«Արմենպրես»-ը աղավաղել է Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված հարցազրույցում Իրանի դեսպանի խոսքը. «Մեդիա պաշտպան»

article-image

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է.

«Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 7-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էր։ Պետրոս Ղազարյանը հարցրել էր դեսպանին․ «Վերջերս խոսակցություն գնաց այն մասին, որ մենք ցանկանում ենք դեսպանատուն բացել Իսրայելի հետ, և Հայաստանը հայատարարեց, որ երբևէ ՀՀ-ն որևէ ձևով հակաիրանյան որևէ խաղի մեջ չի մտնի։ Ձեր մեկնաբանությունը որպես մեզ հարազատ, հարևան երկիր, ինչպես եք դա ընդունում»։

Դեսպանը պատասխանել էր․ «Մեր երկրի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում ներկայացվել է։ Մենք միշտ աշխատում ենք այն զգայուն վերաբերմունքը, որ ունենք երբևիցե մեր հարևանների հետ հարաբերություններում խնդիրներ չառաջացնեն։ Իսկ Իսրայելը միշտ փորձել է մեր հարևանների հետ մեր լավագույն հարաբերությունները փչացնել, սակայն մենք հարգում ենք Հայաստանի որոշումները, բայց մեր մտահոգությունները միշտ արտահայտում ենք պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների ընթացքում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք լավ հարաբերություններ ունենք հարևանների հետ, և չենք ցանկանում դրանք փչացնել»։
«Արմենպրես»-ն իր հոդվածում հանել է Իրանի դեսպանի խոսքի երկու մասերն իրար միացնող «բայց»-ը, և դա ներկայացրել է հետևյալ կերպ՝ «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը: Մեր մտահոգությունները միշտ արտահայտում ենք պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների ընթացքում»: Հոդվածի վերնագիր էլ ընտրվել է այդ հատվածը․ «Իրանը հարգում է Հայաստանի որոշումը․ Իրանի դեսպանը՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու մասին»։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ սրա հետևանքով խզվել է դեսպանի մտքերի տրամաբանական կապը, նման մանիպուլյացիայով փորձ է արվել հայ-իրանական հարաբերությունները ներկայացնել ավելի դրական լույսի ներքո։

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության հարցազրույցից հետո Իրանի դեսպանը հարցազրույց է տվել նաև Իրանի հեռուստատեսության կազմակերպության թղթակցին, որտեղ հստակեցում է մտցրել Հայաստան-Իսրայել հարաբերությունների կապակցությամբ Իրանի դիրքորոշման մեջ:

Դեսպանը նշել է․ «ունենալով դառը փորձ Իսրայելի վարչակազմի քաղաքականության վերաբերյալ մեր պարտք ենք համարել այդ կապակցությամբ զգուշացնել Հայաստանի իշխանություններին»»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը