«Վերելակների բարեկարգման համար կվճարեն քաղաքացիները». Հայկ Մարությանը «մոռացավ» իր նախընտրական խոստումը

article-image

Երեկ ամբողջ համացանցը ողողվեց մի արտակարգ պատահարով։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից տեղեկացանք, որ  մայիսի 9-ին ժամը 18:41-ին Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 24 շենքի վերելակը պոկվել է: Տուժածներ չկան:

Այս նորությունը, բնականաբար, անհանգստություն և վախ առաջացրեց քաղաքացիների շրջանում, քանի որ մեծամասնությունը օրական մի քանի անգամ օգտվում են վերելակներից: Սակայն Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պատահարն այնպես ներկայացրեց, կարծես ոչ թե վերելակ էր պոկվել-ընկել, որի մեջ 4 մարդ է եղել, այլ շենքն է հոսանքազրկվել, և վերելակը պարզապես չի աշխատել: Սա ասվում է այն դեպքում, երբ վերելակում գտնվող անձինք բարեբախտաբար փրկվել են և չեն տուժել:

Հակոբ Կարապետյանը մեկնաբանություններում հավելել էր. «Քաղաքի վերելակների ֆոնդը թարմացնելու համար համեստ հաշվարկներով անհրաժեշտ է մոտ 35 միլիարդ ՀՀ դրամ։ Երևանի բյուջեն 85 միլիարդ է։ Այսինքն, քաղաքի տարեկան բյուջեի գրեթե կեսը։ Սա նշանակում է, որ բյուջետային միջոցներով, այն էլ վեց ամսում վերելակների հարցը լուծել հնարավոր չէ։ Այնուհանդերձ, քաղաքային իշխանությունը ինտենսիվ աշխատանք է տանում՝ վերելակային հարցը լուծելու ուղղությամբ։ Քննարկվում է մի քանի տարբերակ, մասնավորապես, մունիցիպալ պարտատոմսերով միջոցներ ներգրավելը։»

Իսկ այսօր՝ մայիսի 10-ին, այս հարցին անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով. «Քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին՝ մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենցն է լինելու»:

Այս պատմությանը գուցե չանդրադառնայինք, եթե Հայկ Մարությանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վերելակների հետ կապված այսօրվա հայտարարությունից տրամագծորեն տարբերվող ծրագիր ներկայացրած և խոստումներ տված չլիներ քաղաքացիներին։

Մարությանի՝ 2018 թվականի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի հիմնական կետերն էին աղբահանության և տրանսպորտի խնդիրը, ինչպես նաև Երևանի բազմաբնակարան շենքերի հին վերելակների վերանորոգման և / կամ փոխարինման հարցը։

Մարությանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի տարբեր համայնքներում ներկայացնելով իր նախընտրական ծրագրի մեջ տեղ գտած մի շարք անիրատեսական կետերը, խոստանում էր լուծել նաև Երևանի բազմաբնակարան շենքերի հին վերելակների վերանորոգման և / կամ փոխարինման հարցը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայկ Մարությանն ասել է, որ Երևանում 4400 վերելակ կա, որից 4200-ը վթարային վիճակում են:

«Վերելակները պատկանում են շենքին, համատիրությանը, քաղաքապետարանը անելիք չունի, բայց, հաշվի առնելով մեր ժողովրդի սոցիալական վիճակը, մարդկանց վիճակը, քաղաքապետարանը պետք է մասնակից լինի վերելակները վերանորոգելու և փոխելու գործին»,- հայտարարում էր Հայկ Մարությանը։

2019 թվականի հունվարի 1-ին, արդեն քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մոտ 3800 վերելակ պետք է ընդհանրապես փոխվի, որը պետք իրականացվի մոտավորապես 2-3 տարիների ընթացքում: Քաղաքապետարանը պետք է գտնի այն ֆինանսական միջոցները, որոնցով պետք է իրականացվեն վերոնշյալ աշխատանքները: Մարությանը 2 տարբերակ նշեց, որոնցից մեկը միջազգային վարկերն են, իսկ մյուսը տարբերակը մունիցիպալ ֆոնդերի թողարկումն է: Նա չբացառեց, որ այս երկու միջոցների համադրությունը ևս հնարավոր է:

Ստացվում է, որ Հայկ Մարությանը նախընտրական խոստումներ տալիս մոլորեցրել է իր ընտրողներին, քանի որ մինչև ընտրվելը նա շեշտում էր այն հանգամանքը, որ բնակիչները ի վիճակի չեն վերելակների վերանորոգման և փոխելու ֆինանսական հարցերը լուծել: Սա հաշվի առնելով՝ Մարությանը խոստացել էր, որ քաղաքապետարանը պետք է մասնակից լինի տվյալ գործում: Սակայն այսօրվա հայտարարությամբ Մարությանն այդ ֆինանսական բեռը դրեց քաղաքացիների վրա՝ «մոռանալով» իր մինչ այդ տրված խոստումն ու արված հայտարարությունները։ Այդ քաղաքացիների թվի մեջ են մտնում այն 294.092-ը, ովքեր, վստահելով և հավատալով նախընտրական խոստումներին, իրենց քվեն են տվել Մարությանին:

Կամ էլ Մարությանը, տարված լինելով քաղաքապետ ընտրվելու ցանկությամբ, իր նախընտրական ծրագրում առանց մասնագետների հետ խորհրդակցելու, առանց պատկերացնելու իր ծրագրային կետերի անիրատեսական լինելը քաղաքացիներին տվել է այնպիսի խոստումներ, որոնք որևէ պարագայում չէին կարող կատարվել:

Երկու դեպքում էլ գործ ունենք մի ղեկավարի հետ, որի քաղաքական ուղին կառուցվել է անպատասխանատու հայտարարությունների և չիրականացող խոստումների վրա։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը իր նախընտրական մեկ այլ ծրագրային կետի՝ աղբահանության խնդրի չլուծման համար էլ մեղադրում է նախկին իշխանություններին և «Սանիթեք» ընկերությանը։

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը