Ինչու՞ է Հանրային խորհրդի նախագահը «հին ու նոր դիրքերի» վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը հակասող հայտարարություններ անում

article-image

Մինչ այս օրերին լարված է մնում հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան ուղղության պետական սահմանագոտին, սոցիալական ցանցերում այս օրերին «ռազմական փորձագետներ» դարձած բազմաթիվ ակտիվ օգտատերեր քննարկում են ռազմական գործողությունները, կարծիքներ հայտնում, նաև` ապատեղեկատվություն տարածում` չմոռանալով, իհարկե, հիշել նախկիններին ու ներկայիս գործողությունները համեմատել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ:

Այս օրերին առավել քան անհրաժեշտ է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և առաջնորդվել համապատասխան գերատեսչությունների հաղորդած տվյալներով, քանի որ ռազմական գործողություններին զուգահեռ լրատվական տարատեսակ հարթակներում, սոցիալական ցանցերում այսօր ադրբեջանական քարոզչությունը ապատեղեկատվության հսկայական քանակություն է փորձում ներմուծել հայկական դաշտ:

Պետք է նշել, որ չնայած բազմաթիվ հորդորներին առկա տեղեկատվական թեժ պայքարում հայկական կողմի պաշտոնական տեսակետի խեղաթյուրումներ են տեղի ունենում նաև ներկայումս պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից: Մասնավորապես, երեկվանից Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում երկու գրառում է կատարել, որոնցում առաջ է  քաշում ինչ-որ թեզեր` հղում անելով Դանիել Իոաննիսյանին ու ապացուցում դրանք, քննարկում է ինչ-որ «լեռնաշղթայի», կամ «հին ու նոր դիրքեր», «նոր դիրքեր» է ցույց տալիս իր կողմից հրապարակված լուսանկարում այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարությունը, ի դեմս` Արծրուն Հովհաննիսյանի, ՀԽ նախագահի տարածած տեղեկատվության վերաբերյալ ոչ մի մանրամասն տեղեկատվություն, որը կհաստատի կամ կհերքի այն, չի տարածել:

Սա այն դեպքում, երբ երեկ` հուլիսի 17-ին, Իջևանում սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հստակեցրել է այս հարցը:

Նա, անդրադառնալով ավելի վաղ տված հարցազրույցում մեջբերվող հատվածին, մասնավորապես, ասել է. «Նախ, ես դիրքի մասին ոչ մի բան չեմ նշել: Ռուս լրագրողի հարցը եղել է բարձունք գրավելու մասին: Կողմերից որևէ մեկը բարձունք չի գրավել: Առաջին օրը, երբ էս հարցը քննարկվեց դիրքերի բարելավման մասով, ես ասացի, որ չեմ մեկնաբանում, և եկեք փակագծերը չբացենք: Ռուս լրագրողի հարցին ես հենց «բարձունք» եմ պատասխանել, որովհետև խոսքը կոնկրետ «բարձունքի» մասին էր: Դիրքը բարձունք չէ, բարձունքը դիրք չէ, բայց ես փակագծերը չեմ բացի: Էս ամեն ինչը թող մնա, մենք չխանգարենք զինվորականներին կատարել իրենց հետագա աշխատանքները»:

 

 

Հիշեցնենք, որ «Пограничная ЗОНА» հաղորդման ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ որևէ բարձունք (“высота”) որևէ կողմ չի վերցրել: «Պաշտոնական Երևանը, պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ մեր զորքերը որևէ բարձունք են վերցրել: Նման բան չի եղել: Նախկին զինվորականները, ռազմական փորձագետները, քաղաքական գործիչները հնարավոր է, որ դրա մասին խոսացած լինեն: Բայց պաշտոնապես պաշտպանության նախարարությունը դրա մասին երբեք չի խոսել: … Եթե որևէ փոփոխություններ են եղել կողմերի կողմից, որևէ բարձունք ամբողջությամբ և այլն, չի եղել: Ոչ ոք ոչինչ չի վերցրել»,- հարցազրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի դիրքորոշումը առավել քան հստակ է, նպատակը` հասկանալի: Այնինչ միևնույն ժամանակ ՀՀ մեկ այլ պաշտոնյա զբաղված է ռազմական գերատեսչության պաշտոնական դիրքորոշումներին տրամագծորեն հակառակ հայտարարություններ տարածելով, որոնք կարող են վտանգել հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը միջազգային հարթակներում` հարվածի տակ դնելով մեր դիվանագիտական ու ռազմական կորպուսների փոխհամաձայնեցված աշխատանքի հաջողությունը:

Հակառակ պարագայում ստացվում է, որ այս երկու պաշտոնյաներից մեկը ստում է:

AntiFake.am-ը հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն` խնդրելով մեկնաբանել և դիրքորոշում հայտնել Հանրային խորհրդի նախագահի անպատասխանատու և ՊՆ-ից տարբերվող հայտարարությունների վերաբերյալ:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը