Սոցապ նախարարությունը համալրվեց ևս մեկ «սորոսականով». նորանշանակ փոխնախարարը Սորոսի ֆոնդից ֆինանսավորվող ՀԿ համահիմնադիր է

article-image

Այսօր` հուլիսի 2-ին, վարչապետի որոշմամբ` աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արման Ուդումյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ պաշտոնը լքում է սեփական դիմումի համաձայն: Վերջինս փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսից:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխանախարար է նշանակվել Աննա Ժամակոչյանը:

Փորձեցինք պարզել, թե ինչ ճանապարհ է անցել նորանշանակ փոխանարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում ներկայացված է Ժամակոչյանի կենսագրությունը.

«Ծնվել է 1981 թվականին:
1998-2004 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում:
2012-2014 թթ.-ին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, արվեստի քննադատ է:
2012-2016 թթ.-ին Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ է եղել:
2019 թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:
2008 թ.-ից «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր, համանախագահ և հետազոտող է:
2018-2020 թթ.-ին եղել է «Սոցիոսկոպ» ՀԿ նախագահը:
2009-2016 թթ.-ին եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար:
2014 թ.-ից դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Տասնյակ հետազոտական-կրթական նախագծերի հեղինակ է:
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին»

Կենսագրության մեջ նշվում է՝ Աննա Ժամակոչյանը 2008 թվականից հանդիսանում է «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության համահիմնադիրը և նախագահը:

Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է. «Կազմակերպության նպատակներից են հայաստանյան հասարակության մեջ մարդու սուբյեկտայնության հոգեբանական, սոցիալ-մշակութային և քաղաքական պայմանների ըմբռնումը, իշխանության, ազգի, մշակույթի և սեռի ու սեռականության վերաբերյալ գերիշխող հավաքական գիտելիքի քննական ուսումնասիրությունը, գիտելիքի նորացման պայմանների ձևավորումը, ինչպես նաև Հայաստանում հասարակական փոփոխության նպաստումը՝ քննադատական մտքի հանրայնացման և հասարակության խմբերի միջև երկխոսության ընդլայնման միջոցով։

«Սոցիոսկոպ»-ի հետազոտությունները վերաբերում են քաղաքացիական հասարակության գործընթացներին, հանրային ընդվզումներին, սեռականությանը, ժողովրդավարության մշակույթին ու հաստատություններին, մարդու իրավունքներին, ԼԳԲՏ խնդիրներին, պահպանողականությանը և ազգայնականությանը, մասնավորապես դրանց գաղափարների արտացոլմանը լրատվամիջոցներում և հանրային ընկալման մեջ»:

Կազմակերպությունը համագործակցում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային Վանաձորի գրասենյակի, Փինք Արմենիայի, Կանանց ռեսուրսային կենտրոնի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և այլ հասարակական կազմակերպությունների հետ:

Կազմակերպությանը նաև ֆինանսավորել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED-ը, Norwegian Helsinki Committee-ն:

Կառույցը աչքի է ընկնում նաև բազմաթիվ հրատարակություններով: Օրինակ` 2019 թվականի նոյեմբերին լույս է տեսել «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում»:

Գրքի ներկայացման մեջ գրված է` «Սեռականությունը, լինելով զգայուն և իշխանական նպատակահարմարության տեսանկյունից շահարկվող հիմնական հարցերից մեկը, խիստ սակավ ուսումնասիրվածներից է հայկական մշակույթում։ Այս նախագիծը սեռականության հարցը դիտարկում է հայկական անցյալի բարդ, բազմազան, փոփոխական իրականության տարբեր դրվագներում։ Միաժամանակ այն մասնակիորեն արտահայտում է ներկայիս հայաստանյան հասարակական-գաղափարական խմորումներ։ Գիրքն ընթերցողին առնչակցում է գիտելիքի ձևավորման պատմական ընթացքին, թե ինչպես են հայկական սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր փուլերում սահմանվում և ըմբռնվում սեռի և սեռականության հղացքները, վերջիններիս ներհակությունները և ժամանակի ու տարածության մեջ դրանց փոխազդեցությունները»:

Գրքի համահեղինակներն են նորանշանակ փոխնախարարը, ներկայիս ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և այլք:

Կառույցի աշխատանքներում նման թեմաները, ԼԳԲՏ խնդիրները առանձնահատուկ տեղ են գրավում: Մի քանի աշխատություններ. «Եկեղեցականների սեռականության վերահսկումը վաղ միջնադարում «կանոնագիրք հայոցի» վերլուծությամբ», «Սեռականության դրսևորումը և դրա վերահսկումը միջնադարյան գրականությունում», «Նույնասեռականության վերահսկումը արեվելյան հայաստանում պարսկական իրավունքի ներքո – սկիզբ» և այլն:

Կազմակերպության անդամները Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ակտիվ քարոզողներից են, «հեղափոխության» ջատագովներից: «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան» գրասենյակի հասանելի տվյալներից էլ պարզ է դառնում, որ կառույցը նախորդ տարիներին տասնյակ հազարավոր դոլարների հասնող դրամաշնորհներ է ստացել:

Հետաքրքիր է, որ մանավանդ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գնալով շատանում է հասարակական սեկտորի գործիչների ներկայությունը: Օրինակ, նախարարի նախկին առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն էլ հանդիսանում էր «Բուն» գիտամշակութային հիմնադրամի հիմնադիրը, դարձյալ` հայտնի աղբյուրներից սնվող: Նախարարի տեղակալ էր նշանակվել նաև Ժաննա Անդրեասյանը, որը սերտ կապեր ունի «Սոցիոսկոպի» հետ, հաղորդավար Պետրոս Ղազարյանի կինն է: Իսկ ցանկը գլխավորում է հենց նախարար Զարուհի Բաթոյանը, որը երկար տարիներ նույնպես աշխատել է հասարակական սեկտորում ու արդեն իսկ հասցրել պաշտոններ բաժանել իր ստեղծած «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչներին և իր ազգականներին:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն