Ինչու՞ են շարունակվում կենդանիների անկման դեպքերը կենդանաբանական այգում և ինչու՞ տնօրենը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները. տեսանյութ

article-image

Վերջին ամիսների ընթացքում մամուլում պարբերաբար հանդիպում են տեղեկություններ այն  մասին, որ կենդանաբանական այգում մի շարք կենդանիներ են անկում: Այդ պատճառով արդեն քանի ամիս է՝ կենդանաբանական այգու ներկայիս և նախկին մի խումբ աշխատակիցներ և կենդանասերներ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝  իրենց մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի մասին, և ներկայացնում են իրենց պահանջները:

Նրանց հիմնական պահանջը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականն է:

Նշենք, որ անցած ամիսների ընթացքում այգում մի շարք կենդանիներ են անկել։ Դրանց շարքում են անդրկովկասյան գորշ արջի, զեբրի, նեղոսյան կոկորդիլոսի անկման դեպքերը:

Ակցիայի մասնակիցները կենդանիների անկման գլխավոր պատճառը համարում են տնօրենի կողմից տարվող ոչ ճիշտ քաղաքականությունը՝ մատնանշելով  Ռուբեն Խաչատրյանի կողմից ոլորտում թույլ տված սխալները, մասնավորապես՝ վերջինս, մասնագետ չհանդիսանալով, որոշումներ ընդունելուց առաջ հաշվի չի առնում այգու աշխատակիցների և մասնագետների կարծիքը, այգու սեփականությունը ձևակերպում է սեփական հիմնադրամի անունով, հիմնադրամն էլ աշխատեցնում այգու կարիքների համար, իր պահանջով մի շարք աշխատակիցներ հեռացվում են աշխատանքից (ոմանք էլ, չսպասելով ազատման հրամանին, ինքնակամ են հեռանում), նա աշխատանքի է ընդունում այդ ոլորտում ոչ կոմպետենտ մարդկանց և այլն։

Այսօր էլ՝ մայիսի 1-ին, կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել,  որի հիմնական պահանջը անփոփոխ էր: Ակցիայի կազմակերպման առիթն այս անգամ հանդիսացել էր այգու բենգալյան վագրի անկումը, որի մոտ լեյկոզ էին հայտնաբերել:

 

AntiFake.am-ի թղթակցի հետ զրույցում այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը հաստատեց մեր այն տեղեկությունը,  որ եթե վագրի մոտ լեյկոզ է եղել, ապա դա նշանակում է, որ այգու բոլոր  կատվազգիների մոտ առկա է այդ վիրուսը, քանի որ կատվազգիների մոտ լեյկոզը կրում է վիրուսային բնույթ, և հետևաբար պետք է նաև  քնեցնել այգու մյուս կատվազգիներին։

Ըստ նրա՝ այգու մյուս կենդանիների հիվանդությունների հետ կապված կենդանաբանական այգու բացատրությունները և արտասահմանից եկող մասնագետները ևս կասկածելի են: Տիկին Ռաֆայելյանը պատմեց, որ Ռուբեն Խաչատրյանը համարում է, որ Հայաստանում մասնագետներ չկան, այդ պատճառով կենդանիների բուժման համար նա արտասահմանյան մասնագետների է հրավիրում,  որի համար դուրս են գրվում շատ մեծ գումարներ: Դուրս գրված գումարների շատ չնչին մասն է միայն հատկացվում անասնաբույժներին, իսկ տասնապատիկ անգամ շատ ավելի գումարներ անցնում են Ռուբեն Խաչատրյանին, և այդ ամենը լուրջ կոռուպցիոն սխեմա է: Նա նշեց, որ արտասահմանյան անասնաբույժների կարիքը զգացվում է այն պատճառով, որ հայաստանյան մասնագետները չեն ստորագրում նրան ձեռնտու ախտորոշումների տակ: Տիկին Ռաֆայելյանը հավելեց, որ միակ վստահելի անասնաբույժը եղել է Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցը, ում տվյալները կարողացել են ճշտել: Ըստ Մոսկվայի անասնաբույժի հետազոտության՝ այգու վագրերը առողջ են եղել, մինչդեռ հետազոտության արդյունքների ամփոփումից ընդամենը 5 օր հետո լոնդոնյան անասնաբույժը վագրերի մոտ քաղցկեղ է հայտնաբերել, ինչն էլ շատ կասկածելի է:

«Ռուբեն Խաչատրյանը այս բնագավառում   բնապահպանական դիակ է». ասում է այգու նախկին աշխատակիցը՝ պահանջելով նրա հրաժարականը և նշելով, որ շատ հնարավոր է՝ նա հրաժարական չի ներկայացում ժամանակ շահելու և իր կիսատ թողած ապօրինի և կրիմինալ գործողությունները մաքրելու համար: Նա նշում է, որ կան հարուցված քրեական գործեր, որոնց ընթացքին միգուցե խանգարում են Ռուբեն Խաչատրյանի հովանավորները՝ թույլ չտալով օբյեկտիվ քննության ընթացք, կամ իրավապահ մարմինները չեն տիրապետում իրավիճակին:

Իսկ այն հարցին, թե Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարումից ի վեր այգում կենդանիների քանի տոկոսն է անկել, կամ կան արդյոք վիճակագրական տվյալներ այդ մասին, Ռաֆայելյանը պատասխանեց, որ Ռուբեն Խաչատրյանի տնօրեն նշանակվելու պահին այգում եղել է 2000 գլուխ կենդանի, իսկ նրա պաշտոնավարման ընթացքում վերացել է շուրջ 70 կենդանատեսակ, որն առնվազն կազմում է ընդհանուրի 30-40 տոկոսը:

Վերջինս նաև խոսեց հիմնադրամ-կենդանաբանական այգի փոխշահավետ համագործակցության մասին։

Ինչպես հայտնի է, ակցիայի կազմակերպիչները դիմել էին Երևանի քաղաքապետարան: Այդ գործընթացի վերաբերյալ մեկնաբանություն տվեց այգու նախկին աշխատակից Կարեն Մարտիրոսյանը, որը ասաց, որ մինչև օրս որևէ վերլուծություն չի եղել կենդանաբանական այգու անկումների սխալ կառավարման հետ կապված: Իսկ քաղաքապետարանից ասել էին, որ պետք է ձևավորվի 11 հոգանոց մասնագետների խումբ, որոնք պետք է զբաղվեին տվյալ խնդրով, որոնց մասին  մինչ օրս ոչ մի լուր չունեն, իսկ քաղաքապետարանից ասում են, որ ընթանում է քննություն: Սակայն, ինչպես նշում է Կարեն Մարտիրոսյանը, այդ քննությունները և ուսումնասիրությունները ընթանում են շուրջ 5 ամիս, և այդ 5 ամիսների ընթացքում  մի շարք կենդանիներ են անկում, և հիմա էլ առողջական խնդիրներ ունեցող կենդանիներ կան, որոնք նույն ճակատագրին կարժանան:

Առավել մանրամասն տեսանյութում՝

Այս ամենը Ռուբեն Խաչատրյանը որակում է որպես զրպարտություն իր հասցեին և դիմել է իրավապահներին: Նշենք, որ Ռուբեն Խաչատրյանը բողոքի ակցիաների կազմակերպումը վերագրում է ինչ-որ մարդկանց և նրանց բիզնես շահերին, ինչի մասին նա ասել էր «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում:

Ի դեպ, «Հայկական ժամանակում» պարբերաբար տեղ են գտնում Ռուբեն Խաչատրյանին պաշտպանող և կողմնակալ հոդվածներ(օրինակ՝ 1, 2, 3):

Չնայած նրան, որ Ռուբեն Խաչատրյանը ակցիայի մասնակիցներին կապում է ինչ-որ անունների հետ, Խաչատրյանին ևս թե՛ նախկինում, թե՛ ներկայումս կապում են մի շարք քաղաքական գործիչների հետ։

Ըստ օդում կախված լուրերի՝ Ռուբեն Խաչատրյանը մտերիմ կապեր է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որն էլ համաձայնություն է տվել նրա գործողություններին։ Իսկ ներկայումս Ռուբեն Խաչատրյանը մտերիմ կապեր ունի ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, որն էլ շարունակում է հավանություն տալ  նրա գործողություններին:

Հետևելով իրադարձությունների ողջ ընթացքին՝ կարող ենք եզրակացնել, որ ներկա ու նախկին աշխատակիցներն իրավմամբ անհանգստացած են կենդանաբանական այգու մյուս կենդանիների ճակատագրով, և  նրանք մտադրված են շարունակելու իրենց բողոքի ակցիաներն այնքան, մինչև Ռուբեն Խաչատրյանը հրաժարական կներկայացնի։ Այս մտահոգություններին գումարվում է նաև քաղաքապետարանի կողմից տարվող թերի աշխատանքը և կենդանիների շարունակական անկումները։ Ուստի իրավապահ մարմինները պարտավոր են ընթացք տալ բողոքի ակցիաների հայտարարություններին, իրականացնել օբյեկտիվ և համակողմանի քննություն՝ իրականությունը պարզելու և այգու կենդանիների հետագա անկման դեպքերը շուտափույթ կանխելու համար։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը