Զարուհի Բաթոյանը ներկայացրել է կեղծ վիճակագրական տվյալներ անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ

article-image

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մայիսի 4-ին կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ խստորեն դատապարտել էր  «Բուկինիստ» սրճարանում  «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը: Նախարարը այդ թեմային անդրադարձել է նաև իր պաշտոնավարման 100-րդ օրն ամփոփող ասուլիսի ընթացքում:

Թե՛ գրառման մեջ, թե՛ ասուլիսի ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ 2017թ. քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը եղել է երեխաների նկատմամբ :

Տվյալ թեմային անդրադարձել է անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ Նելլի  Դուրյանի ներկայացրած պաշտոնական վիճակագրական տվյալների՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնությունները վերջին 4 տարիների  ընթացքում նվազել են:

Անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրության թիվը վերջին 4 տարիներին հետևյալն է՝

  1. 2016թ.  ընթացքում գրանցվել է 80 դեպք:
  2. 2017 թ.  ընթացքում գրանցվել է 71 դեպք:
  3. 2018 թ.  ընթացքում գրանցվել է 50 դեպք:

Իսկ համեմատականները 2018թ. և 2019թ. 3 ամիսների միջև հետևյալն է՝ 2018թ. գրանցվել է 19 դեպք, 2019թ.՝ 14 դեպք:

Անդրադառնալով Զարուհի Բաթոյանի կողմից նշված տվյալներին՝ Նելլի Դուրյանը ասել է. «Չեմ կարող այս պահին ասել, թե տիկին Բաթոյանը ինչ է ասել և որտեղից է վերցրել, բայց ես ձեզ ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը»:

Հետևաբար Զարուհի Բաթոյանի կողմից ներկայացված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ 2017թ. անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության հանցագործությունները 101-ն են եղել, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը