Ուկրաինայի մշտական չեզոքություն, Ղրիմի ճանաչում և զորքերի հետքաշում. 15-կետանոց համաձայնագրի նախագիծ` ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու համար. «The National Interest»

article-image

Վաշինգտոնյան «The National Interest» ամսագիրը 15-կետանոց խաղաղության պայմանագրի նախագիծ է հրապարակել, որը քննարկվում է` ավարտելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և վերջ տալու պատերազմին: 

Հոդվածագիր Դեյվիդ Թ. Փայնը, որը ԱՄՆ զինված ուժերի նախկին ծառայող է և ներգրավված է Ջորջթաունի համալսարանի Ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքներում, նշում է, որ բանակցություններում Ուկրաինայի դիրքերը թուլանում են, քանի դեռ պատերազմը շարունակվում է, այն էլ այն դեպքում, երբ վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ: Հոդվածագիրը շեշտում է, որ ի հեճուկս արևմտյան լրատվամիջոցների պնդումների` Ուկրաինան չի հաղթում, ավելին` սարսափելի կորուստներ է կրում Դոնբասում` հակառակորդին պարտվելով հրետանու` «20-ը 1-ի» հարաբերությամբ:

Փայնը նշում է, որ 15-կետանոց համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկը առաջինն է, որը հրապարակվել է արևմտյան մամուլում` միտված լինելով ոչ թե հետաձգել, այլ վերջնականորեն լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա հակամարտությունը: Պայմանագրի կետերը, ըստ հոդվածի հեղինակի, լավագույն պայմաններն են, որոնք հարմար են Ուկրաինային և լուծում են Ռուսաստանի պահանջած անվտանգության երաշխիքների խնդիրները: 

Հրապարակված համաձայնագրի նախագծի 15 կետերը` ստորև`

  1. Ուկրաինան սահմանադրական փոփոխություններով հայտարարում է մշտական չեզոքության մասին: Նրա անկախությունը, չեզոքությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորվում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից` պայմանավորված խաղաղության համաձայնագրով Ուկրաինայի ստանձնած պարտավորություններով: Փոխարենը Ռուսաստանը ճանաչում է Ուկրաինայի ներկայիս կառավարության լեգիտիմությունը և հրաժարվում է Մոսկվայի համար առավել ընդունելի գործիչներով ուկրաինական ղեկավարությանը փոխարինելու որևէ մտադրությունից:
     
  2. Ուկրաինան ճանաչում է 2014 թվականի Ղրիմի` Ռուսաստանի հետ միավորումը և հրաժարվում է ուժով կամ այլ եղանակներով այն վերադարձնելու բոլոր մտադրություններից:
     
  3. Ռուսաստանը հետ է քաշում զինված ուժերը նախա-«պատերազմյան» դիրքեր, ներառյալ` Խարկովի, Զապորոժյեի և Խերսոնի շրջաններից, բացի` Դոնբասի շրջանից, որտեղ, համաձայն այս պայմանագրի, պետք է անցնի Ռուսաստանի և Ուկրաինայի վերահսկողության նոր գիծը:
     
  4. 2022 թվականի սեպտեմբերին անցկացվում է հանրաքվե Դոնբասի ամբողջ տարածաշրջանում` ներառելով` Լուգանսկի և Դոնեցկի շրջանները` արդյո՞ք քաղաքացիները ցանկանում են անկախանալ կամ վերադառնալ ուկրաինական վերահսկողության տակ: Հանրաքվեն իրականացվում է Լուգանսկի և Դոնեցկի կառավարությունների կողմից` վերահսկվելով ՄԱԿ-ի կամ այլ չեզոք միջազգային դիտորդների կողմից: Հանրաքվեի արդյունքները հաշվարկվելու են երկու շրջաններում միաժամանակ և միասին, այնպես որ արդյունքները պետք է նույնը լինեն երկու շրջանների համար: Անկախ հանրքավեի արդյունքների` Ուկրաինան համաձայնում է ռուսաց լեզվի` կրկին երկրի պետական լեզուներից մեկը դարձնելուն:
     
  5. Ռուսաստանն աջակցում է Եվրոպական միությանը միանալու Ուկրաինայի դիմումին: 
     
  6. Ուկրաինան մշտականորեն դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ ամբողջ հաղորդակցությունը, ներառյալ` ռազմական պարապմունքները, փոխանակումները և համատեղ զորավարժությունները: Ավելին, Ուկրաինան արգելում է ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումն իր տարածքում: Ուկրաինան համաձայնում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամության դադարեցմանը և կասեցնում է Միացյալ Նահանգների հետ 2021 թվականի նոյեմբերին կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:
     
  7. Ուկրաինան նվազեցնում է իր հետևակի զորքերը` ոչ ավելին, քան 150 հազար` մշտական և առավելագույնը 100 հազար պահեստազոր:
     
  8. Ուկրաինան համաձայնում է Ռուսաստանի վերահսկողության ներքո ոչնչացնել «հարվածային բոլոր համակարգերը» (համաձայնագրի այս հոդվածում ռուս բանակցողները պետք է հստակեցնեն, թե ինչ համակարգերի մասին է խոսքը` հարվածային ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ, հրթիռային համակարգեր և այլն): Ուկրաինային արգելվում է զանգվածային ոչնչացման, ներառյալ` միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքեր մշակել, համաձայնագրի ստորագրումից հետո վեց ամիսների ընթացքում փակվում են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր 26 կենսաբանական ուսումնասիրությունների լաբորատորիաները, և ռուս մասնագետներին թույլատրվում է մուտք գործել լաբորատորիաները` համոզվելու, որ դրանք փակվել են:
     
  9. Բոլոր ռազմագերիները, փախստականները և անազատության մեջ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք վերադառնում են իրենց երկրներ` համաձայն Ժնևի կոնվենցիայի դրույթների:
     
  10. Ռեպարացիաներ և պատերազմական հանցագործությունների միջազգային տրիբունալներ տեղի չեն ունենալու:
     
  11. Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը համաձայնում են մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել Ուկրաինայի վերակառուցման գործընթացին աջակցության համար:
     
  12. Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ անդամ բոլոր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են:
     
  13. Երկու կողմերի` խաղաղության համաձայնագրի կիրարկմամբ` Ռուսաստանի դեմ ներկայացված բոլոր տնտեսական պատժամիջոցները հանվում են, և ռուսական հանրային կամ մասնավոր բոլոր ֆինանսական կամ տնտեսական միավորները, որոնք կալանքի տակ են առնվել, պետք է վերադարձվեն սեփականատերերին: Կողմերը համաձայնում են կարգավորել տնտեսական հարաբերությունները համաձայնագրի ստորագրումից տասներկու ամսվա ընթացքում:
     
  14. Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն հրապարակում են գրավոր երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն երբեք չի ընդլայնվելու դեպի արևելք` նախկին այլ խորհրդային հանրապետություններ և Ռուսաստանի սահմանների երկայնքով (օր. Ֆինլանդիան): Ի պատասխան այս երաշխիքների` Ռուսաստանը համաձայնում է Շվեդիայի անդամակցմանը ՆԱՏՕ-ին, ինչպես դաշինքին միանալու ցանկություն ունեցող մյուս եվրոպական պետությունների դեպքում, եթե նրանք չեն սահմանակցում Ռուսաստանին:
     
  15. Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն համաձայնում են քննարկումներ սկսել Եվրոպայի անվտանգության ճարտարապետության մեջ Ռուսաստանին ներգրավվելու, «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի վերականգնման և բանակցել Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի մասին: Կնքվելիք համաձայնագիրը նվազեցնելու է ամերիկյան, ՆԱՏՕ-ի` Արևմտյան Եվրոպայի և Արևելյան Եվրոպայում տեղակայված ռուսական զորքերի թիվը, ամերիկյան կողմը դուրս է բերում «Aegis Ashore» հակահրթիռային համակարգերը Լեհաստանից և Ռումինիայից, Ռուսաստանն էլ միջուկային առաքման համակարգերը` Բելառուսից: 

Հոդվածն ու նախագիծն ամբողջությամբ` «The National Interest» հանդեսում: 

 

Լուսանկարը` «The National Interest»-ից: 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն