Հայկ Մարությանն ընդդեմ փոքր և միջին բիզնեսի

article-image

Մայիսի 2-ին կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էր: Այս անգամ ակցիայի կազմակերպիչները շարժական սրճարանների ներկայացուցիչներն էին, իսկ ակցիայի կազմակերպման առիթը քաղաքապետարանի կայացրած որոշումն էր:

Բանն այն է, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված մի շարք ստուգայցերից հետո ՀԷՑ-ը դադարեցրել է Երևանի կայանատեղիներում գործող շրջիկ սրճարանների էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչը խոչընդոտ է հանդիսանում վերջիններիս գործունեության համար: Արդյունքում առանց աշխատանքի է մնացել 120 անձ։

Հավաքվածները նշում էին, որ չնայած ՀԷՑ-ի հետ ունեցած իրենց պայմանագրին՝ ՀԷՑ-ը կամայականորեն անջատել է շրջիկ սրճարանների հոսանքները՝ մատնանշելով նրանց անօրինական գործունեությունը: Նրանք պահանջում էին տվյալ ոլորտում առկա խնդիրների լուծում, և նշում, որ իրենց ակցիայի նպատակը ՀԷՑ-ի կողմից ժամանակավոր թույլտվության ստացումն է, որով նրանք կկարողանան վերականգնել շրջիկ սրճարանների աշխատանքի բնականոն ռեժիմը:

Ակցիայի մասնակիցները, որոնք հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ մինչև օրս չեն հանդիպել նրան: Փոխարենը նույն օրը կայացել է հանդիպում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, որը խոսք էր տվել մինչև մայիսի 3-ը հայտնել վարչապետի դիրքորոշման մասին:

Ակցիայի մասնակից Արեն Մելիքյանը  AntiFake.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս ոչինչ հայտնի չէ վարչապետի դիրքորոշման մասին, և պատասխան չստանալու դեպքում բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրին լուծում տրվի:

Արեն Մելիքյանի փոխանցմամբ՝ կասկածելի տվյալներ կան, որ դաշտում մոնոպոլիա է ձևավորվում. «Արդեն գործարանային պատրաստված մեքենաներ կան, մեկ, երկու տեղ և տվյալներ ունենք, որ կան նմանատիպ կառույցներ և խոշոր խաղացողների հետ է կապված այս ամեն ինչը»: Նա նշեց նաև, որ իրենց ունեցած փաստերը ներկայացնելու են պատկան մարմիններին:

Հարկ է նշել, որ քաղաքապետարանը, իր այս քայլով խոչընդոտում է փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչը հակասում է Նիկոլ Փաշինյանի այդ ոլորտին վերաբերվող մի շարք հայտարարություններին (1,2):

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը պետք է զարգանա և դրա համար պետք է ձեռնարկվեն մի շարք քայլեր: Այս թեմայի վերաբերյալ վարչապետը վերջերս էլ առիթ է ունեցել խոսելու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Ասվածից ստացվում է հետևյալը. Նիկոլ Փաշինյանը խոստանում է փոքր և միջին բիզնեսը խթանելուն ուղղված քայլերի ձեռնարկում, իսկ նրա քաղաքական հովանավորությամբ քաղաքապետ դարձած Հայկ Մարությանն ընդունում է այնպիսի որոշումներ, որոնք ոչ միայն չեն հանգեցնում ոլորտում առկա խնդիրների լուծմանը և բիզնեսի զարգացման առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, այլ նաև ավելացնում են գործազուրկների թիվը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն