Հայկ Սարգսյանն ու նրա ընկերը՝ «White Shorja»-ի տնօրենը, հակասող «արդարացումներ» են ներկայացրել պատգամավորի՝ համակարգչի մոտ արված լուսանկարի առնչությամբ

article-image

Ինչպես հայտնի է, հուլիսի 26-ին Սևանա լճի «Սպիտակ Շորժա» (“White Shorja”) լողափում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ հակահամաճարակային բոլոր կանոնների խախտմամբ բազմամարդ խնջույք էր տեղի ունեցել: Լողափնյա խնջույքի մասնակիցները սոցիալական հեռավորություն չեն պահպանել, դիմակներ չեն կրել և նարգիլե են ծխել:

Տեղի ունեցածը մի շարք քննադատությունների է արժանացել հատկապես այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, թե Հայկ Սարգսյանը ընդամենը մի պահ է եղել միջոցառման վայրում՝ առանց դիմակի:

Ինչպես պարզ էր դարձել համացանցում տարածված լուսանկարներից, Մակունցը ստել էր, քանի որ Հայկ Սարգսյանը օրվա տարբեր ժամերին առանց դիմակի գտնվել էր «White Shorja»-ում:

Սա միակ խնդրահարույց պահը չէր: Ասվում էր, որ նշված լողափը պատկանում է Հայկ Սարգսյանին, իսկ խնջույքի օրը պատգամավորն այնտեղ զբաղված է եղել կազմակերպչական հարցերով: Նշվածն ապացուցող լուսանկարներից մեկում Սարգսյանը նստած է լողափի բարի մոտ գտնվող համակարգչի դիմաց:
 


 

Տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տված այս լուսանկարի վերաբերյալ իրեն "White Shorja”-ի տնօրեն ներկայացնող Արտյոմ Մելքումյանի և պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից հակասական պարզաբանումներ են ներկայացվել: 

Արտյոմ Մելքումյանը, որը Հայկ և Նաիրի Սարգսյանների մտերիմ ընկերն է, ասել է, որ Հայկ Սարգսյանն ընդամենը լողափի թույլ ինտերնետն է կարգավորել: «Ինքն ուղղակի ուզում էր կարգավորել ինտերնետը՝ մեր խնդրանքով։ Այստեղ ինտերնետը թույլ է»,- ասել է պատգամավորի ընկերը:

 

 

Մինչդեռ անդրադառնալով նշված լուսանկարին` Հայկ Սարգսյանը հայտնել է, թե նա օգտվել է տեղի ինտերնետից: «Օգտվել եմ իրենց ինտերնետից, քանի որ տեղում բջջային ինտերնետը լավ չի աշխատում: Այդ ինտերնետից բոլոր հանգստացողները օգտվում են»,- նշել է Սարգսյանը:

 

 

Մելքումյանի հայտարարությունն արվել է հուլիսի 28-ին, իսկ Սարգսյանի հայտարարությունը՝ հուլիսի 29-ին: Հավանաբար ծանոթ չլինելով Արտյոմ Մելքումյանի մեկնաբանությանը՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ անհարմար դրության մեջ է հայտնվել:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Русская версия статьи.

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն