«Մուստաֆա Նայեմը այն մարդը չէ, որը կարող է կիսվել իր «հաջողված» փորձով Հայաստանի հետ. ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Ռուսլան Բորտնիկ

article-image

Օրերս մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին հայ սահմանապահները չեն թույլատրել մուտք գործել Հայաստան, և պաշտոնյան ստիպված է եղել մոտ երեք ժամ սպասել, մինչև հարցը կլուծվի, և նրան թույլատրեն դուրս գալ օդանավակայանից: Նայեմը Հայաստան էր ժամանել մասնակցելու Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի կողմից կազմակերպած հակակոռուպցիոն միջազգային քննարկմանը: Ավելի ուշ Նայեմը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի և Ստեփան Գրիգորյանի հետ, որոնք ևս մասնակցել էին այդ հանդիպմանը:

Այս միջադեպը հնչեղություն ստացավ այն պատճառով, որ Մուստաֆա Նայեմին չէր թույլատրվել հատել սահմանը «երրորդ կողմի պահանջով»: Պարզ դարձավ, որ ուկրաինացի պատգամավորը «անցանկալի անձ» է համարվում Ռուսաստանում:

Այս հանգամանքը որոշ շրջանակների մոտ դժգոհություն բարձրացրեց (1, 2):

Սակայն անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ով է ՈՒկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը, և ինչու է այս պարագայում ակտիվորեն աշխատում «սոռոսական» կոնտինգենտը:

Մուստաֆա Նայեմը աֆղանական ծագմամբ ուկրաինացի լրագրող է եղել՝ մինչև պատգամավորական գործունեությունը, աշխատել է «Կոմերսանտ Ուկրաինա»-ում և «Ուկրաինսկա պրավդայում»: Նայեմը համարվում է ուկրաինական մայդանի ոգեշնչողը: Այնուհետև 2014թ. Պյոտր Պոռոշենկոյի բլոկի կազմում ընտրվել է պատգամավոր, սակայն այս տարի փետրվարի 28-ին դուրս է եկել դաշինքից: 2016թ. «Եվրոօպտիմիստներ» խորհրդարանական խմբի հետ փորձել է կուսակցություն հիմնել այդ ժամանակ Օդեսսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ, սակայն նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվել: Իր հայացքների համար արժանացել է երկրում գոյություն ունեցող արմատական խմբավորումների ատելությանը: Մասնավորապես, այս տարվա ապրիլին Օդեսսայում նրա վրա կոյուղաջրեր էին լցրել: Հարուցվել էր քրեական  գործ խուլիգանության հատկանիշներով:

Մուստաֆա Նայեմը 2013թ. հիմնադրել է «Hromadske» ռադիոն, որի հովանավորներն են հանդիսանում ՈՒկրաինայում ԱՄՆ դեսպանատունը, բրիտանական կառավարությունը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), «Վերածնունդ» միջազգային հիմնադրամը: Վերջինս հանդիսանում է «Բաց հասարակության հիմնադրամներ» (Սոռոսի հիմնադրամ) կազմակերպության ամենամասշտաբային ծրագրերից մեկը Ուկրաինայում:

Դեռևս 2011թ. Նայեմը նախաձեռնել էր «Վերջ գրաքննությանը» («Стоп цензуре!») լրագրողական շարժումը, որը ֆինանսավորվել է օտարերկրյա կազմակերպությունների, մասնավորապես, վերոնշյալ «Վերածնունդ» հիմնադրամի կողմից:

Հարկ է նշել, որ նախկինում ևս Նայեմը խնդիրներ է ունեցել իրավապահների հետ: 2010թ. Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել էին նրան և ուղարկել Պոդոլսկի վարչություն՝ պարզելու վերջինիս ինքնությունը: Այս միջադեպից հետո ապագա պատգամավորը հոդված էր հրապարակել «Քսենոֆոբիան չպետք է դառնա ուկրաինական ազգության դեմքը» վերտառությամբ և պահանջել իրեն ձերբակալած ՆԳՆ աշխատակիցների հրաժարականը:

ՈՒկրաինացի պատգամավորը զերծ չի մնում նաև կոռուպցիոն սկանդալներից:  2018թ. հոկտեմբերին նրան մեղադրում էին իր աշխատավարձի համեմատ թանկարժեք հագուստ կրելու մեջ: Ինչպես նաև ուկրաինացի բլոգեր Անդրեյ Ձինձյան հրապարակել էր փաստեր, որ Մուստաֆա Նայեմը նախաձեռնել է որոշ օրենսդրական փոփոխություններ սեփական ունեցվածքը թաքցնելու նպատակով:

Գերագույն ռադայի պատգամավորի գործունեության և Հայաստանում նրա ընդունելության մասին փորձագիտական կարծիքի ակնկալիքով AntiFake.am-ը զրուցեց Քաղաքական մենեջմենթի և վերլուծությունների ուկրաինական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան, 2001 թ.-ից Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի խորհրդական Ռուսլան Բորտնիկի հետ:  Վերլուծաբանը Մուստաֆա Նայեմի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի հետ կապված կարծիք հայտնեց, որ այս դեպքը հայ-ուկրաինական հարաբերությունների վրա բացասական լուրջ ազդեցություն չի ունենա: Բայց Հայաստանի և Ուկրաինայի էլիտաների հարաբերություններում որոշակի սահմանափակումներ կլինեն։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս դեպքը կարող է պայմանավորված չլինել միայն Ռուսաստանի հանգամանքով: Նայեմը համարվում է ուկրաինական լիբերալ քաղաքական հատվածի ներկայացուցիչ, ով կապվում է «Մայդանի» և «հեղափոխության» հետ, և հաճախ պետություները չեն թույլատրում նման անձանց իրենց պետության տարածք ՝ զգուշանալով նրանց դեստրուկտիվ գործունեությունից։

Պարոն Բորտնիկը հարկ համարեց շեշտել, որ չնայած Մուստաֆա Նայեմը ՈՒկրաինայում հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների նախաձեռնողներից մեկն է, սակայն դրանք դրական արդյունք չեն ունեցել. կոռուպցիայի մեջ ներգրավված ոչ մի հայտնի անձ չի ձերբակալվել, իսկ ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա բացահայտումների ցուցանիշը, համեմատած նախահեղափոխական իրավիճակի հետ, անկում է ապրել: «Մուստաֆա Նայեմը այն մարդը չէ, որը կարող է կիսվել իր «հաջողված» փորձով Հայաստանի հետ, ի տարբերություն Վրաստանի ներկայացուցիչների, որտեղ ոստիկանության բարեփոխումը հաջողված էր»,-ավելացրեց մեր զրուցակիցը: Նախորդ տարիներին Նայեմի անհիմն հայտարարությունները կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նպաստել են  նրա հեղինակության անկմանը, և այսօր հասարակության տրամադրությունները բավական հոռետեսական են նրա նկատմամբ։

Նայեմի՝ Սոռոսի հետ ունեցած կապի և Նայեմի քաղաքական գործունեության վրա դրա ունեցած ազդեցության մասին Ռուսլան Բորտնիկը նշեց, որ պատգամավորների մի խումբ կապվում է Սոռոսի հետ։ Այդ շարքում են Սերգեյ Լեշչենկոն, Սվետլանա Զալիշյուկը, Մուստաֆա Նայեմը և շատ այլ պատգամավորներ: Նրա խոսքերով նրանց իրար են կապում նեոլիբերալ հայացքները, և Սոռոսի հետ կապն էլ կարող է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի հետ նրա խնդիրների պատճառ դառնալ: «Այսօր Սոռոսին չեն սիրում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Հունգարիայում, այլ եվրոպական երկրներում»:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանում որոշակի շրջանակներ միանգամից ակտիվացան՝ օրակարգ բերելով հակառուսական տրամադրությունները: Հետաքրքիր է նաև, որ հակակոռուպցիոն օրակարգով հավաքին հրավիրվել է մի մարդ, ով ինքն էլ զերծ չի եղել կոռուպցիոն սկանդալներից և Ուկրաինայի պատմության մեջ հայտնի է իր հակակոռուպցիոն բարեփոխումների ձախողված փորձերով։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն