Վերջին տարիներին, հատկապես` պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի քաղաքական քարոզչական թիմը իր քաղաքական և լրատվական արբանյակների միջոցով անընդհատ փորձում է համեմատականներ անցկացնել իր կառավարման տարիներին գնված սպառազինության ու նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված սպառազինությունների միջև, մանիպուլացնելով և ակնհայտորեն կեղծելով փաստերը, փորձում է ապացուցել, որ ինքը բանակի համար արել է շատ ավելին, քան նախկին իշխանությունները:
Այս նպատակներն իրականացնելու համար տարբեր ժամանակահատվածներում տարբեր գործիչների, քաղաքական տարբեր կենտրոնների, գրպանային քաղհասարակության, իբր «փաստերի ստուգման հարթակների» միջոցով դաշտ են նետվում թեզեր` փորձելով հիմնավորումներ տալ դրանց` տարատեսակ գրաֆիկների և աղյուսակների միջոցով, որոնցում իբր «ակնհայտ» երևում է, որ ներկայիս իշխանությունները ծախսել են ավելին և ձեռք են բերել ավելի շատ սպառազինություն, սակայն պարտվել են պատերազմը: Հիմնական գլխավոր համեմատականները և զուգահեռները տարվում են Նիկոլ Փաշինյանի իշխանության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների միջև: Քաղաքական իշխանության պրոպագանդիստական մեքենան փորձում է ամեն գնով «ապացուցել», որ իր օրոք բանակի սպառազինությունը բազմապատկվել է` համեմատած նախորդ տարիների հետ:
Վերջին տարիների ամենախնդրահարույց թեման շարունակում է մնալ ռազմական հատկացումների թեման: Բազմաթիվ վերլուծություններում օգտագործվում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների բազան` ցույց տալու Հայաստանի գնումները` բաց աղբյուրներից հավաքված տվյալների համաձայն: Այլ համեմատություններ են արվում պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կատարված հատկացումների հիմքով:
Հարկ է նշել, որ ինչպես ցույց են տալիս 2009-2018 թվականների պետական բյուջեի` պաշտպանության ոլորտի ուսումնասիրությունները, պաշտպանության ոլորտին հատկացված միջոցները տարեցտարի կայուն կերպով ավելացել են: Իսկ շեշտակի սկսել է աճել հենց 2018 թվականին: 2018 թվականի պետական բյուջեն ընդունվել է 2017 թվականի վերջին, այնպես, որ պնդումները և այն վերագրումները, որոնք վերաբերում են 2018 թվականի ձեռքբերումներին Նիկոլ Փաշինյանի հաջողությունը չեն, ինչպես ներկայացվում է: 2018 թվականից հետո պետական բյուջեի օրենքում նույնիսկ մեծ դժվարությամբ կարելի է որևէ հստակ պատկեր տեսնել, թե կոնկրետ որքան գումար որ ծրագրին ու ոլորտին է հատկացվում:
2009 թվականից սկսած` պաշտպանությանը հատկացվող միջոցները` 149.6 միլիարդ դրամից հասել են 247.9 միլիարդ դրամի արդեն 2018 թվականին: Միջոցների գերակշիռ մասը հատկացվել է ռազմական պաշտպանությանը: Այս տարիներին արտաքին ռազմական օգնության ծավալները ևս աճել են: Այս առումով հայտարարությունները, թե նախորդ տարիներին քիչ միջոցներ են հատկացվել պետության պաշտպանությանը, դարձյալ չեն համապատասխանում իրականությանը:
Հարկ է նշել, որ պետությունը կառավարվում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով և պլանավորմամբ, ըստ այդմ էլ` համաձայն ձևավորված պրակտիկայի` բազմաթիվ ռազմավարական ծրագրերի օգնությամբ, որոնցից մեկը, օրինակ, Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրն է: Այն հաստատվել է 2018 թվականի փետրվարին` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Այս ծրագրի համաձայն` դրան հաջորդող տարիներին եղել են համապատասխան պայմանագրեր, որոնց համաձայն էլ` տեղի են ունեցել սպառազինության` արդեն իսկ պլանավորված մատակարարումները: Ուստի առնվազն մինչև 2020 թվականի սպառազինության ձեռքբերումները, որոնք գրանցված են Նիկոլ Փաշինյանի կառավարման հաջողությունների շարքում, կատարվել են շնորհիվ արդեն իսկ 2018 թվականին և դրանից առաջ ձեռքբերված պայմանավորվածությունների:
Դրանց շարքում են դեռևս 2019 թվականին ձեռքբերված «ՏՈՐ համակարգերը», որոնց ձեռքբերման մասին անոնսը եղել է դեռևս 2018թ.-ի մայիսին 19-ին` «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից, որում ասվում է. «Պատահական չէ, որ վերջերս հաստատված Զինված ուժերի յոթնամյա ծրագրով առանցքային դեր է հատկացվել հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը: Արդյունքում՝ ամիսներ անց մեր հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն ՏՈՐ զենիթահրթիռային համալիրները»: «Զինուժ»-ում ասվում է ոչ թե ՏՈՐ համակարգերի ձեռքբերման մտադրության, այլ՝ առաջիկա ամիսներին դրանցով ՀՀ ԶՈՒ-ն համալրելու մասին: Այս ժամանակահատվածում` 2018թ.-ի մայիսին 19-ին, Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի քանի օր էր, ինչ գտնվում էր վարչապետի կարգավիճակում, ուստի այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր «Փաշինյանի աշխատանքը» ՀՕՊ նոր համակարգերի ձեռքբերման ուղղությամբ: Մինչ այդ` դեռևս 2017թ. հոկտեմբերին, Հայաստանը արտոնյալ պայմաններով 2018-2022 թվականների ընթացքում ռուսական ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով 100 մլն դոլար վարկ էր վերցրել Ռուսաստանից, որի վերաբերյալ պայմանագրերը արդեն իսկ կնքվել էին 2018թ. նոյեմբերին: Այս ամենն իր հերթին հանդիսանում է 2018թ. փետրվարին հաստատված ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի բաղկացուցիչ մասը: 2019 թվականին ՀՀ Զինված Ուժերը ստացավ նաև «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ: ՀՀ ԶՈւ համար այս զինատեսակը դարձյալ նոր չէր, սա նոր խմբաքանակ է։
Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան թմբկահարված ռուսական Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերման հետքերը ևս անցյալ են տանում: «Ռազմինֆոն» գրել էր, որ ռուսական «Կոմերսանտ» կայքը պնդում է, թե դեռ 2012 թ․ Հայաստանի հետ կնքվել է Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագիր, սակայն այն ուժի մեջ չի մտել ֆինանսական խնդիրների պատճառով։ Դժվար է ասել, թե որքանով է այս տեղեկությունը ճիշտ, սակայն կասկածից վեր կարող ենք համարել, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում այս հարցը եղել է: Թե ինչ պարզվեց հետագայում այս սպառազինության մասով, և թե ինչպիսի «մասնակցություն» ունեցան կործանիչները պատերազմի ընթացքում, հայտնի է հետաքրքրված հասարակությանը:
Շատ հարթակներ, համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի, Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նախկին ղեկավարների օրոք ձեռք բերված սպառազինությունը, հիմնվում են հիմնականում Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) Զենքերի փոխանցման ծրագրի տվյալների բազայի Հայաստանին վերաբերող ցուցանիշներին, որոնք, սակայն, իրարամերժ են, քանի որ համաձայն կառույցի մեթոդաբանության` հաշվի է առնվում սպառազինության ոչ թե գինը, այլ արժեքը, որը ոչ միշտ է համապատասխանում իրական գնին, առավել շատ տարածված դոլարային հաշվարկով:
«Լույս» հիմնադրամը, վերլուծելով SIPRI-ի հրապարակած տվյալները, ներկայացրել է, որ ըստ SIPRI-ի տվյալների՝ 2009-2018թթ. Հայաստանը ներմուծել է 247 մլն դոլարի զենք, որից միայն 110 մլն-ը՝ 2016-ին։ «Ստացվում է, որ Հայաստանը 2011-2015թթ. ընդամենը 21 մլն դոլարի զենք է ներմուծել, ինչն ակնհայտորեն անհավանական է, եթե հաշվի առնենք, որ նույն SIPRI-ի տվյալներով 2007-ի համեմատ 2018-ին ՀՀ պաշտպանական ծախսերն ավելացել են շուրջ 83%-ով՝ 280 մլն դոլարից հասնելով 513 մլն դոլարի»: Եթե հիմնվենք SIPRI-ի տվյալների վրա, ստացվում է, որ նախքան 44-օրյա պատերազմը՝ 2018-2020թթ. ծախսված 248 մլն դոլարից 141-211 մլն-ը կամ 57-85%-ը եղել են անարդյունավետ (120-190 մլն-ն ուղղվել է ՍՈՒ-երին, ևս 21 մլն-ը ՕՍԱ-ԱԿ համակարգերին)։ Առհասարակ, 2018-2021թթ. ծախսված 280 մլն դոլարից 120-190 մլն-ը կամ 43-68%-ը ծախսվել է ՍՈՒ-երի վրա։
Հաշվի առնելով, որ բոլոր հնարավոր հարթակներում և լեզուներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենք ոչնչացրել են մոտ 4-5 միլիարդ դոլարի հայկական սպառազինություն` զարմանալով, թե` «որտեղի՞ց աղքատ Հայաստանին այդքան զենք և զինտեխնիկա»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականում աննախադեպ քանակի սպառազինություն ՀՀ ԶՈՒ-ը սկսեց ձեռք բերել հենց 2015-2017-ին՝ ՌԴ-ի հետ կնքված վարկի շրջանակներում և պաշտպանական ծախսերի ավելացման հաշվին, որոնք հետագայում մատակարարվել են 2018-2020 թվականների ընթացքում, ապա հասկանալի է դառնում այն հանգամանքը, որ ՀՀ ԶՈՒ հիմնական սպառազինության գերակշիռ մասը ձեռք է բերվել մինչև 2018 թվականը կնքված համաձայնությունների և պայմանագրերի շնորհիվ:
Հայտնի է, որ պաշտպանական համակարգի զգալի հատվածի դեպքում գերակշռում է գաղտնիության քաղաքականությունը, այդ թվում` արտաքին ռազմական օգնությունը, որոշ սպառազինության իրական արժեքը և այլն: Օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ անկախության օրը ցուցադրված «Իսկանդեր-Մ» կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը տարբեր հաշվարկներով արժեն 70-100 միլիոն դոլար, որոնք Հայաստանի իշխանությունները այդպես էլ չկարողացան օգտագործել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
Ներկայիս իշխանությունների մտահոգության հիմնական խնդիրները պետք է լինեն ոչ թե այն պնդումները, թե իրենք ավելի շատ են ծախսել բանակի սպառազինության ձեռքբերման կամ հատկացումների համար, այլ թե ինչպես արդարացնեն այն բոլոր անհաջող գործարքները, որոնք կայացել են պատերազմից առաջ և պատերազմից հետո, որում նրանք կորցրին նաև տարիների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածությունների, պայմանագրերի, վարկային պարտավորությունների շնորհիվ ձեռք բերված թանկարժեք սպառազինությունը:
Ուստի, Նիկոլ Փաշինյանը և նրա, այդ թվում` լրատվական ու քաղաքական արբանյակները նախկին իշխանությունների, հատկապես` իր ղեկավարմանը նախորդող մոտ 10 տարիների ձեռք բերած ռազմական հաջողությունների հետ որևէ, նույնիսկ` ֆինանսական համեմատականներ տանելու ոչ մի, այդ թվում` բարոյական իրավունք չունեն:
Աղբյուր` AntiFake.am