Արայիկ Հարությունյանը չգիտի Հայոց պատմությունը. Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» վերաբերյալ նամակը կեղծ է

article-image

Հուլիսի 30-ին «Yerkir.am» կայքում ««Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում» վերտառությամբ հետաքննական հոդված էր հրապարակվել, որում խոսվում էր հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի հեղինակների՝ Թուրքիայի հետ կապի մասին: Ըստ «Yerkir.am»-ի հետաքննության` նոր չափորոշիչները հիմնականում պաշտպանվում են հասարակական շրջանակների այն ներկայացուցիչների կողմից, ովքեր բացահայտորեն կամ քողարկված կերպով զբաղվում են ԼԳԲՏ համայնքի քարոզով կամ իրավունքների պաշտպանությամբ, ակտիվ համագործակցություն ունեն «Բաց հասարակության հիմնադրամների» հետ, ընդգրկված են թուրքական և Թուրքիայի հետ սերտորեն առնչվող մի շարք ծրագրերում, հաճախ ակտիվորեն դատապարտում են կամ ծաղրում ազգային ավանդույթները, ազգային դաստիարակչական ծրագրերը՝ փոխարենը քարոզելով կեղծ խաղաղասիրություն, աշխարհաքաղաքացիություն, համաշխարհայնացում և այլն:  Բացի այդ, վերոհիշյալ շրջանակները ամենաակտիվ կերպով ներգրավված են չափորոշիչների մշակման մեջ՝ որոշ առարկաների պարագայում էլ գլխավորում կամ համակարգում են թիմի աշխատանքները:  

Անդրադառնալով «Yerkir.am»-ի ղեկավար կազմին՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, և հրապարակված ոչ իշխանահաճո հրապարակմանը, երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի աջակցություն չափորոշիչ մշակողների, ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, թե Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող և Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում:

«Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը: Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ ձեր աղմուկից»,- գրել է Հարությունյանը:

 

 

Արայիկ Հարությունյանին օգնության էին հասել կեղծ օգտահաշիվները, որոնք Հարությունյանի խոսքերը «հիմնավորելու» համար վերջինիս գրառման տակ տարածում էին պատմաբան Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» մենագրությամբ շրջանառության մեջ դրված Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» վերաբերյալ նամակը, որի իսկությունը արխիվային փաստաթղթերով և զորավար Անդրանիկի կենսագիրների գրքերով չի հաստատվել:  

Տարածվող նամակում մասնավորապես գրված է:

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեզ վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի

Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.»:

 

 

Անդրադառնալով տարածվող նամակին` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասել է, որ չի հանդիպել նման նամակի: «Կարող է շինծու փաստաթուղթ լինել»,- նշել է Մելքոնյանը:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի գնահատմամբ` նամակը կեղծիք է՝ առանց որևէ կասկածի: Վերջինիս խոսքերով` դեռևս խորհրդային ժամանակներում որոշ պատմաբանների կողմից շրջանառության մեջ դրված այս նամակը իրականության հետ որևէ կապ չունի։ «Այդ կեղծ նամակում նշված է, թե ստորագրողներից մեկը Քաջազնունին է, այնինչ այդ ժամանակ Քաջազնունին գտնվում էր Թբիլիսիում։ Հուլիսի 19-ին է նա Թբիլիսիից շարժվել դեպի Երևան։ Այսինքն՝ այդ հեռագիրը լինել չէր կարող», - նշել է Վիրաբյանը: Անդրադառնալով նամակը «ստորագրած»  Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր Արամ Փաշա Մանուկյանին, Վիրաբյանը հայտնել է, որ Արամ Փաշան երբեք զինվորական մինիստր չի եղել և այդ ժամանակ Մանուկյանն ընդամենը ներքին գործերի մինիստր էր և գտնվում էր Երևանում: Նամակի ներքո «ստորագրություն» թողած  Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ Սահակյանին անդրադառնալով էլ` Վիրաբյանը հայտնել է. «Կառավարության խորհրդի նախագահ չէ, նա եղել է պառլամենտի նախագահ՝ օգոստոսի 1-ից»:  

Տարածվող նամակին նաև անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով նշել է, որ նամակը կեղծ է տարածվել է կուսակցությանը վարկաբեկելու համար:

Պատմական փաստերը վկայում են, որ հուլիսի 17-ին Արամ փաշան գտնվում էր Երևանում, իսկ Սահակյանը և Քաջազնունին՝ Թբիլիսիում, հետևաբար՝ տարածվող նամակը գոյություն ունենալ չէր կարող:

Կարող ենք փաստել, որ ապատեղեկատվության հոսքից բողոքող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի տիրապետում Հայոց պատմությանը, և լավ կլիներ, որ նախարարը սկսեր Հայոց պատմություն ուսումնասիրել և չզբաղվեր ապատեղեկատվության տարածմամբ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը