ԿԳՄՍՆ-ն Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների պայմանագիր է կնքել յուրային ընկերության հետ, ապա լուծել այն. «Հնարավոր չէր կանխատեսել կորոնավիրուսային հիվանդության տարածման նման աճ»

article-image

Կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, շարունակում է յուրային ընկերությունների հետ միլիոնավոր դրամների հասնող պետական գնումների պայմանագրեր կնքելու արատավոր և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործելաոճը։ Ասվածի ապացույցը բոլորին քաջ հայտնի  «EX production» անվան ներքո գործող «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ կնքված նոր պայմանագիրն է։ Մամուլում առկա հրապարակումների համաձայն` «EX production»-ը պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերոջը՝ Գևորգ Աղաբալյանին։ 

ԿԳՄՍ նախարարության և «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի միջև կնքված պայմանագիրը տարակուսելի է ոչ միայն այն պատճառով, որ Կառավարությունը շարունակում է պայմանագրեր կնքել յուրային ընկերությունների հետ, այլ նաև պատճառով, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հարյուրավոր մարդկանց մասնակցություն ենթադրող միջոցառում է կազմակերպվում։

Այսպես, ԿԳՄՍ նախարարությունը օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպման համար «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ 8 միլիոն 200 հազար դրամի պայմանագիր է կնքել: Ծառայությունը մատուցող ընկերությունը պարտավորվել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում կազմակերպել 60 րոպե տևողությամբ համերգային միջոցառում՝ ռոք կամ էստրադային խմբերի ընդգրկմամբ, և ապահովել համերգային միջոցառման հյուրերի՝ 20 անձի, տեղափոխումը Երևանից դեպի Կապան և Կապանից դեպի Երևան: Համերգային միջոցառման հյուրերի համար մեկ մահճակալով համարներում նախատեսվում է գիշերակաց և սննդի ապահովում (ճաշ ճանապարհին /հաց, երկու տեսակի աղցան, պանիր, հիմնական ուտեստ խավարտով, ջուր, զովացուցիչ ըմպելիք/, ընթրիք /հաց, երկու տեսակի աղցան, հիմնական ուտեստ խավարտով, ջուր, զովացուցիչ ըմպելիք, թեյ, սուրճ/, նախաճաշ /կարագ, պանիր, հաց, ջեմ, հիմնական ուտեստ (նրբերշիկ, պյուրե կամ ձվածեղ կամ խաշած ձու), թեյ, սուրճ/):

Ծառայություն մատուցող ընկերությունը նաև պարտավորվել է տոնավաճառներ կազմակերպել Հրազդան, Գյումրի, Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Աշտարակ, Արտաշատ, Վանաձոր և Իջևան քաղաքներում: Յուրաքանչյուր տաղավարի մոտ 100 անձի համար նախատեսվում է հյուրասիրություն, որն իր մեջ ներառելու է երեք տեսակի քաղցրավենիք՝ յուրաքանչյուր տեսակից 100 կտոր, հյութ և ջուր: Ընկերությունը նաև պետք է ապահովի տոնավաճառներին Երևանից մասնակցողների (յուրաքանչյուր մարզ առավելագույնը 4-ական մարդ) տեղափոխումը Երևանից դեպի ՀՀ մարզեր՝ հետադարձով:

 

 

ԿԳՄՍ նախարարությունը նախկինում ևս պայմանագիր է կնքել «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ: Մասնավորապես, 2019թ. Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Վանաձորում կազմակերպելու համար «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ն պետական բյուջեից ստացել է 2,150,000 դրամ: «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպմամբ զբաղվելու դիմաց էլ նույն կազմակերպությունը ստացել է 17,880,000 դրամ: 

«EX production event»-ը ներգրավված է եղել 2018 թ. ՀՀ Անկախության օրվա, Կառավարության գործունեության 100 օրվա, WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման և պետական ֆինանսավորմամբ կազմակերպված այլ միջոցառումների տեխնիկական աշխատանքներում: 

 

 

Գևորգ Աղաբալյանը ակտիվ մասնակցություն է ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին և Փաշինյանի ղեկավարած դաշինքի դրամահավաք երեկոյին։ 

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ջանք չի խնայել, որպեսզի իր ընկեր Գևորգ Աղաբալյանը ստանձնի Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը, սակայն Աղաբալյանն այդպես էլ չի հաջողվել հասնել բաղձալի պաշտոնին: Փոխարենը Աղաջանյանը պետական բյուջեի հաշվին ընկերոջ ընկերությանը ապահովում է ֆինանսական հոսքերով։ 

Աղաբալյանն անձամբ է հաստատել լուրերն այն մասին, որ նա իշխանափոխության օրերին տեխնիկական լուրջ աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին` տեխնիկա տրամադրելով: «Այո, նման աջակցություն ցուցաբերել ենք, և այս ամենը դրա տրամաբանական շարունակությունն է: Յուրաքանչյուր անձ, որ այդ օրերին դուրս է եկել հարթակ, ունեցել է իրեն հուզող խնդիրներ ու դրանց լուծումներն է ակնկալել: Նույնը և մենք. ոլորտում տիրող իրավիճակը՝ պետական միջոցառումների մրցույթների մենաշնորհային կարգավիճակը, դաշտում ոչ լիարժեք մրցակցությունը մեզ ստիպեց, որ մենք միանանք շարժմանը և աջակցենք ամենօրյա ռեժիմով: Եվ ես մեծ հույս ունեմ, որ մենք իսկապես կունենանք արդար մրցակցային պայմաններով մրցույթ»,- նշել է վերջինս։

Ներգրավվելով պետական ֆինանսավորմամբ տեղի ունեցած միջոցառումների կազմակերպմանը՝ «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ն ընդհանուր առմամբ ստանացել է 28,980,000 դրամ:

 

 

Բացի այդ, «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ն 2019թ․ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում միջոցառումներ կազմակերպած ընկերություններից մեկն է։ Մասնավորապես, պետական բյուջեից հատկացված 25,540,300 դրամից 7,770,000 դրամը ստացել է  «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ն։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ի միջոցառման կազմակերպիչները ընտրվել էին առանց մրցույթի։ Այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ն մենաշնորհային դիրք ունի պետական ֆինանսավորմամբ կազմակերպվող միջոցառումների կազմակերպման հարցում, իսկ Աղաբալյանը փոխհատուցում է ստանում ճիշտ կատարված «ներդրման» դիմաց։

Աղաբալյանի էջում առկա են բազմաթիվ մտերմիկ լուսանկարներ ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ, ինչից կարելի է ենթադրել, որ Աղաբալյանը սերտ հարաբերություններ ունի ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։

 

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպման տենդերը հայտարարվել է մայիսի 7-ին, իսկ պայմանագիրը կնքվել է  հունիսի 11-ին: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 դեպք, իսկ հունիսի 11-ին՝ 566 դեպք: Պարետատան՝  մարդկանց կուտակումները բացառող որոշումները հիշելով` հետաքրքիր էր, թե կորոնավիրուսային «պիկին» կնքված պայմանագիրը ԿԳՄՍ նախարարությունը ինչպե՞ս էր պատրաստվում կյանքի կոչել և ինչպե՞ս էր պատկերացնում համերգային բազմամարդ միջոցառման անցկացումը կամ մարզային քաղաքներում նախատեսված տոնավաճառների կազմակերպումները և յուրաքանչյուր տաղավարի մոտ 100 հոգու համար նախատեսված հյուրասիրությունների անցկացումը: Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով AntiFake.am-ը կապ է հաստատել Գևորգ Աղաբալյանի հետ և հարցում ուղարկել ԿԳՄՍ նախարարություն: 

AntiFake.am-ի հետ զրույցում Գևորգ Աղաբալյանը հայտնել է որ ԿԳՄՍ նախարարությունը «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի նշված պայմանագիրը լուծարել է: ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է այս տեղեկատվությունը և հայտնել, որ օգոստոսի 12-ին արտակարգ դրության պայմաններում բազմամարդ համերգ և տոնավաճառների կազմակերպում, ինչպես նաև 100 հոգու համար նախատեսված հյուրասիրություն չի իրականացվելու, և հունիսի 11-ին կնքված գնման պայմանագիրը ամբողջությամբ լուծվել է կողմերի միջև 2020 թվականի հուլիսի 8-ին կնքված համաձայնագրով: Ինչպես հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից, Երիտասարդության օրվան նվիրված միջոցառման հետ կապված ծառայությունների գնման նպատակով կազմակերպվել է համապատասխան գնման գործընթաց՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, և այդ ընթացքում հնարավոր չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID‑19) տարածումը կունենար նման աճ, և 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը կերկարաձգվեր մինչև ս. թ. օգոստոսի 12-ը:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ իշխանությունը շարունակում է յուրային ընկերությունների հետ միլիոնավոր դրամների հասնող պետական գնումների պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկան: Իսկ այն, որ ԿԳՄՍ նախարարությունը չէր կանխատեսել, թե կորոնավիրուսային հիվանդության տարածումը կունենար նման աճ կրկին փաստում է այն մասին, որ Կառավարությունը  ստեղծված իրավիճակի բոլոր հնարավոր ռիսկերը չի գնահատել և դրանցով չի առաջնորդվել:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն