Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը Կառավարական «դաչաներում». ո՞վ է գնորդը. թարմացված

article-image

Օրեր առաջ՝ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ փոխանցեց և պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Ձորափի 74 հասցեում գտնվող պետական պաշտոնյաներին սպասարկող առանձնատներ մուտք գործում «Bogart Interior Salon»-ի (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահ) բեռնափոխադրող մեքենան և դուրս գալիս։

Բոգարտը ամերիկյան և եվրոպական ամենահայտնի բրենդների հետ համագործակցող ընկերություն է, որը հայտնի է որպես Հայաստանում ամենաթանկ կահույք վաճառող ընկերություն։ Օրինակ՝ ննջասենյակի կահույքի գինը սկսվում է մոտ 10.000 ԱՄՆ դոլարից։

Հիշեցնենք, որ Ձորափի 74 հասցեում գտնվում են պետական պաշտոնյաներին սպասարկող Կառավարական առանձնատները կամ «դաչաները»։ Այնտեղ է բնակվում նաև ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից ամենաբարձր աշխատավարձը նախագահինն է, ապա՝ վարչապետինը։ Հաշվի առնելով պետական պաշտոնյաների ստացած աշխատավարձի չափը՝ Բոգարտից որևէ կահույք ձեռք բերելու համար անհրաժեշտ է պետական պաշտոնյայի մի քանի ամսվա աշխատավարձ։

Ուստի հարց է առաջանում, թե ո՞ր պետական պաշտոնյայի առանձնատուն է ուղևորվել Բոգարտի բեռնափոխադրող մեքենան Քաղաքացու օրը։ Ի՞նչ կահույք է բերվել, ի՞նչ արժողությամբ, և ի՞նչ միջոցներով է Կառավարական առանձնատանը բնակվող որևէ պաշտոնյա ձեռք բերել Հայաստանի ամենաթանկարժեք կահույքն իր Կառավարական «դաչայի» համար։

Սրանք հարցեր են, որոնք մտահոգություններ են առաջացնում, և որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն, ինչի կապակցությամբ AntiFake.am-ը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Մեր գործընկեր լրատվամիջոցներին ևս կոչ ենք անում հետևողական լինել այս հարցում և փորձել պարզաբանումներ ստանալ։

...

Թարմացում. Մեր հրապարակմանն արձագանքեցին մեր ընթերցողները և մեզ ուղարկեցին ապրիլի 27-ին` Քաղաքացու օրն արված դեպի Կառավարական առանձնատներ ուղևորվող Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահի բեռնափոխադրող մեքենայի լուսանկարներ՝ վերահաստատելով մեր այն տեղեկությունները, որ Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը վաճառող ընկերության բեռնափոխադրող մեքենան բավականին ծանրաբեռնված վիճակով այդ օրը շարժվել է դեպի Կառավարական տներ, ապա դուրս եկել այդտեղից։

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը