ՀՀ Ազգային ժողովի նախագահի տիկին Գոհար Աբաջյանը տարածել է լրատվականների ապատեղեկատվությունը

article-image

Դեռևս ապրիլի 23-ին A1plus.am կայքում և մի շարք այլ լրատվականներում տեղեկություններ են տարածվել, որ ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը, և որ նա կարտահանձնվի Հայաստանին։

Լրատվամիջոցներն այդ տեղեկությունները սկսել են տարածել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, որում նշված է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»:

Երեկ՝ ապրիլի 26-ին, A1plus.am կայքից վերը նշված տեղեկատվությամբ իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տիկին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գոհար Աբաջյանը՝ նշելով. «Միհրան Պողոսյանը կարտահանձնվի. ՌԴ դատարանը բավարարել է միջնորդությունը»։

Գոհար Աբաջյանը րոպեներ անց հեռացրել է գրառումը։

Այսօր՝ ապրիլի 27-ին, Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այդ տեղեկություններին, ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23֊ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը բավարարելու մասին։ Այս խնդրի առնչությամբ դրանից հետո որևէ այլ տեղեկատվություն իմ կողմից չի տրվել»։

Հարկ է նշել, որ Գոռ Աբրահամյանի ապրիլի 23-ի գրառումից էլ էր ակնհայտ, որ խոսքը բացառապես վերաբերվել է Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը քննարկելուն, իսկ արտահանձնման մասին արդեն իսկ կայացված որոշման վերաբերյալ որևէ նշում առկա չէր։

Ուստի այս հարցի շուրջ լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել, իսկ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տիկին Գոհար Աբաջյանը նպաստել է ապատեղեկատվության տարածմանը։

Հետաքրքիր է, որ լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու մեջ պարբերաբար մեղադրող Գոհար Աբաջյանն ինքն է ապատեղեկատվություն տարածել, և ապատեղեկատվությունը հերքող գրառում անելու փոխարեն ուղղակի հեռացրել է նախորդ գրառումը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը