Համակարգային փոփոխություններն այդպես էլ չմտան քրեակատարողական հիմնարկներ. ինչու չեն աշխատում Արտակ Զեյնալյանի փաստարկները

article-image

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իշխանափոխության գործընթացը հասարակության մեջ մեծ հույսեր արթնացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան համակարգային փոփոխություններ տարբեր ոլորտներում։

Թերևս ամենախնդրահարույց ոլորտը, որտեղ խորքային փոփոխությունների անհրաժեշտությունն անվիճելի է, արդարադատության համակարգն է՝ դատարաններով և քրեակատարողական հիմնարկներով հանդերձ:

Իշխանափոխությունից անցել է մեկ տարի, սակայն այս համակարգում փոփոխությունները ոչ միայն նկատելի չեն, այլ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, համակարգային բարեփոխումների մասին խոսք անգամ լինել չի կարող: Խնդիրները չեն ստանում իրենց ախտորոշումները, այդ իսկ պատճառով էլ դրանք լուծումներ չեն ստանում:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հաճախ մեղադրում են այն բանի համար, որ նա փոփոխություններ չի նախաձեռնում համակարգում, քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է կոռուպցիան, դատապարտյալները և վերջիններիս հարազատները պարբերաբար հայտարարում են հիմնարկներում տեղի ունեցող անարդարությունների մասին, շարունակվում են հացադուլների և քրեակատարողական հիմնարկներում մահացությունների դեպքերը։ Ասվածը հիմնավորվում է քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ հարուցվող քրեական գործերի, տարբեր վիճակագրական տվյալների ուսումնասիրություններից։

Սակայն Արտակ Զեյնալյանը չի կիսում այս տեսակետը։ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին Զեյնալյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումները մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանալու տեսլական ունեն:

Այնինչ փաստերը խոսում են Արտակ Զեյնալյանի դեմ:

2019 թվականի հունվարի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, ով 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր գտնվում:

Ապրիլի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման և պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու արատավոր պրակտիկան։ Մայիսի 10-ին էլ Պաշտպանի գրասենյակի կողմից «Վարդաշեն» ՔԿՀ-ում դարձյալ արձանագրվել են մի շարք խախտումներ:

Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման համար դեռևս 2017թ. դեկտեմբերի 4-ին նախատեսվել էր «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, որի նպատակը Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելն է։

ՀՀ կառավարությունը 2018 թ. մարտի 1-ին կենտրոնի գործունեության սկիզբ էր սահմանել 2018 թ. հունիսի 1-ը, սակայն 2018թ. հունիսի 28-ի Քրեակատարողական բժշկության կենտրոնի գործունեության սկիզբը հետաձգեց մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը, այնուհետև՝ 2019 թ. հունվարի 15-ը: Ստացվում է, որ Կառավարությունը այս պարագայում դարձյա հապաղել է:

Չնայած Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 2019 թ. հունվարի 15-ից, Քրեակատարողական բժշկության կենտրոնը փաստացի գործունեություն չի իրականացնում, իսկ բժիշկների անկախության ապահովվման երաշխիքները ապահովված չեն:

Բացի այդ, 2018թ. շարունակել է թափուր մնալ քրեակատարողական հիմնարկներում բժշկական հաստիքների հիմնական մասը: Նախատեսված 162 բժշկական հաստիքներից թափուր են 43.5-ը (մոտ 26.85%)։ Նախորդ տարվա համեմատ թափուր բժշկական հաստիքների աճ է արձանագրվել. 2017 թ. առկա է եղել 39 թափուր հաստիք:

2018թ. «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում տևական ժամանակ համալրված չեն եղել նախատեսված բժիշկների հաստիքները՝ հիմնարկներում բացակայել են բժիշկ-մասնագետները:

2018 և 2019 թվականներին տարբեր քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են նաև հացադուլ և ջրադուլ հայտարարելու բազմաթիվ դեպքեր, որոնք, ըստ որոշ վիճակագրական տվյալների, գերազանցել են 2017 թվականին արձանագրված դեպքերը։

Ապրիլի 23-ի ԱԱԾ-ի բացահայտումից մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 19-ին, Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ քրեակատարողական հիմնարկներում վաղուց արդեն կանխիկ փողի շրջանառություն չեն նկատում: Մի քանի օր անց Զեյնալյանն ասել էր նաև, որ իրենք ամեն օր հայտնաբերում են շատ ավելի շատ քանակով հեռախոս և wi-fi սարք, քան այդ օրը (ապրիլի 23-ին) բացահայտվել է:

Սրան գումարվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, որով վերջինս արձանագրել է, որ շարունակվում են համակարգային խնդիրները ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման, գերբնակեցման, խցերում անհավասար տեղաբաշխման, պատժախցերի և կարանտինային բաժանմունքների պահման պայմանների, պատշաճ սննդի ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, կրթության իրավունքի ապահովման, աշխատանքի և զբաղվածության, քրեակատարողական հիմնարկներում մահվան, ներառյալ՝ ինքնասպանության դեպքերի և ինքնավնասումների կանխարգելման և բազմաթիվ այլ հարցերի հետ կապված։

Եվ սա այն դեպքում, երբ 2018-2019 թվականներին փոխվել են գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, և նշանակվել են նորերը։ Միայն երկու քրեակատարողական հիմնարկներում են («Երևան-Կենտրոն», «Կոշ») պաշտոնավարում դեռևս 2015 թվականից նշանակված պաշտոնյաները։

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ մեկ տարվա ընթացքում, ի հեճուկս Արտակ Զեյնալյանի և նրա հայտարարությունների, արդարադատության ոլորտում՝ մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն դրական համակարգային փոփոխություններ չեն եղել, ինչպես պնդում է նախարարը, այլ որոշ դեպքերում ոլորտը բավական հետընթաց է արձանագրել: Եթե ներկա իշխանությունների պնդմամբ  ՔԿ հիմնարկների վատթար վիճակը պայմանավորված է եղել նախկին իշխանությունների կադրային քաղաքականությամբ, ապա որն է այսօր ոլորտում ճիշտ քաղաքականություն վարելու գլխավոր խանգարող հանգամանքը, և ինչ քայլեր են անհրաժեշտ տեսանելի բարեփոխումների համար:

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն