Մակունցը ստում է. Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի` Սևանի ափին փարթիից օրվա տարբեր ժամերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Երեկվանից քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը: Տարածվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես հավաքույթի մասնակիցները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում, օգտագործում են նարգիլե: Նշվում էր, որ «փարթիի» կազմակերպիչը հենց պատգամավորն է:

Արդեն առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասուլիսի ընթացքում նշեց, որ խոսել է Հայկ Սարգսյանի հետ: Պատգամավորը իր խմբակցության ղեկավարին հավաստիացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ ևս այլ քաղաքացիներ են հանգստանում: Միջոցառման տարածքում ընդամենը «մի պահ է» եղել: Մակունցը հերքել էր նաև այն տեղեկությունը, թե Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստի գոտու հետ:

 

 

Ավելի ուշ, Հայկ Սարգսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր, որ որոշ քաղաքական ուժեր և նրանց սպասարկող լրատվամիջոցներ «ջանում են իրենից առանց դիմակի կադր որսալ»: Միջոցառման վերաբերյալ էլ Սարգսյանը նշում էր, որ լողափում գտնվել է երեկ երեկոյան և «ընդամենը մի պահ» դիմակ չի կրել, ինչի համար էլ ներողություն է խնդրել պարետատնից և իր քաղաքական թիմից անհարկի աղմուկի համար:

Սակայն թե՛ Լիլիթ Մակունցը, թե՛ Հայկ Սարգսյանը ստում են, քանի որ դեռ երեկվանից շրջանառվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են այն մասին, որ իշխանական պատգամավորը երեկ ամբողջ օրն անցկացրել է «White Shorja» լողափում և բնականաբար եղել է առանց դիմակի: Նմանատիպ կադրեր առկա են առավոտյան և ցերեկվա ժամերից, որտեղ Հայկ Սարգսյանը կապույտ կարճաթև վերնաշապիկով է, ապա մուգ կապույտ սպորտային հագուստով:

 

 

AntiFake.am-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր «White Shorja» լողափից օրվա տարբեր ժամերին Հայկ Սարգսյանի փարթիից: Կադրերն արված են մինչև մութն ընկնելը, մթնշաղին և ուշ գիշերը, որոնք կրկին փաստում են, որ իշխանական երկու ներկայացուցչիչները ստել են հանրությանը՝ շտապելով հերքել Հայկ Սարգսյանի օրինախախտ վարքն ու արտոնյալ կարգավիճակը:

Ավելին, չնայած նրան, որ Լիլիթ Մակունցը հերքել է Հայկ Սարգսյանի կապը լողափի և միջոցառման կազմակերպման հետ, սակայն մեր ձեռքի տակ եղած կադրերը և մեզ հասած տեղեկություններն ասում են ամբողջովին հակառակը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է պատգամավորը կազմակերպչական կեցվածքով զրուցում տարբեր անձանց հետ:

Թե ինչպես է ստացվել, որ բազմամարդ, հակահամաճարակային կանոնների կոպտագույն խախտումներով և դեռևս 10 օր առաջ ծրագրված միջոցառումը վրիպել է երեկ ամբողջ օրը Սևանում խստացված «ռեյդեր» իրականացրած ոստիկանության աչքից, կարելի է ենթադրել: Այս հարցում օգնության է գալիս նաև լողափնյա համերգին երգած Գոռ Սուջյանը: Վերջինս ArmDaily.am լրատվականին տված հարցազրույցում ասում է, որ իրեն ներկայացրել են, որ «ամեն ինչ հստակեցված  և համաձայնեցված է եղել պարետատան հետ»: «Արդեն մեկ ամիս է, որ գովազդվում է համերգը և ես համոզված էի, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է լինելու, դրա համար տարօրինակ չէր, այլ զարմանալի էր, քանի որ վաղուց նման միջավայրում չէի եղել», - ասել է Գոռ Սուջյանը:

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ ենթադրաբար պարետատունը որոշակի երաշխիքներ է տվել իշխանական պատգամավորի մասնակցությամբ միջոցառումն անխոչընդոտ անցնելու համար: Բացի այդ, ստացվում է, որ իշխանության գրկում կան արտոնյալներ, որոնք թքած ունենալով պարետատան և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորների վրա, կազմակերպում են բազմամարդ փարթիներ և մեծ հաշվով անպատիժ մնում: Այդ արտոնյալներից է Նիկոլ Փաշինյանի ընկերոջ որդին՝ պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը: Իսկ իշխող խորհրդարանական ուժի ղեկավարը շտապում է արդարացնել նրան հանրության աչքերում:

Էքսկլյուզիվ կադրերը՝ ստորև.

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն