Նիկոլ Փաշինյանի ձկնավաճառ սանիկը Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո Porsche Cayenne է ձեռք բերե՞լ

article-image

AntiFake.am-ը շարունակում է ներկայացնել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով արված նշանակումները նոր Հայաստանում:

2018թ. հունիսին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնել է նրա սանիկ Նարեկ Գրիգորյանը:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնին Նարեկ Գրիգորյանին նշանակելուց առաջ վարչապետ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել էր ՀՅԴ-ական Արտաշես Նիկոյանը: Վերջինս հանդիսանում է Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը:

Մարզպետի տեղակալի պաշտոնը Փաշինյանի սանիկի առաջին պետական պաշտոնն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջինիս հիմնական զբաղմունքը նախկինում ձկնավաճառությունն է եղել: 

Համաձայն Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության` Նարեկ Գրիգորյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նորատուսի տարածքային կազմակերպության ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: 2016-2018թթ. հանդիսացել է Նորատուս համայնքի ավագանու անդամ:

Փաշինյանի սանիկի անվան շուրջ մի շարք սկանդալային տեղեկություններ են շրջանառվել մամուլում, որոնք հերքվել կամ չեն մեկնաբանվել նրա կողմից:

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկի՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի ավտոմեքենաները երթևեկելիս են եղել և Ճամբարակի քաղաքապետ Ադամյանի մեքենան վազանց է կատարել Գրիգորյանի ավտոմեքենային: Այդ ամենը դուր չի եկել Գրիգորյանին, և նա կատարվածի մասին տեղյակ է պահել մարզային ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձնաց և պահանջել Ճամբարակի քաղաքապետի մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ: Ադամյանը ոստիկաններից հետաքրքրվել է, թե ինչու են իր մեքենան տանում, ոստիկանները պատասխանել են, որ այդպես է ցանկացել Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը: Միջադեպից հետո Ադամյանը գնացել է Գեղարքունիքի փոխմարզպետի հետ հաշիվներ պարզելու: Մի քանի րոպե մարզպետարանում խառնաշփոթ է ստեղծվել, սակայն ամեն ինչ ավարտվել է առանց լուրջ մարմնական վնասվածքների:

Դեպքի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով Վազգեն Ադամյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ Նարեկ Գրիգորյանը հերքել է այդ տեղեկությունն ու ասել. «Այդպիսի բան բացարձակապես չի եղել, դա բացառում եմ, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք, մենք աշխատում ենք շատ նորմալ, ոչ, ոչ, ոչ, նման բան չի եղել»:

Հետաքիքիր է, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում Նարեկ Գրիգորյանը պնդել էր, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ նախկինում ոչ թե ծառայում էին ժողովրդին, այլ խանգարում: «Շատ են եղել դեպքերը, երբ ոստիկանը պաշտպանել է ոչ թե քաղաքացու շահը, այլ ինչ-որ չինովնիկի»,- ասել է Նարեկ Գրիգորյանը:

Համաձայն մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկության` Նորատուսցի Ալիկը և Նարեկ Գրիգորյանը մտերիմ ընկերներ են, և վերջինիս անմիջական միջնորդությամբ էլ Նորատուսցի Ալիկը ազատ է արձակվել: Նարեկ Գրիգորյանը հերքել է դա և ասել. «Նման բան միանշաակ չկա:…Իհարկե ոչ, մենք ընդամենը համագյուղացիներ ենք»:

Մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկության համաձայն էլ՝ Նարեկ Գրիգորյանը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով:

Մասնավորապես, այս մասին հայտնի էր դարձել «Հետք»-ին, որն էլ պարզաբանումներ ստանալու նպատակով հարցումներ էր ուղարկել Պաշտպանության նախարարությանը և Նարեկ Գրիգորյանին:

Թեև Պն-ից տեղեկացրել էին, որ Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից, սակայն չէին, նշել թե որն է ազատման հիմքը:

Նարեկ Գրիգորյանն էլ վկայակոչել էր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքների դրույթները և պատասխաններ չէր հնչեցրել: «Ես իրավունք ունեմ այդ տեղեկությունները չտրամադրել Ձեզ, և միաժամանակ առանց իմ համաձայնության դրանք չեն կարող տրամադրվել Ձեզ»,- տեղեկացրել էր Գրիգորյանը:

«Հետք»-ը նաև Նարեկ Գրիգորյանի ինքնավնասման հետևանքով առաջացած սպիները մատնացույց անող լուսանկարներ էր հրապարակել:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Նարեկ Գրիգորյանի կնոջ մայրը՝ Անուշ Բազկոյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել, և նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։ Իսկ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։ Նշված բժշկական կենտրոնում 2017թ. դեկտեմբերից 2019թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3․126․700 դրամ գումար։

Պարզելու համար, թե նշված դեպքերով Անուշ Բազկոյանը և Արտաշես Նիկոյանը ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունեն, և արդյո՞ք հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնում եղել է, թե ոչ, AntiFake.am-ը հարցում է ուղարկել քննչական կոմիտե:

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից AntiFake.am-ին տեղեկացրել են, որ Արտաշես Նիկոյանը և վերջինիս կինը՝ Անուշ Բազկոյանն ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Քրեական գործով կատարվել և ներկա փուլում կատարվում են մեծածավալ քննչական ու դատավարական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասի չափը պարզելու և այն վերականգնելու ուղղությամբ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

AntiFake.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո Նարեկ Գրիգորյանը 65GG888 պետհամարանիշով սպիտակ Porsche Cayenne է ձեռք բերել: Ինչպես փոխանցում է աղբյուրը, նախկինում Նարեկ Գրիգորյանը վարել է ոչ բարվոք վիճակում գտնվող «պիտնյաշկա»:

Մեկնաբանութուն ստանալու համար, թե փոխմարզպետը ինչ դրամական միջոցներով և երբ է ձեռք բերել նշված ավտոմեքենան, AntiFake.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետարանի հետ, սակայն Նարեկ Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ պաշտոնական կայքում առկա հեռախոսահամարը չէր աշխատում՝ անձնական հեռախոսահամար չփոխանցեցին: Նարեկ Գրիգորյանի հետ կապ հաստատելու պարագայում նրա մեկնաբանությունը նույնպես կներկայացնենք:

Այսպիսով, կրկին կարող ենք փաստել, որ Հայաստանում «խնամի-ծանոթ-բարեկամի» ինստիտուտը շարունակում է ամուր հողի վրա մնալ և նոր «բարձունքներ» է գրավում։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը