝ բացահայտելու և կատարված աշխատանքի արդյունքները իրեն զեկուցելու համար։

Այդ բացահայտման գործընթացը հանգեցրեց ուժայինների ներխուժմանը  YerevanToday լրատվական կայքի գրասենյակ՝ հիմք ընդունելով այն, որ առաջինը հենց այդ կայքն է հրապարակել ձայնագրությունը։ Առգրավվել էին կայքի համակարգիչները և երկար ժամանակ հետ չվերադարձվեցին, ինչը խափանել էր լրատվականի բնականոն աշխատանքը։ Մինչ օրս պաշտոնապես հաստատված որևէ տվյալ չկա այն մասին, որ հենց Yerevan Today կայքն է գաղտնալսման հրապարակման հեղինակը։

Այնուհետև ուժայինները ներխուժեցին նաև այլ լրատվամիջոցների, մասնավորապես՝  News. Am  և  Aysor.am գրասենյակներ: 

Ներկայիս իշխանականները շատ հաճախ մեղադրական տոնով անդրադառնում են մամուլում տեղ գտած այն նյութերին, որոնք վերաբերվում են վերջիններիս ընտանիքի անդամներին,  նրանց ունեցվածքին, գործուղումներին և արդեն ավանդական դարձած իշխանական խնջույքներին։ Ցանկացած նման հրապարակում արժանանում է խիստ քննադատության։ Բայց դրանցից ամենախիստ քննադատության արժանացածը իշխանական «խաշ-փարթիի» վերաբերյալ «Հրապարակի» հոդվածն էր, ինչին անդրադարձավ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին դուր չէր եկել Hraparak.am-ի այն հոդվածը, որտեղ համեմատականներ էին տարվում ներկայիս և նախկին իշխանությունների միջև։ Վարչապետը երկար գրառում էր արել իր էջում՝ նշելով. «...Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում»։

Բայց չսահմանափակվելով այդքանով` վարչապետը ուղիղ եթերից նշեց, որ մամուլի 90%–ը պատկանում է իրենց ընդդիմադիր ուժերին, իսկ իրենց ընդդիմադիրների մեծ մասը  նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Ըստ վարչապետի` մամուլը նրանց «հանրապետականացնում է»` ցույց տալով, որ այս իշխանությունը նույնն է, ինչ նախորդ՝ հանրապետական իշխանությունը։ Բայց եթե լրատվականների 90%–ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, ստացվում է, որ նախկին իշխանությունները իրենց լրատվական կայքերով 24 ժամ հրապարակում էին  ապրիլ-մայիսյան ցույցերը, և  իրենք իրենց դեմ մեդիա արշավ էին սկսել։ Չե՞ք կարծում, որ այդքան էլ տրամաբանական չէ։

Վարչապետը նաև խիստ անհանդուրժող գնահատականներ հնչեցրեց իր ընտանիքի անդամների վերաբերյալ մամուլի հրապարակումներին։ Այնինչ պետության առաջին դեմքի և նրա ընտանիքի նկատմամբ այդչափ ուշադրությունը ոչ միայն նորմալ է, այլև հասարակության պահանջն է, ինչն ապահովվում է լրատվամիջոցների շնորհիվ։

Իշխանությունների կողմից նման վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ անհասկանալի է հատկապես այն պատճառով, երբ հենց այդ մամուլը նախկինում ևս հրապարակել է նմանատիպ նյութեր: Որպես օրինակ կարող ենք նշել «Հայկական Ժամանակ» օրաթերթը, որի գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը, այնուհետև պաշտոնը զբաղեցրել է վերջինիս կինը՝ Աննա Հակոբյանը, ում իմացությամբ բազմիցս մի շարք նյութեր են հրապարակվել թե՛ նախկինների ունեցվածքի, թե՛ նրանց ընտանիքների, անգամ՝ նրանց արտաքին տեսքի մասին։ Դեպքերը քիչ չեն, երբ այդ լրատվականի հրապարակումների վերնագրերն անցնում էին կոռեկտության սահմանը (օրինակ՝ «Օրվա կադրը. Վիգեն Սարգսյանի և Քիմ Քարդաշյանի շուրթերը»)։ Իսկ այժմ այս լրատվականի գլխավոր խմբագիրը կոռեկտության կոչեր է անում մյուս լրատվականներին. «Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, եւ մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում». իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը։

Հրապարակի հոդվածին անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով իր հարցազրուցում լրատվականներին մեղադրեց իրենց «հանրապետականացնելու» մեջ:

Մամուլի գործունեությանը անդրադարձել են նաև ԱԺ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Թագուհի Թովմասյանը: Մասնավորապես Թագուհի Ղազարյանը իր հարցազրույցում կոչ արեց զարգացնել մեդիագրագիտությունը և պնդեց, որ մամուլում  այժմ մեծ տեղ են զբաղեցնում մանիպուլիացիաները և բացահայտ ապատեղեկատվությունները։ Իսկ Թագուհի Թովմասյանը նույնիսկ խոստովանեց, ինքն էլ է նախկինում իր լրատվականում արել նման չափազանցված գրառումներ:

Ալեն Սիմոնյանը իր հերթին անդրադառնալով մամուլի գործունեությանը, նշել է, որ իշխանության դեմ հայտարարված է մեդիա պատերազմ, և իրենք ընդունում են մարտահրավերը:

Նշված դեպքերը եղածի մի մասն են միայն, և ամեն օր մենք տեսնում ենք մամուլի նկատմամբ իշխանության բացասական վերաբերմունքի նոր չափաբաժնի ավելացում:

Մեկ այլ խնդիր է, երբ իշխանության ներկայացուցիչները խուսափում են մամուլից և  հարցազրույցներ տալուց՝ ծիծաղելի օրինակներ բերելով։ Մասնավորապես, ԱԺ-ում  «Իմ քայլը» խմբակցության կազմակերպած փակ հանդիպման ժամանակ հավատարմագրված լրագրողներին չէր թույլատրվել ներս մտնել, իսկ նիստից հետո էլ պատգամավորները հրաժարվում էին որևէ մեկնաբանություն տալ հանդիպման վերաբերյալ: Օրինակ, պատգամավոր Թագուհի Ղազարյանը «շտապում էր», քանի որ տաքսին սպասում էր, իսկ մյուս պատգամավորն էլ «վիզը բռնվելու» պատճառով խուսափեց լրագրողների հարցերից։ Վերջերս էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը գրառում կատարեց, որտեղ նշել էր. «Ես այլևս հրաժարվում եմ հարցազրույց տալ, քանի դեռ որևէ մեկին հետաքրքիր չի իմ ասածն ու արածը, այլ հետաքրքիր է, թե ինչ թույլ կետ ունեմ, որից կկախվեն, կքրքրեն, ծաղրելու բան կգտնեն»։

Լրատվամիջոցներից շարունակում է բողոքել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, երբ լրատվամիջոցները բացահայտեցին, որ Աննա Հակոբյանը ամուսնու հետ մեկնում է վերջինիս օտարերկրյա գործուղումներին։ Աննա Հակոբյանը հոդված էր հրապարակել «Հայկական Ժամանակ»-ում՝ ծաղրելով իր գործընկեր լրագրողներին՝ իր՝ Բրյուսել կատարած այցը բացահայտելու և հրապարակելու համար։

Լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մեկ այլ դեպք էլ Երևանի քաղաքապետարանի գրությունն էր` ուղղված «Հրապարակ» օրաթերթին և «Ա1+»-ին՝ զբաղեցրած տարածքները ազատելու վերաբերյալ։

Ներկայումս իշխանությունը հատկապես թիրախավորել է YerevanToday-ին (հայտնի գաղտնալսման հրապարակման աղբյուր հանդիսանալու մեղադրանքով), Analitik.am-ին (Դավիթ Սանասարյանին կոռուպցիայի մեջ կասկածելու համար), Politik.am-ին (Տիգրան Ավինյանի աշխատանքի ժամին մարիխուաննա օգտագործելու մասին հրապարակման համար), Hraparak.am-ին (խաշի թեմային անդրադառնալու և իրենց «հանրապետականացնելու» համար), Slaq.am-ին (կայքի սեփականատիրոջ՝ ՀՀԿ-ական լինելու և իրենց քննադատելու համար) և BlogNews.am-ին (իրենց քննադատելու համար)։ Եվ այդ թիրախավարումը երբեմն արվում է իշխանության համախոհների ֆեյսբուքյան գրառումների միջոցով։ Նման գրառումներ անող օգտատերերը նաև կոչ են անում հետևել միայն «իշխանական»՝ «Հայկական ժամանակ»-ի և «Ազատություն ռ/կ»-ի հրապարակումներին։ Իսկ արդեն վերջերս այս մասին բացահայտ գրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ կոչ անելով որևէ տեղեկության իսկություն ճշտելու համար կարդալ, օրինակ,  Armtimes.com կայքը, «իսկ եթե դրա մասին բան չկա, ուրեմն մի շտապեք դատողություններ անել»,- գրել էր պատգամավորը։ Լուսինե Բադալյանը կոչ էր արել նաև «հարցազրույցներին ու լուրերին հետևել Հանրային կամ Ազատություն ալիքներով, նաև 1in.am, Civilnet, Hetq և մի քանի այլ ալիքներ, որոնք քիչ թե շատ դեռ պահում են անաչառությունը»։ Հետաքրքիրն այն է, որ նշված լրատվամիջոցները չեն փայլում իրենց անկողմնակալությամբ և ավելի շատ աչքի են ընկնում իշխանություններին սատարող հրապարակումներով։

Այս ամենին հաջորդել են մի շարք լրատվամիջոցների մամուլի ասուլիսները, որտեղ քննարկվում էին հարցեր, թե ինչպիսի լուծումներ են անհրաժեշտ ԶԼՄ-ների գործունեությունը չսահմանափակելու համար:

Նշված բոլոր փաստերը ապացուցում են այն ենթադրությունը, որ նոր Հայաստանում իշխանությունները մամուլի նկատմամբ ճնշումներ են գործադրում և փորձում նրանց ներկայացնել որպես իշխանությունների թշնամի:

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն