Հանրայի՞ն, թե՞ իշխանական հեռուստաընկերություն. «լավագույն ավանդույթները» շարունակվում են

article-image

Երեկ՝ մայիսի 4-ին, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հաղորդում էր պատրաստել «Լուրեր»-ի թողարկման համար «Հակակառավարական քարոզարշավի համակարգողները» խորագրով, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, այնուհետև տեղադրվել news.1tv.am կայքում և յութուբյան ալիքում ։

Հաղորդումը կառուցված է ամերիկյան Atlantic Council-ին պատկանող DFRLab վերլուծական կենտրոնի «վերլուծությունների» հիման վրա, որտեղ փորձ է արվել ցույց տալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում «AntiFake.am»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի, «Ադեկվադ»-ի հիմնադիրներ Նարեկ Մալյանի ու Արթուր Դանիելյանի և «Blognews»-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի միջոցով։

Հարկ ենք համարում նշել, որ Հանրային հեռուստաընկերությունը հաղորդումը պատրաստել և թողարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները) 1-ին մասը սահմանում է.

«Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը»:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.

«Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը պարտավոր են մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա. Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. Հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը…»։

Եվ այսպես, Հանրային հեռուստաընկերության հաղորդման հեղինակները (Վահե Կոստանդյան, Դավիթ Մաճկալյան)  հաղորդման հիմքում դրել են բացառապես վերոգրյալ հրապարակման մեջ տեղ գտած ինֆորմացիան։ Հաղորդման վերնագրից կարելի է կարծիք կազմել հաղորդման հեղինակների՝ օբյեկտիվ լրատվություն մատուցելու «պրոֆեսիոնալ որակների» մասին։

Հաղորդման հեղինակ՝ Վահե Կոստանդյան

Բացի այդ, հաղորդման ամենասկզբում նշվում է. «Atlantic Council-ի փորձագետները վստահ են. Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավի հետքերը տանում են Ռուսաստան»։

Ամբողջ հաղորդման ընթացքում մեջբերումներ են արվում հրապարակումից և հատվածներ ցուցադրվում։ Օրինակ՝ «Որոշ ընդդիմախոսներ համախմբվել են #SutNikol hashtag-ի տակ՝ ապատեղեկատվություն և կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով խճճված օնլայն արշավ են սկսել, որի նպատակն է վարկաբեկել Փաշինյանին ու նրա աջակիցներին»։

Մեկ այլ հատված՝

Հաղորդման հեղինակները հաղորդմանը օբյեկտիվություն հաղորդելու համար նշում են, թե իբրև ուսումնասիրությանն անդրադարձել են հայ մասնագետները, և հատվածներ են դրել անկախ փորձագետ Սամվել Մարիտիրոսյանի հետ զրույցից։ Մինդեռ այդ հատվածները ուշադիր լսելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Սամվել Մարտիրոսյանի գնահատականները վերաբերվում են ոչ թե կոնկրետ դեպքի, այլ ընդհանրական են, իսկ երբեմն ակնհայտ հակասում են հաղորդավարներին։

Այս մասին հարցադրում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հայրապետյանը. «Սամվել Մարտիրոսյան, տեղյա՞կ եք, ինչ կոնտեքստում ա մատուցվել Ձեր հարցազրույցը, արդյո՞ք հայլուրը չի կտրտել խոսքը ու պահել իրա ուզածը։ Կիսու՞մ եք արտահայտված կարծիքները։ Իմ մոտ ինչ-որ խառը սարքածի հոտ եկավ»։

Որին ի պատասխան՝ Սամվել Մարտիրոսյանը նշել է. «Ինձ թվում ա իմ ասածներից երևում ա, որ իմ ասածը կտրտված է, էլ չասեմ, որ հաճախ հակասում է հեղինակի խոսքին»։

Հաղորդման հեղինակները նշում են նաև, որ Atlantic Council-ի պնդմամբ հստակ ապացույցներ կան, որ AntiFake.am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, և դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Սանկտ-Պետերբուրգում։

Նշենք, որ մինչև հաղորդման պատրաստումը հրապարակման մեջ քննարկվող անձինք առանձին-առանձին անդրադարձել են այս «վերլուծությանը»՝ հերքելով հրապարակման մեջ տեղ գտած անգրագետ «բացահայտումները» թե՛ դոմեյնի, թե՛ Ռուսաստանի հետ կապի և թե՛ մնացած հարցերով։ Մինչև հաղորդման թողարկումը «վերլուծությանն» անդրադարձ է կատարել նաև նորությունների, մեկնաբանությունների և վերլուծությունների անկախ լրատվամիջոց «The Armenite»-ը՝ «Հարձակում հայկական տեղական մամուլի վրա Atlantic Council-ի դիմակով» հրապարակմամբ։

Սակայն հաղորդման հեղինակները հարկ չեն համարել հաղորդման մեջ ներառել նաև քննարկվող անձանց և այլ անկախ վերլուծական կենտրոնների դիրքորոշումները։ Ուստի ակնհայտ է, որ հաղորդման հեղինակները նպատակ են հետապնդել ներկայացնել միակողմանի, կողմնակալ և ոչ օբյեկտիվ տեղեկութուն՝ Հանրային հեռուստատեսությունը ծառայեցնելով իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական շահերին։

Սրանով հաղորդման հեղինակներ Վահե Կոստանդյանը և Դավիթ Մաճկալյանը ոչ միայն կասկածի տակ են դրել իրենց մասնագիտական որակները, այլ նաև պատրաստել են մի հաղորդում, որով հեռուստաընկերությունը խախտել է «Հեռուստատեսության և ռադիոայի մասին» ՀՀ օրենքի կարևորագույն օբյեկտիվության, անկողմնակալության, բազմազանության և բազմակարծության սկզբունքներով ղեկավարվելու իր պարտականությունը։

AntiFake.am տեղեկատվության տրամադրման և փաստերի ստուգման անկախ և անկողմնակալ լրատվական միջոցը դեմ է ցանկացած տեսակի կեղծիքին և ապօրինություններին և բոլոր հնարավոր միջոցներով պայքարել է ու շարունակելու է  պայքարել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բացառվի օրենքները կամայականորեն խախտելու, Հանրային հեռուստաընկերությունը իշխանական շահերին ծառայեցնելու, լրագրողական գործունեությունը ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ պախարակելու արատավոր պրակտիկան։

 

AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն