«Թավշյա հեղափոխական» մշակութային սնանկությունը վենետիկյան Բիենալե հեղինակավոր արվեստի ցուցադրությանը

article-image

Վենետիկյան Բիենալեում (La Biennale Di Venezia) բացվել է 58-րդ արվեստի ցուցադրությունը: Այս տարի այն կրում է «Միգուցե դու ապրում ես հետաքրքիր ժամանակներում» (“May You Live In Interesting Times”) կարգախոսը:

Այս տարվա գլխավոր «Ոսկե առյուծ» մրցանակին արվեստի բնագավառում արժանացել է Լիտվան՝ ներկայացնելով «Արև և ծով» (“Sun&Sea” (Marina)) ցուցադրությունը:

Հաղթող՝ «Արև և ծով» ցուցադրությունը

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հայաստանը մասնակցել է ժամանակակից արվեստի հեղինակավոր ցուցադրությանը: Սակայն, թե ինչ առնչություն ուներ Հայաստանի ցուցադրությունը հեղինակավոր ցուցահանդեսի կարգախոսի և ձևաչափի հետ, կհասկանաք ցուցադրությունը տեսնելուց հետո։

Նշենք, որ ցուցահանդեսի ղեկավար, լոնդոնյան Հեյվորդ պատկերասրահի տնօրեն ամերիկացի Ռալֆ Ռուգոֆֆը, ով հայտնի է իր նորարարական մոտեցումներով, պատմում է, որ այս  տարի ցուցահանդեսում ներկայացված են արվեստի գործեր, որոնք արտացոլում են ժամանակակից կյանքի վտանգավոր հանգամանքները, ինչպես նաև այն, ինչը սպառնում է քանդել ավանդույթները, ինստիտուտները և «հետպատերազմյան կարգի» հաստատած հարաբերությունները:

«Ցուցահանդեսի հոգին նրա «բացությունն է», էքսպերիմենտները, փորձարարությունը», - ասել է Ռուգոֆֆը:

Իհարկե դժվար չէր կռահել, թե ինչով կներկայանային կամ ինչ անվան ներքո կներկայացվեին հայկական տաղավարները նոր կառավարության կողմից։

ՀՀ Մշակույթի նախարարության այս տարվա ներշնչանքը «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն» էր: Մշակույթի նախարարությունը ցուցահանդեսի համար ընտրել էր «Հեղափոխական զգայունություն» (“Revolutionary Sensorium”) վերնագիրը։

Ժամանակակից արվեստի հեղինակավոր ցուցադրության Հայաստանի մասնակցության պաշտոնական trailer-ում ներկայացվել է ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքում ցույցերից, ոստիկանների հետ բախումներից հատվածներ։

Ցուցահանդեսի պաշտոնական էջի Հայաստանին վերաբերող բաժնում կարդում ենք, որ պատասխանատուն մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն է, իսկ համակարգողը՝ Նարինե Առաքելյանը: Ցուցահանդեսին մասնակցում է «ArtlabYerevan» ստեղծագործական խումբը (Գագիկ Չարչյան, Հովհաննես Մարգարյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Ջալոյան)։

Տաղավարներում «հեղափոխության խրոնիկան» պատկերող լուսանկարներն են, իսկ տաղավարից  դուրս ներկայացվում է այդ օրերին կանանց կողմից ցուցադրական անհնազանդության գործողությունը: Այլ խոսքերով՝ ներկայացվում է «շերեփներով ակցիան»: Ակցիայի մասնակիցներն են Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Նիկողոսյանը և Աննա Ժամկոչյանը:

Հայկական տաղավարում ցուցադրված նկարներից

«Կանանց կողմից ցուցադրական անհնազանդության գործողություն (շերեփներ)» ցուցադրություն. մտահղացումը՝ Նարինե Առաքելյանի

Նկատենք, որ ի տարբերություն մյուս պետությունների և ի հակադրություն Հայաստանի նախորդ ցուցադրությունների՝ Հայաստանը այս տարի ներկայանում է ցուցադրության ընդհանուր տրամաբանությունից դուրս ծրագրով. դրոններով արված լուսանկարներ, շերեփների համերգ գոնդոլում և այլն, այլ կերպ ասած՝ զրո ստեղծարարություն և մշակույթ։

Այլ պետությունների ցուցադրությունները Հայաստանի ցուցադրության հետ համեմատելու դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ցուցադրությունը պատրաստվել է դպրոցական տարիքի սիրողական լուսանկարիչների լուսանկարներից: Միգուցե Մշակույթի նախարարությունն այս միջոցով փորձել է կյանքի կոչել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ «ՀՀ-ում ապրիլ-մայիսին տեղի ունեցած զարթոնքը պետք է շատ երկար ուսումնասիրվի, գիտություն դառնա և մնացած երկրներ արտահանվի» և սրանք կառավարության առաջին քայլերն են դա իրականություն դարձնելու համար։ Սակայն ի՞նչ առնչություն ունի դա հեղինակավոր արվեստի ցուցադրության, այս տարվա  կարգախոսի, ձևաչափի կամ առհասարակ մշակույթի հետ։

Ցուցահանդեսից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նազենի Ղարիբյանի նշանակումից հետո Հայաստանում վերացել են արվեստագետները և միջազգային ներկայացման արժանի մշակութային գործերը, իսկ մշակույթ համարվում է այն, ինչն անցնում է «հեղափոխության» պրիզմայով։

Հիշեցնենք, որ 2015թ. Հայաստանը շահել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը՝ հետաքրքիր շարքով ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը:

2015 թ. գլխավոր մրցանակ ստացած ցուցադրությունից հատված

Այս տարվա Հայաստանի ցուցադրությունն ամբողջությամբ՝ https://armenianpavilion2019.com/

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն