Հայկ Մարությանը որոշել է իր աշխատավարձով հավասարվել Նիկոլ Փաշինյանին

article-image

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումից, մայիսի 8-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը: Այդ որոշման ընդունումը կհանգեցնի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը՝ միջինը 28-30 տոկոսով:

Նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև Հայկ Մարությանի աշխատավարձը, որը կկազմի 1 միլիոն 200 հազար դրամ:  Համեմատության համար նշենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ:

Հետաքրքիրն այն է, որ Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրներ ոչ միայն լուծում չեն ստանում, այլ գնալով խորանում են, այդ թվում՝ աղբահանության և տրանսպորտի հարցը։ Սակայն բազմաթիվ չլուծված խնդիրներով հանդերձ Հայկ Մարությանը որոշել է, որ նա և իր թիմն ավելի շատ աշխատավարձի են արժանի։

Միգուցե քաղաքապետի և իր թիմի աշխատավարձի չափո՞վ է պայմանավորված Երևանի խնդիրների լուծումը։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնեց, որ քաղաքապետարանը կհրապարակի Ամանորի կապակացությամբ քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների հավելվածները:

Դրանց հրապարակումից հետո «Հետք»-ն ուսումնասիրել էր քաղաքապետարանի վարչության պետերի ստացած պարգևավճարները և պարզել, որ քաղաքապետարանի որոշ վարչության պետեր, բացի իրենց ստացած 13-րդ աշխատավարձից, 1-2 միլիոն դրամ պարգևավճար են ստացել:

Իսկ Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում էլ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքապետարանում լինելու են եռամսյակային պարգևավճարներ։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն