«Բոլոր անասունները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են». ինչ վերջաբան ունեցավ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժի պատմությունը

article-image

Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։ Գրառման մեջ մասնավորապես ասվում էր. «Վարչապետի հրաժարական պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքներին առնել մորթել»։ Կարճ ժամանակ անց նա խմբագրել էր գրառումը՝ հանելով «ընտանիքներին» բառը։ Գրառումը լայնորեն տարածվելուց և հասարակական կոշտ քննադատության արժանանալուց հետո հեռացվել էր:

AntiFake.amպարզել էր, որ մանկավարժ Հոխիկյանը թունդ հեղափոխական է, Նիկոլ Փաշինյանի աջակիցը և ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլ-մայիսյան ցույցերին՝ «մերժել» ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ու Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Նա նաև հանդիսանում է «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման աջակիցը։

Մենք հարցում էինք ուղարկել Գեղարքունիքի մարզպետարանին և Լիճքի միջնակարգ դպրոցին՝ պարզելու համար, թե ինչ կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել մանկավարժի նկատմամբ առերևույթ ատելության կոչ պարունակող վերը նշված գրառման առնչությամբ։

Ի պատասխան՝ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացրել են, որ Հոխիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն, իսկ դպրոցից տրամադրել են ապրիլի 23-ին կայացած դպրոցի մանկավարժական խորհրդի հեռավար նիստի քաղվածքը, որտեղ ևս նշված է, որ ուսուցչի նկատմամբ կիրառվել է նկատողություն՝ հաշվի առնելով, որ Հոխիկյանն ունի մեծ վաստակ, սակայն հնարավոր է՝ հույզերի ազդեցությամբ սխալ մտքեր արտահայտել:


AntiFake.am-ը դիմել էր նաև Ոստիկանությանը՝ պարզելու, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ վերը նշված գրառման առնչությամբ։ Պատասխանում նշվում է՝ Ոստիկանությունը պարզել է, որ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջի լուրերն ուսումնասիրելիս նկատել է անծանոթ երիտասարդի գրառում՝ վիրավորական արտահայտություններով՝ ուղղված ոստիկաններին և Նիկոլ Փաշինյանին, որը պահանջել է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և դրան ի պատասխան` Հոխիկյանն արել է իր արդեն հայտնի ֆեյսբուքյան գրառումը, սակայն որևէ անձի նկատմամբ սպառնալիք կամ բռնություն կիրառելու դիտավորություն չի ունեցել։

Ոստիկանությունը եզրակացրել է, որ Փաշինյանի աջակից, փոխտնօրեն և մանկավարժ Հոխիկյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը. «վերջինիս կողմից հնչեցված սպառնալիքը իրական բնույթ չի կրել, սպառնալիքն իրականացնելուն ուղղված գործողություն չի կատարել, այլ իր վրդովմունքն է արտահայտել նշված գրառումը կատարելու միջոցով», - նշված է Ոստիկանության տրամադրած պատասխանում։

Այս ամենը գուցե սովորական լիներ այն դեպքում, եթե Հոխիկյանի գրառումը չունենար քաղաքական բնույթ և չվերաբերվեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անձանց։ Չենք կարող չնկատել, որ մանկավարժը, ինչպես պարզաբանել է ոստիկանությանը, անդրադարձել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի և ոստիկանների վերաբերյալ վիրավորանքներ հնչեցնողներին, այլ հենց վարչապետի հրաժարականը պահանջողներին՝ «ցանկություն արտահայտելով» «փողով առնել և մորթել» նրանց։ Չենք կարող չմտածել նաև այն մասին, թե ինչ վերջաբան կունենար այս պատմությունը, եթե ատելության կոչեր պարունակող գրառումն ուղղված լիներ հենց Փաշինյանի կողմնակիցների դեմ, օրինակ. «Պետք է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին առնել և մորթել»։

Դատապարտելով բռնության քարոզը, անկախ նրանից, թե դա որ ճամբարում է դրսևորվում` չենք կարող չարձանագրել, որ իշխանական լծակներ ունեցողներն առաջնորդվում են երկակի ստանդարտներով՝ «բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են» սկզբունքով։

Ընդամենը մի քանի օրինակ, թե ինչ «ավարտ են» ունեցել այն պատմությունները, որոնք դրսևորվել են Նիկոլ Փաշինյանի, կամ, այսպես ասած, նրա ցանկությունների դեմ։

Նախորդ ամսվա ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում արշավ էր սկսել քաղաքացիների դեմ՝ հրապարակելով «հակահամաճարակային կանոնների խախտումներն արձանագրող աղաղակող դեպքերի» լուսանկարներ, վարչապետի ֆեյսբուքյան էջում իրական և կեղծ օգտահաշիվների թիրախ դարձան նաև Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի ուսուցչուհին, անչափահաս աշակերտները և նրանց ծնողները։ Նրանք «հանդգնել էին» կազմակերպել ավարտական միջոցառում, ինչի հետևանքը եղավ այն, որ հունիսի 5-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրեց, որ տվյալ դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից:

Ինչպես հետագայում պարզաբանեցին աշակերտները՝ նրանք անձամբ էին կազմակերպել միջոցառումը՝ առանց ուսուցչուհուն տեղյակ պահելու, և վերջին պահին հրավիրել էին նրան: Փաստորեն տվյալ դեպքում, երբ պարզաբանումներից ակնհայտ է, որ առկա չէր ուսուցչուհու մեղավորությունը, որպես կարգապահական պատասխանատվության միջոց ընտրվեց նրան աշխատանքից ազատելը, իսկ Նիկոլ Փաշինյանի աջակից մանկավարժի դեպքում, որը դպրոցում աշխատելուն և անչափահասների դաստիարակությամբ զբաղվելուն զուգահեռ հրապարակային ատելության և բռնության կոչերով է հանդես գալիս` ուղղված Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների դեմ, այսինքն` առանձնակի ատելություն ունի այլ քաղաքական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, որպես կարգապահական պատասխանատվության միջոց է ընտրվում նկատողությունը։

Որքանո՞վ է իրավաչափ Սուրենավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ իրականացրած գործողությունները, և որքանո՞վ է համարժեք Հոխիկյանի գործողությունների համար կիրառված պատասխանատվության միջոցը: Ողջամտորեն կարելի է ենթադրել, որ գործ ունենք իշխանության նեղ ճաշակի հետ:

Ինչ վերաբերվում է ոստիկանությանը, ապա վերջինս առանձնակի «դաժանություն է» դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը. ձերբակալություններ, բերման ենթարկելու, «ասֆալտին փռելու» և այլ տեսարաններ, էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ հնչեցվում է առերևույթ ատելության կոչ, բայց երբ խոսքը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի աջակցի կողմից նրա ընդդիմախոսների հասցեին հնչեցված ատելության կոչերին, ապա կարելի է բռնության կոչը փաթեթավորել որպես «վրդովմունքի արտահայտման միջոց» և անցնել առաջ։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս իշխանության կողմից ամենաշատը հիշատակվող «օրենքի առաջ բոլորի հավասարության» սկզբունքի գործնական կիրառելիության մասին։  

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը