Կրթության նախարարի գլխավոր թիրախը` կրթությունը

article-image

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր պաշտոնավարման սկզբից էլ անընդհատ արժանանում է իր ղեկավարած բոլոր ոլորտների ակնառու գործիչների քննադատությանը, գիտնականները, ուսուցիչները, դասախոսները բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնում, սակայն նախարարը մինչև այսօր էլ պատշաճ ու համապատասխան ո՛չ պատասխան ունի, ո՛չ էլ բացատրություն:

Իր պաշտոնավարումից սկսած էլ` Արայիկ Հարությունյանը «աչքի ընկավ» բազմաթիվ «նորարություններով». ստուգում էր դպրոցների տնօրենների անգլերենը, նրա համաձայնությամբ հավանության էին արժանանում բազմաթիվ ծրագրեր, որոնք, այդպես էլ անհասկանալի մնաց, թե որ արժանիքի կամ որ կարևոր նշանակության համար են արժանացել նախարարության դրամաշնորհներին: Սկանդալների շարքը երկար է:

Սակայն 2020 թվականը Արայիկ Հարությունյանի ոլորտային ֆիասկոյի նոր, փառահեղ էջ բացեց: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը երկրում hանգեցրեց արտակարգ դրության ռեժիմի, որից ելնելով էլ` դեռևս մարտի 16-ից փակվեցին դպրոցները և համալսարանները: Կրթական գործընթացը շարունակվեց հեռահար` գրեթե առանց վերահսկողության: Իսկ ուսումնական տարվա ավարտին գրեթե ամբողջ կիսամյակը մի կերպ անցկացրած ուսուցիչները և աշակերտները բախվեցին հաջորդ խնդրին, երբ աշակերտը պետք է գնահատվեր կիսամյակի միայն այն գնահատականների հիման վրա, երբ ֆիզիկապես հաճախում էր դպրոց: Արդյունքում ջուրը լցվեցին նաև այն աշակերտների ջանքերը, որոնք չնայած կրթական անսովոր պայմաններին, բարձրացրել էին իրենց առաջադիմությունը և արժանի էին ավելի բարձր գնահատականի: Այլ հարց է նաև, թե ինչպես աշակերտները ավարտեցին դասընթացը, որքան բարեխիղճ գտնվեցին ուսուցիչները, դասախոսները կրթական պրոցեսը կազմակերպելու համար, և ինչպես է այս ժամանակաշրջանը ազդելու հանրակրթության վրա, կարելի է ենթադրություններ անել` հաշվի առնելով, որ նոր ուսումնական տարվա սկզբին մոտ մեկ ամիս է մնացել, բայց անցկացվելիք դասապրոցեսների ձևաչափը դեռ հստակեցված չէ:

  • Միասնական քննություններ և բուհերի ընդունելություններ

Ուսումնական տարին ամփոփվեց միասնական քննություններով: Այս տարի նորամուծություններից և փոփոխություններից չխուսափեց նաև կրթության կազմակերպման այս հատվածը: ԿԳՄՍ նախարարությունը որոշեց անցկացնել յուրաքանչյուր մասնագիտական ուղղվածության համար մեկ միասնական քննություն: Արդյունքում բուհական ընդունելության միասնական քննությունների ընդամենը մեկ գնահատականով դիմորդները հնարավորություն ստացան ընդունվել իրենց ուզած մասնագիտական ֆակուլտետներ: Ընտրվել էր ընդունելության համար պարտադիր երեք կամ երկու առարկաներից մեկը, իսկ կամընտրական առարկաներից` դիմորդի նախընտրությամբ:

Սակայն այստեղ ևս դիմորդներին անակնկալ էր սպասվում: Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ընդունելության քննություններում փոխվել է ընդունելության տրամաբանությունը: Այս տարի գործընթացը կազմակերպվել է այնպես, որ առավելությունը տրվում է առաջին հայտով ընդունելությանը: Արդյունքում, ստացվեց այնպես, որ նույնիսկ 7.5 միավոր ստացած դիմորդները, որոնք առաջին հայտով ընդունվել են իրենց նախընտրած բաժինը, զրկում են ընդունելությունից այն դիմորդին, որը նախընտրել էր 7.5 միավոր ստացած դիմորդի ընտրած բաժինը երկրորդ հայտով: Ըստ այդմ էլ, այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ ավելի քան 18 միավոր ստացած դիմորդը դուրս է մնում մրցակցությունից և չի ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություն: Ինչպես և սպասվում էր, դիմորդները, որոնց շրջանում նոր համակարգի մասին իրազեկումը ոչ պատշաճ էր անցկացվել, սկսեցին բողոքի ակցիաներ անել:

Դիմորդները և նրանց ծնողները, որոնց ակցիաները այսօր էլ շարունակվում են, ցանկանում են լուծում տալ այս խնդրին` առաջարկելով լուծման բազմաթիվ տարբերակներ և միաժամանակ ցանկանալով չվնասել արդեն իսկ ընդունված դիմորդներին: Կարելի էր սպասել, որ նախարարությունը իր համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ, ընդունելով նաև իր թերացումը, կլծվեր դիմորդների խնդրի լուծմանը: Սակայն այն նախարարությունը, որը կարծես ամենաքիչ քաղաքականացված տարրը պետք է ունենար ու խրախուսեր նույն սկզբունքը, անում է լրիվ հակառակը:

Հետաքրքիր է, որ այս համակարգը ներկայացնելով` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեռևս մայիսի 21-ին կառավարության նիստում նշում է, որ միասնական քննությունների համար հնարավորություն է տրվել ընտրել այնպիսի առարկաներ, որոնք թույլ կտան դիմորդներին մասնակցել մյուս մասնագիտությունների համար մրցույթներին ևս: Հետաքրքիր անհամատեղելիություն է ստացվում. մի դեպքում գերակայություն է տրվում առաջին հայտին, մյուս դեպքում հնարավորություն է տրվում մյուս հայտերով մասնակցել մրցույթին: Սակայն նախարարության համապատասխան քաղաքականությունը կիրարկողները բազմաթիվ թերացումներ են ունեցել. եթե առաջնային դիտարկվում է առաջին հայտը, ապա ինչպես է հնարավոր հաշվի չառնել մեկ քննության հանգամանքը, երբ նույն միավորների մեծ թիվը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնելու, նաև` ինչպես է կարգավորվելու ցածր միավոր հավաքած ընդունված և բարձր միավոր հավաքած, բայց չընդունված դիմորդների հարցը, (ինչը և հիմնական խնդիրը եղավ): Այլ հարց է, թե  արդյո՞ք հնարավոր չէր նույն սանիտարական և հակահամաճարակային կանոնները պահպանելով` կազմակերպել լիարժեք միասնական քննություններ` վերը նշված խնդրից ապահովագրվելու համար: Հարկ էր, որ այս համակարգը մշակողները մանրամասն կարողանային վեր հանել բոլոր տեսական և գործնականում հնարավոր վտանգները, որը և չի արվել:

Նախարարության պաշտոնյաները նշում են, որ առաջին հայտի գերակայության համակարգը կարևոր ներդրում է հայկական կրթական համակարգում: Ինչ խոսք, այս համակարգը օգնում է առավել զտված մասնագիտական բաժիններ ունենալուն և ուսանողների առավել կողմնորոշված լինելուն, սակայն միայն այն դեպքում, երբ այս համակարգի ներդրման համար բոլոր պայմանները առկա լինեն, և բոլոր խոչընդոտող կամ թերի մասերը հարթվեն:

Առկա է նաև մյուս` առավել տեսանելի մասը: Ճիշտ է, նախարարը նախագիծը ներկայացնելիս նշում է, որ առաջնությունը տրվելու առաջին հայտով դիմած ուսանողներին, սակայն այս թեման պատշաճ ուշադրության չի արժանանում, հետագայում նաև հասանելի չի դառնում և զանգվածաբար չի մատուցվում հասարակության շահագրգիռ հատվածներին, ինչը նախարարության պարտադիր գործառույթն էր: Ըստ այդմ` տարբերությունը, առավել ևս երբ այն համապատասխան տողատակերով հանդերձ չի ներկայացվում և բացատրվում, նկատելը դժվար է, քանի որ նախկինում էլ առաջնությունը դարձյալ առաջին հայտն էր, երբ հավաքած միավորները չէին բավարարում առաջին հայտին, դիմորդը հնարավորություն էր ստանում հաջորդականությամբ մասնակցել երկրորդ հայտից սկսած բոլոր տարբերակներին: Այնինչ, այս պարագայում դիմորդը հնարավորություն կստանա մասնակցել հայտի մյուս կետերի մրցույթին` միմիայն թափուր տեղերի առկայության դեպքում:

Ոլորտից քաջատեղյակ անձինք հիշել էին, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաև դեռևս 1991 թվականին: Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը գրել էր, որ երբ 1991թ. տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ, բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետ Վազգեն Մանուկյանի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։ Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր:

Սպասվում էր, որ ԿԳՄՍ նախարարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի` դիմորդների խնդիրը լուծելու համար: Սակայն դիմորդների և նրանց ծնողների` օրեր տևող ակցիաների արդյունքը եղավ միայն այն, որ նրանց հետ հանդիպած բարձրաստիճան պաշտոնյան նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն էր: Տեղակալը դիմորդներին առաջարկել էր կա՛մ հեռակա ուսուցմամբ դիմել, կա՛մ դիմել` լրացնելու մնացած թափուր տեղերը, կա՛մ էլ` դիմեն հաջորդ տարվա ընդունելությանը:

Հանդիպումներից խուսափող նախարարը դիմորդներին հանդիպելու փոխարեն ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ: Նախարարը արդարացնում էր նախարարության գործողությունները, որ ներմուծված կարգի մասին բազմիցս խոսվել է, պատշաճ իրազեկում է եղել և այլն: Նախարարի ներկայացմամբ` դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնց տարբեր լուծումներ են առաջարկվել: Սակայն նախարարը հաշվի չի առնում այն բոլոր հանգամանքները, որոնք քննարկվեցին վերևում: Իսկ այս ընթացքում հարցը տեղափոխվում է իրավական դաշտ. դիմորդները, նրանց ծնողները և բազմաթիվ մասնագետներ նշում են նաև, որ առկա են օրենսդրական խնդիրներ, և երկու հայցադիմումով դիմել են դատարան` իրենց իրավունքների պաշտպանության համար: Մի հայցադիմումով պահանջում են անվավեր ճանաչել ընդունելության կարգի փոփոխման վերաբերյալ Կառավարության որոշումը, երկրորդ հայցով պահանջում են անհատական մակարդակում կարգի կիրառումը ճանաչել անվավեր: Ընդ որում, ինչպես ներկայացրել է դիմորդների շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, այստեղ, տարբեր շահերի խախտված իրավունքներ կան և ըստ դիմորդների յուրաքանչյուրի համար առանձին պահանջ է դրված:

Սակայն Արայիկ Հարությունյանը մինչև վերջ էլ մնում է իր «բարձունքին»: Այն ոլորտը, որտեղ քաղաքականությունը ամենաքիչ ազդեցությունն ու ներկայությունը պիտի ունենար, Արայիկ Հարությունյանը դարձյալ ներքաշում է քաղաքականության մեջ: Հանրային հեռուստաընկերության տաղավարում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում նախարարը հայտարարում է, որ բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիաներում մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: «Այս բողոքները ստանում են քաղաքական երանգ, քանի որ այստեղ ներգրավված և կազմակերպող անձինք, նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի սատարողներից է, և ուզում եմ ծնողներին և դիմորդների ուշադրությունը սրա վրա հրավիրել, որ չընկնեն էս հոսանքների մեջ». նշում է նախարարը: Հարությունյանի մոտ մոլուցք է նկատվում ցանկացած բողոք կամ քննադատություն, որը վերաբերում է մասնավորապես կրթությանը կապել քաղաքական գործընթացների հետ:

  • Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծերը 

Մինչ ուսուցիչները, աշակերտները, դասախոսները և ուսանողները սպասում են ուսումնական տարվա սկզբին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստում է նոր առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը:

Արդեն քանի օր է, ինչ լրատվականների գլխագրերից չեն իջնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները: Մասնագիտական տարբեր շրջանակները, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելով նախարարության կողմից ներկայացված նախագիծը, ահազանգում են, որ բազմաթիվ փոփոխություններ են իրականացվել, որոնք հիմնովին փոխում են հանրակրթական դպրոցի նպատակները, փոխում առարկայի նկարագիրը և նշանակությունը:

Առավել քննարկումների և քննադատության ենթարկվեցին «Գրականություն», «Հայոց պատմություն», «Կենսաբանություն», «Հասարակագիտություն», ինչպես նաև նոր` «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները:

  • «Գրականություն»

Նախ, մասնագետները «հայտնաբերեցին», որ դպրոցական առարկայացանկից «Հայ գրականություն» առարկայի անվանումից հանվելու է «հայ» մասնիկը: Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանը պարզաբանել էր, որ «հայ» բառը գրականության առարկայից հանվել է, քանի որ առարկայում հայ գրականությանը զուգահեռ տեղ է գտել նաև արտասահմանյան գրականությունը: «Նախևառաջ, հայ գրականությունը համաշխարհային գրականության մեկ մասնիկն է, և բացի դրանից, բավական թվով օտար գրողներ են զետեղված, դրա համար դարձրել ենք՝ «Գրականություն»: Առաջին դասարանից մինչև 6-րդ դասարան կոչվում է «Մայրենի», 7-9-րդ դասարանում առարկան կոչվում էր «Գրականություն» և միայն ավագ դպրոցում էր առարկան անվանվում «Հայ գրականություն», որը և հանել ենք, քանի որ եթե թողնենք «Հայ գրականություն», պետք է պահենք ժամանակագրությունը, ինչին մենք խիստ դեմ ենք: Այսկերպ մենք ավագ դպրոցին ևս հնարավորություն ենք տվել համաշխարհային գրականության հետ առնչվելու զուտ այդ պատճառով դարձել է «Գրականություն», ամբողջ խնդիրը սա է»,- ասել էր նա:

Առավել մեծ աղմուկը կապված է դպրոցական առարկայացանկի` «Գրականություն» առարկայի ծրագրում ներմուծված փոփոխությունները: Մասնագետները ահազանգում են, որ առարկայի դասավանդման ծրագրից հանվել են Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան, Հովհաննես Հովհաննիսյանը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Ռափայել Պատկանյանը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Ռուբեն Սևակը, Սմբատ Շահազիզը, Գաբրիել Սունդուկյանը: Ցանկը շարունակելի է:

Փոխարենը ծրագրի նախագծում ներառվել են ժամանակակից բազմաթիվ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրական ստեղծագործություններ` Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը», Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին», «Մարսյան քրոնիկոն», Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» (և այլն), Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր», Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» և այլ գործեր: 

Բարձրացված աղմուկից հետո հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը հրապարակեց պարզաբանում, որտեղ նշում է, որ «Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։ Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»:

Պետք է նշենք, որ այստեղ նախարարության աշխատանքային խումբը մանիպուլացրել է, քանի որ, օրինակ, 5-րդ դասարանի դասագրքում ընդգրկված են առակագիրներից Վարդան Այգեկցին. Մխիթար Գոշը, ներկայացվում է Վահագնի ծնունդը:

6-րդ դասարանում ներկայիս դասագրքով աշակերտները սովորում են «Արշակ և Շապուհ» (ըստ Փավստոս Բուզանդի) և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (ըստ Մովսես Խորենացու), որտեղ ոչ թե ուսումնասիրվում է հեղինակը, այլ ըստ վերնագրի` ներառված են Արշակ Երկրորդի և Շապուհ թագավորի, Արա Գեղեցիկ արքայի և Շամիրամ թագուհու պատմությունները և վերջ: Այլ հեղինակ ներառված չէ: Իսկ Գրիգոր Նարեկացու մասին հատվածում ներկայացվում է Մկրտիչ Սարգսյանի «Գրիգոր Նարեկացի» վեպից և Արամ Ղանալանյանի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» ստեղծագործությունից հատվածներ:

Պետք է նշել, որ առկա նյութը խիստ գեղարվեստական և այդ տարիքի դպրոցականներին հասանելի նյութ է, պարզ չէ, թե այս դասարաններում աշխատանքային խմբի նախագիծը ինչպիսին կլինի: Եվ խոսքը ընդհանրապես հեղինակի ուսումնասիրման մասին չէ:

Ըստ էության` ներկայացված նախագծով հիմնական փոփոխված դասագիրքը լինելու է 9-րդ դասարանի դասագիրքը, քանի որ հենց այս դասարանում են աշակերտները սկսում ուսումնասիրել միջնադարյան պատմիչներին, այնուհետև` նրանց աշխատանքները: Այս ցանկում ներկայացված են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Ղազար Փարպեցին, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, «Սասնա ծռեր» դյուցազներգությունը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան, Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, արտասահմանյան հեղինակներից` Վիլյամ Շեքսպիրը: Գրեթե ամբողջ ցանկը, որը դուրս է գալիս դպրոցական ծրագրից, քանի որ ըստ նախագծի ծրագրում առկա են Սասունցի Դավիթը, Հովհաննես Թումանյանը, Միքայել Նալբանդյանը, Վահան Տերյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Խաչատուր Աբովյանը, Լևոն Խեչոյանը, Վարդգես Պետրոսյանը, Շիրվանզադեն, Հուսիկ Արան, Ներսես Աթաբեկյանը, արտասահմանյան գրականությունից` Հոմերոսը և ՈՒԻԼԻԱՄ Շեքսպիրը:

Ներկայիս 10-րդ դասարանի դասագիրքը մեծամասամբ կրկնում է 9-րդ դասարանի դասագիրքը:

Միջնադարյան հեղինակների, պատմիչների` ծրագրից հեռացման վերաբերյալ քննարկումները «կլանեցին» նաև այն մանիպուլյացիան, որը կապված էր նաև ժամանակակից գրողների հետ: Խնդիրն այն է, որ ժամանակակից գրողները գիտակցաբար, թե անգիտակցաբար, միտումնավոր, թե առանց, ենթարկվեցին քննադատության, նրանք և նրանց լեզուն համեմատվեցին դասական գրողների, միջնադարյան գործիչների հետ:

Նախ քննադատվեց ժամանակակից գրողների լեզուն: Ամենաշատը տարածվեցին Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» և Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» գործերը: Տարբեր մասնագետներ, գրականագետներ, հասարակական գործիչներ իրենց վրդովմունքն էին հայտնում, թե ինչպես կարող է նման առօրյա խոսակցական լեզուն և բառապաշարը դասավանդվել դպրոցում` մեջբերելով բառեր, արտահայտություններ և երևույթներ: Քննարկման հաջորդ առարկան այն երևույթներն էին, բարքերը, տեսարանները, որոնք նկարագրվում էին գործերում: Նրանք շեշտում են, որ չի կարող, օրինակ, «հարբեցող հոր» կերպարը, կամ հորը «տրուսիկ հագցնելը» լինի դպրոցական գրականության թեմա:

Կարծում ենք, որ այս թեման չափից դուրս շահարկվեց, նույնիսկ` անտեղի, քանի որ նսեմացվեցին ու քարկոծվեցին վերոնշյալ հեղինակների ստեղծագործությունները, թիրախավորվեց նրանց անձը և այլն: Պետք է նշել, որ, օրինակ, այսօր այդքան քննադատված Արամ Պաչյանը դեռևս 2010 թվականին ստացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը` գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար, արժանացել այլ մրցանակների: Ուստի ամենայն հարգանք ունենալով երիտասարդ գրողների նկատմամբ` հարկ ենք համարում նշել, որ

Ամբողջ խնդիրը դարձյալ գրողների ստեղծագործությունները ներառող հանձնաժողովն է: Սակայն կարծես թե նրանք չեն մտածում, որ հնարավոր է` շատ լավ գրողի ոչ այդքան ճիշտ ստեղծագործություն ընտրած լինեն դպրոցական ուսումնական ծրագրի համար: Նրանց թվում է նաև հանրակրթության հարցերով զբաղվող նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Իր հարցազրույցներից մեկում փոխանախարարը նշում է, որ ժամանակակից հեղինակները թույլ են տալիս բացահայտել մեր լեզվի նոր շերտերը: «Եթե մենք ուզում ենք, որ հայերենը դառնա հետաքրքիր երեխաների համար էն իմաստով, որ նրանք դա ոչ միայն սովորեն մի բան, որ պարտավոր են սովորել, այլ նաև հասկանան, որ լեզուն հետաքրքիր է, լեզվամտածողություն է», - ասում է Ժաննա Անդրեասյանը: Հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի Ժաննա Անդրեասյանը, երբ 2018 թվականից հետո ատելության խոսքը, հայհոյանքը, վիրավորանքը դարձել են առօրյա խոսակցական լեզվի անբաժան մասնիկը: Բայց եթե աշակերտները չեն սովորելու ճիշտ խոսելաձևը հենց դպրոցում, ապա ինչպես ենք պահանջելու նույն աշակերտից տվյալ գրական և լեզվական գիտելիքները:

Այս ամբողջ խառնաշփոթից էլ ստացանք այն, որ հեղինակազրկվեցին և պարսավանքի արժանացան ժամանակակից գրողները, իսկ դպրոցական ուսումնական ծրագիրը, դեռ դասարան չմտած, ձախողվել է: Իսկ նախարարը շարունակում է մեղադրել նախկիններին և անտեղի քաղաքականացնել խնդիրը:

  • Հայոց պատմություն

Գրականությունից հետո ամենաքննարկված առարկան, որի ծրագիրը ևս խնդիրներ է հարուցել, «Հայոց պատմությունն» է:

Մասնագետները պնդում են, որ առարկայի ծրագրի մշակման հիմքում դրված են արտասահմանյան կրթական ծրագրերը, մի կողմ են դրվել հայկական կրթական համակարգում մինչ օրս բարեհաջող օգտագործված օրինակները: Արդյունքում ստեղծվել է խառնաշփոթ, քանի որ ներդրված ծրագիրը չի համապատասխանում առարկայի բովանդակությանը:

Դեռևս հուլիսի 22-ին Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել էր իր դիտարկումները և արձանագրած խնդիրները:

Պատմաբանները մատնացույց են անում մեծ մանիպուլյացիայի մասին: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ քննարկումների ժամանակ  ոլորտային պատասխանատուները հայտարարում էին, որ առարկան միացվելու է Հայոց պատմությանը, իսկ դասաժամերը պահպանվելու են: Սակայն այսօր պատմաբանները արձանագրում են, որ ժամերի այն քանակությունը, որը պետք է ավելանար «Հայոց պատմություն» առարկային, բավարար չէ, և չի համապատասխանում: ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը այն համոզման է, որ Նախագծում արտացոլված չէ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրումը Հայոց պատմության մեջ ո´չ բովանդակային առումով, ո´չ էլ ժամաքանակով։ Ներկայումս «Հայոց պատմություն» առարկան հիմնական դպրոցում դասավանդվում է 204 ժամով, իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 132 ժամով։ Միավորման պարագայում կստացվեր 336 ժամ, մինչդեռ ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 255 ժամ։ Ավագ դպրոցում «Հայոց պատմությունը» ներկայումս անցնում են 170 ժամով, «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 68 ժամով։ Ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 172 ժամ, այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմության» ժամերն «անհետանում» են․․․ Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, ամբիոնը գտնում է, որ նշված երկու առարկաների միավորումը սխալ գաղափար էր, քանի որ դրանք ունեն տարբեր խնդիրներ և նպատակներ։

Պատմաբանները ահազանգում են, որ խախտվել է նաև պատմության ժամանկաագրական հաջորդականությունը, խառնվել են կամ բաց են թողնվել բազմաթիվ թեմաներ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշում է, որ կրթության այս չափորոշիչները տանում են փակուղի, ազգային նկարագիր ձևավորելու առումով այս դասագրքերը առ ոչինչ են: Փաստացիորեն այսօր ոլորտի կայացած և հեղինակավոր մասնագետները փաստի առաջ են կանգնած. նրանց հետ չեն քննարկվել, նրանց կարծիքը չեն հարցրել:

Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը կատարում է իր «խոստումը». մի տարի առաջ նա հայտարարում էր, որ չի թույլատրել պատմության դասագրքերի հրատարակումը, քանի որ դրանք փոփոխությունների կարիք ունեն: Թե ինչ բովանդակության կլինի հայոց նորագույն պատմությունը, կռահելը դժվար չէ:

Այսպիսով, հայկական կրթական համակարգի մի քանի ասպեկտներ քննարկելով` հանգում ենք այն եզրակացությանը, որ կրթական քաղաքականությունը որոշող այսօրվա գործիչները արհամարհում են հայկական կրթական համակարգի ազգային յուրահատուկ հիմքերը, չունեն հստակ ազգային գաղափարախոսություն` այն կրթության միջոցով հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու, գրագետ հանրություն ձևավորելու համար: Ընդհակառակը, քանդելով կրթության հիմքերը` նրանք հետևողականորեն քանդում են նաև պետության հիմքերը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն