Ի՞նչ սպասել Սպիտակ տան խոսնակի հայտարարությունից. այն ուշադրության կարժանանա՞, թե՞ ոչ

article-image

Երեկ Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակէնանին (Kayleigh McEnany), լրագրողների հետ հերթական հարցուպատասխանի ընթացքում խոսելով Միացյալ Նահանգներում առկա գործընթացների և «Black Lives Matter» կարգախոսի ներքո ընթացող ցույցերի մասին, բարձրաձայնել է նաև պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների` այդ թվում Հայոց ցեղասպանության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալիզմի մասին: Ճեպազրույցը նաև արձանագրված է Սպիտակ տան պաշտոնական կայքում` առանց փոփոխությունների:

Խոսնակը, պատասխանելով լրագրողի հարցին, մասնավորապես նշել էր. «…Մենք այս երկրում լուրջ խնդիր ունենք, երբ կան ցուցարարներ, որոնք կարծես չունեն ընկալում պատմության մասին, երբ պղծում են Մաթիաս Բոլդուինսի (Matthias Baldwins), Ջոն Վիթիերի (John Whittier) և Ուլիսես Գրանտի (Ulysses S. Grant) հուշարձանները: Թվում է, թե ընկալում և պատմական գիտելիքներ չկան, երբ վանդալիզմի է ենթարկվում մարդկության դեմ բոլոր հանցագործությունների, այդ թվում` ստրկատիրության, հիշատակի Հայոց ցեղասպանության հուշարձանը…»:

Փաստացիորեն, գիտակցաբար, թե անգիտակցաբար, Սպիտակ տան խոսնակը ընդունեց և արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» բառը: Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ապրիլի 24-ին Հայաստանին ուղղված ուղերձներում ԱՄՆ նախագահները խուսափել են օգտագործել այս տերմինը:

Տեսանյութը տարածած ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` թեկուզև արտաբերվել է հուշարձանի պաշտոնական անվանումը, սակայն կարևորն այն է, որ հնչեցվել է Սպիտակ տան պաշտոնական «խոսափողից»:

Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ սա որևէ ազդեցություն կունենա Թրամփի վարչակազմի վրա:  «Հավանաբար, խոսնակը այս իրողությունը կմեկնաբանի, որ իր կողմից պարզապես օգտագործվել է հուշարձանի անվանումը»,- ենթադրում է ամերիկագետը:

Սարգսյանը սպասում է, որ Թուրքիան կարող է և չարձանագրել այս փաստը` փորձելով հնարավորինս խուսափել և ուշադրություն չդարձնել թեմային: Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարարության գործողություններին, ապա Սուրեն Սարգսյանը կարծում է, որ գերատեսչությունը պետք է շնորհակալություն հայտնի ԱՄՆ իշխանություններին պատմական ճշմարտությունը ճանաչելու համար:

Մեզ հետ զրույցում արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ծանոթ են թեմային, սակայն «դեռևս մեկնաբանություն չունի»: Որևէ մեկնաբանություն չի տարածվել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից:

Ի տարբերություն թուրքական մամուլի, որը համենայն դեպս դեռ չի անդրադարձել թեմային` Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը հայտնվել է արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում:

Օրինակ, «Business Insider»-ը գրում է, որ «խոսնակը, դեմ գնալով ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, անդրադարձել է «Հայոց ցեղասպանության հուշարձանին», որպես վայր, որը վանդալիզմի է ենթարկվել»:

«Washington Post»-ը նշում է, որ «ցեղասպանության ճանաչումը քաղաքականապես վտանգավոր է եղել: Սպիտակ տունը վստահաբար կպնդի, որ Մակէնանին պարզապես արտաբերել է հուշարձանի իրական անունը, բայց նույնիսկ անվանման օգտագործումը Սպիտակ տանը ընդունված չի եղել: Օբամայի մի քանի օգնականներ իրենց ափսոսանքն են հայտնել, որ խնդրի վերաբերյալ առավել սկզբունքային դիրքորոշում չեն որդեգրել: «Ցավում եմ, որ մենք հուսախաբ ենք արել բազմաթիվ ամերիկահայերի», - դեռևս 2018 թվականին ասել էր Օբամայի իշխանության տարիներին ՄԱԿ դեսպան Սամանտա Փաուերը»:

Նշենք, որ այս առիթը կարող էր ևս մեկ հնարավորություն տալ` բարձրաձայնելու Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և հավելյալ պայմաններ կստեղծեր Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի տարիներ ի վեր շարունակվող ժխտողական քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 31-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր նահանգում «Black Lives Matter» կարգախոսի ներքո ընթացող  ցույցերի ժամանակ ցուցարարները պղծել էին նաև Հայոց ցեղասպանության ու մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը, որի վերաբերյալ Կոլորադոյի հայերը արարքը դատապարտող հայտարարություն էին տարածել:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն