Պարետի որոշումները մինչև մայիսի 7-ն իրավական հիմք չեն ունեցել. սահմանադրագետ. Pastinfo.am

article-image

«Pastinfo.am»-ն գրում է.

«Արտակարգ դրության ժամանակ մի շարք սահմանափակումների արդյունքում մարդկանց և իրավաբանական անձանց վրա նոր, լրացուցիչ պարտավորությունները, որոնք հանգեցնում են նաև ֆինանսական ծախսերի, ենթակա են փոխհատուցման։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Սահմանադրագետի խոսքով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անհատական պաշտպանության միջոցների ապահովումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները. «Այս դեպքում ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակում ֆիզիկական անձանց վրա չպետք է լիներ այդ անհատական պաշտպանության միջոցը ձեռք բերելու պարտականությունը։ Այստեղ ուրիշ խնդիր ունենք, որ բավականին լայնամասշտաբ կերպով մարդիկ տուգանվում են։ Սահմանադրությամբ ունենք վնասի հատուցման իրավունք, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքում նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք»,-ասաց Գոհար Մելոյանը։

Սահմանադրագետն այստեղ իրավաչափության խնդիր է տեսնում, քանի որ նրա խոսքով արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը նախկինում նախատեսել էր պարետի ինստիտուտ, սակայն պարետի ինստիտուտի համար արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին միայն ապրիլի 29-ին ԱԺ-ում հրավիրված նիստում, որի ժամանակ էլ նախատեսվեց պարետի կողմից որոշում ընդունելու հնարավորությունը. «Մարտ ամսից մեր երկրում արտակարգ դրություն էր հայտարարված, պարետի կողմից մի շարք որոշումներ էին ընդունվել, սակայն միայն մայիսի 7-ին ապրիլի 29-ին ընդունված օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտան։ Այսինքն` որպես օրենք իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրը, սակայն, ավելի լուրջ է, որովհետև անգամ իրավական հիմքի բացակայության պարագայում էլ, երբ օրենքում փոփոխություններ կատարվեցին և պարետին նորմատիվ ակտ ընդունելու հնարավորություն տրվեց, այս պարագայում նույնպես խնդիր է առկա։ Միայն սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։ Պատահական չէ, որ նախկինում արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, նախատեսելով պարետի ինստիտուտը, չէր նախատեսել նրա կողմից որոշումներ ընդունելու հնարավորությունը»,-ասաց սահմանադրագետը։

Վերջինս ընդգծեց՝ վարչարարության տեսանկյունից պարետի բոլոր որոշումները ենթակա են վիճարկման և այս համատեքստում յուրաքանչյուր ոք հատուցման իրավունք ունի։ Հետևաբար` քաղաքացիները կարող են բողոքարկել Վարչական դատարան։ Գոհար Մելոյանը համոզված է՝ նորմալ հայցադիմում ներկայացնելու դեպքում այդ բողոքը կբավարարվի։ Այսպիսով` ստացվում է՝ կառավարության որոշմամբ հայտարարվել է արտակարգ դրություն, այնուհետև այս ամբողջ ընթացքում դրանից բխող հարցերը կարգավորվել են պարետի որոշումներով, որոնք մինչև մայիսի 7-ն ընդհանրապես իրավական հիմք չեն ունեցել։

Քաղաքացիները կարող են բողոքարկել պարետի որոշումը, որը հնարավոր է հիմք է հանդիսացել իրենց պարտադրելու X քանակի գումար ծախսել այս ամբողջ ժամանակահատվածի համար և դիմակ ձեռք բերել. «Այստեղ իրավիճակը երկու մասի է բաժանվում, այսինքն` այն անձանց շրջանակը, որոնք արդեն իսկ տուգանվել են և բողոքարկում են հատուցում ստանալու նպատակով և երկրորդ հատվածն էլ նորմատիվ ակտի գոյության փաստն է, որի հիման վրա անձանց պարտադրում են կոնկրետ գործողություններ իրականացնել»,-հավելեց սահմանադրագետը»։

 

Աղբյուր` Pastinfo.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն