Ինչու՞ է Հայաստանի ամենաթանկարժեք կահույքի սրահն անվճար գույք հատկացնում վարչապետին

article-image

Օրեր առաջ՝ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ փոխանցեց և պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Ձորափի 74 հասցեում գտնվող պետական պաշտոնյաներին սպասարկող առանձնատներ մուտք գործում «Bogart Interior Salon»-ի (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահ) բեռնափոխադրող մեքենան և դուրս գալիս։

AntiFake.am-ը ապրիլի 29-ին լուսանկարները հրապարակեց կայքում, ինչպես նաև հարցում ուղարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահին հետևյալ հարցադրումներով.

«Ապրիլի 27-ին Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահին սպասարկող բեռնափոխադրող մեքենան կահույք է տեղափոխել Կառավարական առանձնատներ։ Խնդրում ենք նշել, թե ու՞մ համար է նախատեսված եղել կահույքը։ Խնդրում ենք նշել նաև, թե ի՞նչ կահույք է բերվել Կառավարական առանձնատուն, ի՞նչ արժողությամբ և ի՞նչ միջոցներով է վճարվել կահույքի արժեքը։ Խնդրում ենք տրամադրել գնման հետ կապված փաստաթղթեր»։

Հաջորդ օրը քաղաքացիներից տեղեկացանք, որ Բոգարտի բեռնափոխադրող մեքենան կրկին ուղևորվել է Կառավարական ամառանոցներ՝ այս անգամ էլ ամենայն հավանականությամբ հետ տանելով բերված կահույքը։

Նույն օրը՝ ապրիլի 30-ին ստացանք ՀՀ վարչապետի աշխատակազմի "Կոնդի առանձնատների տնտեսություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Սավգուլյանի տեղեկություն ստանալու հարցման պատասխանը, որում նշված էր.

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի Երևանում կայանալիք նիստի հետ կապված միջոցառումների շրջանակներում «Ի.Տ.Կ.ՌՈՒՍ» ՍՊԸ-ից /Բոգարտ կահույքի սրահ/ գույքի անհատույց օգտագործման եռօրյա ժամկետով պայմանագրի հիման վրա Ձորափի 74 հասցեում տեղակայված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածք է բերվել գույք՝ կահույք և տարբեր աքսեսուարներ։ Բերված կահույքը՝ սեղան, աթոռ, բազմոց և այլ պարագաներ, օգտագործվել են տարբեր մասնաշենքերում միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով։ Բերված գույքն ամբողջությամբ ս.թ. ապրիլի 30-ին վերադարձվել է վերոնշյալ ՍՊԸ-ին»։

Հետաքրքրականն այն է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է այն հարցերին, որոնց  նպատակահարմար է գտել պատասխանել, իսկ արդյունքում մի քանի կարևոր հարցերի պատասխաններ բաց են մնացել, մասնավորապես՝ չեն տրվել այն հարցերի պատասխանները, թե հստակ ի՞նչ կահույք է բերվել Կառավարական առանձնտներ և  ի՞նչ արժողությամբ, չեն տրամադրվել նաև տնօրենի պատասխանները հիմնավորող փաստաթղթեր։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար AntiFake.am-ը կրկին հարցում է ուղարկել վարչապետին և ՊՈԱԿ-ի տնօրենին, խնդրելով տեղեկություններ տրամադրել կահույքի ամբողջական ցանկի, տեսակների, բրենդների և արժողության, կահույքի բեռնափոխադրման հետ կապված ծախսերիվերաբերյալ, ինչպես նաև այդ տեղեկությունները հավաստող փաստաթղթեր, որին ի պատասպան ՊՈԱԿ-ի քարտուղարության պետից ստացված էլեկտրոնային փոստի դատարկ հաղորդագրությունից կարող ենք փաստել, որ մեր երկրորդ հարցումը ստացել և կարդացել են։ Սակայն թե ինչու են նրանք արդեն չորս օր շարունակ դժվարանում մեզ ուղարկել իրենց իսկ նշած պայմանագիրը և մյուս անհրաժեշտ տեղեկությունները, որոնք պետք է տրվեին առաջին հարցման պատասխանով,  արդեն կասկած է առաջացնում։

Հիշեցնենք, որ Բոգարտը Հայաստանի ամենաթանկարժեք կահույքի սրահն է, որը համագործակցում է ամերիկյան և եվրոպական բրենդների հետ։

Իհարկե մենք կսպասենք ՊՈԱԿ-ի տնօրենի պատասխանը հավաստող փաստաթղթերին, սակայն եթե հարցման առաջին պատասխանում նշվածը իրականություն է, ապա այն խիստ մտահոգվելու տեղիք է տալիս.

  1. Ինչու՞ Հայաստանում ամենաթանկարժեք կահույք վաճառող խանութ սրահը պետք է մի կողմ դնի իր բիզնես շահը և երեք օրով անհատույց գույք հատկացնի որևէ միջկառավարական միջոցառման իրականացման համար։ Արդյո՞ք սա հղի չէ կոռուպցիոն ռիսկերով։
  2. Պատասխանում նշված է, որ բերված կահույքն օգտագործվել է տարբեր մասնաշենքերում միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով։ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), ինչից ակնհայտ է, որ վարչապետին սպասարկում է մեկ մասնաշենք։ Ի՞նչ տարբեր մասնաշենքերի մասին է խոսքը, եթե Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանին սպասարկող առանձնատանը։

Այս հարցերին և հնարավոր վտանգներին կանդրադառնանք առավել մանրամասն հարցման լիարժեք պատասխանները ստանալուց հետո։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն