Հաքերային հարձակումներն այլեւս անկառավարելի են. Սամվել Մարտիրոսյան. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ»-ը գրում է

Մեդիա բլոգեր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է․ «Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես, չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու...»։

«Հրապարակը» Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, որ համակարգերից ու ոլորտներից է տվյալների արտահոսքը։ Նրա խոսքով՝ սա ներառում է և մասնավոր հատվածը, և պետական։ «Անձնագրերի հսկա բազան, անձնագրերի ֆոտոներ, օրինակ։ Ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ վարկային կազմակերպությունից, որովհետև մարդիկ անձնագրերը ձեռքին նկարված են, սա, սովորաբար, արվում է մարդուն իդենտիֆիկացնելու համար։ Բանակից փաստաթղթեր, որտեղ ևս երևում է, որ ինչ-որ մեկը ձեռքում պահած՝ լուսանկարել է ու ուղարկել է։ Սա անընդհատ է։ Խնդիրը հետևյալն է․ մեծ քանակի ինֆորմացիա մարդիկ իրար անձնական մեյլերով են ուղարկում։ Ու, որպես հետևանք, սենց արտահոսքեր են լինում»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ սա նոր չէ, ադրբեջանական հաքերները տարիներ շարունակ նստած են «մեյլ ջարդելու վրա»։

Մարտիրոսյանն ավելացնում է․ «Ուղղակի, սկսել են նաև այդ մեյլերը կարդալ ու մեջը գտել են էլ կորոնավիրուսով հիվանդների ցուցակներ, էլ․․․ զինվորականներ, որովհետև մարդիկ իրենց այդ՝ mail.ru-ներով աշխատանքային ինֆորմացիան, փաստացի, աջուձախ ուղարկում են, հետո չեն էլ ջնջում, ու տենց ինչ ասես կարող է դուրս գալ»։

Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանցիներին հաջողվել է մուտք գործել ՊՆ և առողջապահական համակա՞րգ։ «Փաստացի, զորամասի ինչ-որ աշխատակիցներ են, ես չգիտեմ՝ ովքեր են, բայց, ընդհանուր առմամբ, խնդիրը շատ լայն է»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները հրապարակել էին նաև Հայաստանում կորոնավիրուսային հիվանդների ցուցակներ։ Այսինքն՝ կոտրել են նաև ԱՆ կա՞յքը։ Մարտիրոսյանն ասում է, որ անպայման չէ, արտահոսքը  կարող է լինել բուժհաստատություններից, պարետատնից, մարզպետարաններից, քանի որ այդ տվյալներին ու ինֆորմացիային տիրապետող ահռելի քանակ կա։

Մեդիա փորձագետն ասում է, որ սրա դեմն անհնար է առնել, քանի որ ներգրավված են ահռելի քանակով մարդիկ, և միակ ճանապարհն այն է, որ յուրաքանչյուր մարդ ինքը ձեռք բերի տեղեկատվական գրագիտություն։

«Խնդիրն անկազմակերպ ինֆորմացիայի հետ աշխատանքի մեջ է։ Ուժային մարմինները չեն կարող կանխել, քանի որ մարդկանց քանակն է ահռելի։ Սա այլ կերպ պետք է արվի, պետք է ընդհանուր քաղաքականություն լինի։ Մարդկանց պետք է արգելվի անձնական փոստերով անձնագրային և այլ անձնական տվյալներ ուղարկելը։ Եվ երկրորդ․ պետք է բոլորին կրթել, սովորեցնել պահվածք այս դաշտում, մշակել ինֆորմացիայի հետ աշխատելու ընդհանրացված քաղաքականություն բոլոր մակարդակների վրա, որովհետև նենց չի, որ ադրբեջանցիները չգիտեմ ինչ հաքերային հանճարներ են, իրենք «կոտրում են» շատ պրիմիտիվ ձևերով»,-ասում է Սամվելը։ Նյութերը տեղադրվում են ադրբեջանական հաքերային հայտնի մի բլոգում, դե, իսկ ադրբեջանական մամուլն էլ անմասն չի մնում, տվյալներն ակտիվ տարածում է։

Վերջում հետաքրքրվեցինք, թե տվյալների բազայի նման զանգվածային արտահոսքը, այնուամենայնիվ, ինչ նպատակ ունի։ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ ադրբեջանցիների այդ թիմը «նստած է» հաքերային PR-ի վրա, ու նպատակն է՝ ցույց տալ, թե ինչպես են ադրբեջանցիները հայերի դեմ աշխատում։ Դե, իսկ նպատակը՝ հոգեբանական, ցուցադրական։

Աղբյուր` «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը