Իմքայլական բիզնեսմեն պատգամավորը կամ երկակի ստանդարտներ բիզնես-քաղաքականություն հարաբերություններում

article-image

Երեկ՝ մայիսի 5-ին, shamshyan.com կայքը հաղորդեց, որ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացի Սերգեյ Մխիթարյանը, որը «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, պնդել է, որ իրեն ծեծի են ենթարկել հայր և որդի Ջուլֆալակյանները:

Սրան հետևեց Արսեն Ջուֆալակյանի պարզաբանումը: Նա իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել է, որ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է իրենց սրճարանի համասեփականատերը, և վերջինիս հետ երեկ գործնական հարցերի շուրջ լարված մթնոլորտում քննարկում է եղել: Ջուլֆալակյանի պնդմամբ՝ Ս. Խաչատրյանն իրեն վատ է զգացել, նրանք շտապօգնություն են կանչել և տեղափոխել հիվանդանոց:

Սակայն այստեղ պատգամավորի կողմից ծեծկռտուքի մասնակցելու հանգամանքից բացի, ուշագրավ է նաև այն, որ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, որ հանդիսանում է սրճարանի համասեփականատեր:

Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրերին շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռակա փոխհրաձգությունը:

Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցումը` պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում: ԱԺ նախագահն էլ հորդորել էր Գագիկ Ծառուկյանին սպառիչ հրապարակային պարզաբանում ներկայացնել այս խնդրի վերաբերյալ: Այսօր Ծառուկյանը տվել էր այդ պարզաբանումը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի այս բացահայտ խոստովանությունը, արդյո՞ք հիմք կհանդիսանա, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ևս մեկ նմանատիպ դիմում ներկայացնի ՀՀ դատախազություն, և արդյո՞ք Արարատ Միրզոյանը ևս սպառիչ հիմնավորումներ կպահանջի Արսեն Ջուլֆալակյանից:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դեռևս 2018թ. հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության համար որպես ուղենշային հայեցակարգային հիմնախնդիր հռչակել էր կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:

Սակայն, ինչպես պարզ է դառնում Ջուլֆալակյանի հայտարարությունից, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների գործողություններն ու իր խոսքերը, ինչպես մյուս հարցերում, այս հարցում ևս հակասում են իրար։

Արդյո՞ք ընթացք կտրվի Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությանը և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ առերևույթ օրինախախտումը բացահայտելու համար, կիմանանք շուտով, հակառակ դեպքում կարելի է եզրակացնել, որ այս հարցում ևս իշխանությունը և որոշ քաղաքական ուժեր առաջնորդվում են երկակի ստանդարտներով։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն